×


Մաուրիցիո Կատելանի տարօրինակ արվեստանմուշները՝ Փարիզում

Ժամանակակից արվեստի այս քաոսային աշխարհում կա մի անուն, որն առաջացնում է մարդկային ամեն տեսակի արձագանք: Իտալացի Մաուրիցիո Կատելանի արվեստը չափազանց տարօրինակ է, ինչպես եւ ինքը` արվեստագետը: 1996 թվականին Ամստերդամում մի ցուցահանդեսի ժամանակ նա գողանում է հարեւան ցուցասրահում ներկայացված մեկ այլ արվեստագետի աշխատանք, փաթեթավորում այն եւ ներկայացնում որպես իր ուրույն արվեստանմուշ` տալով  «Հերթական գրողը տարած ռեդիմեյդը» անվանումը: Նյու Յորքում նա բացում է ցուցասրահ` անվանելով այն  «Սխալ ցուցասրահ», ի դեպ վերջինիս դռները բացման օրվանից փակ են եւ կրում են  «Հեռու կորեք, մենք փակ ենք» ցուցանակը:

Մաուրիցիո Կատելանի փարիզյան ցուցահանդեսին


2011 թվականին Կատելանը, ի ուրախություն շատերի, որոշում է հեռանալ արվեստի դաշտից` հայտարարելով «Երբեմն ոչինչ չստեղծելու ընտրությունն ավելի կարեւոր է, քան նոր բան ստեղծելու որոշումը»: Այսպիսով, Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանում 2011 թվականի «Ամենը» խորագիրը կրող ցուցահանդեսը փակում է աղմկահարույց արվեստագետի ստեղծագործական ուղին: Բայց հինգ տարի անց Մաուրիցիո Կատելանի մուսան, հավանաբար, վերադառնում է, եւ նա որոշում է կազմակերպել Եվրոպայի իր մեծագույն եւ կարեւորագույն ցուցահանդեսը: Փարիզի «Monnaie de Paris» թանգարանում 2016 թվականի հոկտեմբերին բացվել է «Չեմ վախենում սիրուց» հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ներգրավված են արվեստագետի վերջին 20 տարվա նմուշները.«Վատ կամ լավ, արդեն կարեւոր չէ, այս ցուցահանդեսն իմ ահեղ դատաստանն  է, առանց դատավորի»,-մեկնաբանում է արվեստագետը:

Մաուրիցիո Կատելանի փարիզյան ցուցահանդեսին


Ի դեպ, նախքան փարիզյան ցուցահանդեսը, 2016 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանում ցուցադրվել է Կատելանի հեղինակած «Ամերիկա» կոչվող արվեստանմուշը՝ 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը: Կատելանը կոչ էր անում թանգարանի այցելուներին օգտվել արվեստանմուշից իրենց հայեցողությամբ: Ի տարբերություն մյուս արվեստի գործերի, որոնց դիպչելը, սովորաբար, արգելվում է, «Ամերիկա» նմուշի հետ այցելուն կարող է մնալ մեն-մենակ եւ անել այն ամենն, ինչ ցանկանում է: Մնում է միայն գուշակել, թե այդ «արվեստառատ» քայլը հարգանքի տուրք է Մարսել Դյուշանի՞ն, թե՞ Միացյալ Նահանգների տիրող իրականությանը:    

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին