×


Մարի Աքսելն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության մասին

Մոդել Մարի Աքսելը շարունակում է դիզայների կարիերան։ Նա արդեն հասցրել է ներկայացնել մի շարք հավաքածուներ եւ դառնալ ռուսական շուկայում ճաշակ թելադրողներից մեկը։ Մարիի զբաղվածությանը գումարվել է նաեւ դիզայներական առցանց խանութի աշխատանքները, սակայն ի տարբերություն գործնական կյանքի, անձնականում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ անկեղծորեն պատմել է ամուսնու հետ ունեցած խնդիրների, ամուսնալուծության պատճառների ու երեխաներին միայնակ խնամելու դժվարությունների մասին։

Մարի Աքսելը


-Մարի, վաղուց չենք խոսել։ Ինչո՞վ եք ներկա պահին զբաղվում։ Ի՞նչ նորություններ ունեք։

-Ես շարունակում եմ ակտիվորեն ուսումնասիրել աշխարհը։ Ներկա պահին սովորում եմ Մոսկվայի աստղաբանության ակադեմիայի երկրորդ կուրսում։ Երկար եմ երազել այդ մասին։ Ըստ երեւույթին, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Զբաղվում եմ նաեւ նոր նախագծով՝  ռուս դիզայներների առցանց խանութով (ruspublica.ru)։ Զուգահեռաբար աշխատում եմ կապսուլային հավաքածուիս թողարկման վրա, որը ներկայացված է ոչ միայն իմ առցանց խանութում, այլեւ Մոսկվայի խոշոր առեւտրի կենտրոններում։

-Մոսկվայում ի՞նչ հաջողությունների եք հասել այս տարիների ընթացքում։ Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր նվաճումը։

-Կարծում եմ՝ իմ ամենամեծ ձեռքբերումը երկու հրաշալի երեխաների մայր լինելն է։

Մարի Աքսելը


-Անձնական կյանքում ի՞նչ նորություններ կան։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում չեմ նկատում Ձեր եւ Ձեր ամուսնու լուսանկարները։

-Նա արդեն նախկին ամուսինս է: Մենք բարդ ու լարված հարաբերություններ ունենք:

- Ի՞նչ խնդիրներ կան։

-7 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո ես իմացա, որ իմ ամուսինն ապրում է երկակի կյանքով։ Ընտանեկան կյանքի ու արժեքների նկատմամբ մեր հայացքները չհամընկան։ Տնից անվերջանալի բացակայությունները, ալկոհոլը, դավաճանությունները, երեխաների դաստիարակությանը մասնակցելու ցանկություն չունենալն ու նրանց ֆինանսապես չապահովելը հանգեցրին այս ամենին։ Կայացնելով միակ ճիշտ որոշումն իմ ու երեխաների համար՝ ամուսնալուծության հայտ ներկայացրի։ Ցանկանում եմ այս ամենը որքան հնարավոր է շուտ մոռանալ։

Մարի Աքսելը


-Ի՞նչը չեք կարող ընդունել անձնական հարաբերություններում։

-Դավաճանությունը։ Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, թե ինչպես կարող են այդպես վարվել հարազատ մարդու հետ։

-Ինչպե՞ս եք մեծացնում երեխաներին։ Ինչպիսի՞ մայր եք։

-Ես միայնակ եմ դաստիարակում եւ հոգ տանում իմ երեխաների մասին։ Եթե անկեղծ, այդքան էլ հեշտ չէ ինձ համար։ Երեխաներն ամենամեծ երջանկությունն ու պատասխանատվությունն են։ Ես ամեն օր անում եմ հնարավորը, որպեսզի իմ երեխաները մեծանան սիրո մեջ եւ առողջ միջավայրում։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարի Աքսելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին