×


Մասիս Հունանյան.“Շատ էի հուզվում, բայց դրանից ադրենալին էի ստանում”

“ժողովրդական երգիչ” հեռուստանախագծից հայտնի Մասիս Հունանյանը երեկ` մայիսի 14-ին, “Արամ Խաչատրյան” մեծ համերգասրահում հանդիսատեսին պարգեւել է ժողովրդական երգերով լեցուն երեկո: “Ժպտում եմ, որովհետեւ երգում եմ” խորագիրը կրող իր առաջին մենահամերգից առաջ 20-ամյա երգիչը, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, անչափ հուզված էր:

Մասիս Հունանյանի առաջին մենահամերգին


“Ընկերներս ինձ ամեն հարցում օգնել են, բայց սիրում եմ ինքս տեղյակ լինել ու հետեւել կազմակերպման ընթացքին: Փորձերի ընթացքում անընդհատ մտածում էի, որ հանկարծ երգերի բառերը չմոռանամ, բայց կարողացա լարվածությունը հաղթահարել”, -ասել է նա:

Բլուլի, զուռնայի, քամանչայի, դուդուկի, կիթառի, դհոլի, թառի, քանոնի եւ մյուս գործիքների կենդանի նվագակցությամբ, պարային խմբերի եւ բեք-վոկալիստների ձայնակցությամբ երգիչը երկու մասից բաղկացած համերգին կատարել է մոտ 20 երգ:

Ալլա Լեւոնյանը եւ Մասիս Հունանյանը


Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Մասիսը, մանկուց երգելով, ընտրել է ժողովրդական երգի ուղին: Նա համերգին հնչեցրել է իրեն հոգեհարազատ աշուղական ու ժողովրդական երգեր` “Խորոտ յար ջան”, “Վարդ սիրեցի”, “Արծիվ, սլացիր”, “Հայուհի գեղեցիկ”, “Իմ Ջավախք”, “Իմ սիրո հասակ”, “Լուսնյակ է յարս”, “Հայրենիքիս ջուրը” եւ այլ գործեր: Աշուղ Աշոտի “Մոր սերը” երգի կատարման ժամանակ երիտասարդը ծաղիկներ է նվիրել դահլիճում ներկա իր մայրիկին, իսկ Կոմիտասի “Հորովելը” երգել է Արսեն Գրիգորյանի` Ասոյի եւ Մխիթար Քեթցյանի հետ:

Ծննդով Ջավախքից երգչին քաջալերելու էին եկել ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ ընկերներն ու մտերիմները: Համերգավար Գրիշա Աղախանյանը ողջունել է դահլիճում ներկա ջավախքցիներին.“Մեր հաջորդ երգը դուր կգա հատկապես նրանց, ովքեր Ջավախքից են: Այն հնչում է առաջին անգամ, հեղինակը` Հարություն Կարախանյանը, նույնպես դահլիճում է: Վայելենք “Ջավախք”-ը` ջավախքցու կատարմամբ:)”:

Գրիշա Աղախանյանը


Աշուղ Նազելիի “Յար կուզեմ” երգը Մասիսը կատարել է Ալլա Լեւոնյանի հետ: Երգչուհին նրան բացահայտել ու ճանաչել է “Ժողովրդական երգիչ” նախագծի ընթացքում, երբ եղել է ժյուրիի կազմում: Երեկ նրանք առաջին անգամ են զուգերգ կատարել.“Մասիսին համակրում եմ, բեմական եւ լավ երիտասարդ է: Եթե իր կողմից նոր զուգերգ երգելու առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ”:

Մասիսը նշել է, որ պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի հետ մենահամերգին նախապատրաստվել են մոտ երեք ամիս` ստանալով “Ջավախք” հայրենակցական միության աջակցությունը.“Ակնկալիքներս արդարացել են: Շատ էի հուզվում, բայց դրանից ադրենալին էի ստանում: Պատասխանատու օր էր, կարծում եմ` դահլիճին փոխանցեցի իմ տրամադրությունը, նրանցից էլ ջերմ էներգիա ստացա: Այնքան ուրախ էի, որ հանդիսատեսի շարքում Ջավախքից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր կային”:

Տեքստը` Մարի Իսայանի
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW