×


Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյան.«Եթե չկատարվեն, չեմ նեղվի…»

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» սերիալում, դարձել է BRAVO.am-ի նախատոնական նոր ֆոտոշարքի հերոսուհին: Նա մեզ պատմել է մանկության ամենաքաղցր հիշողության, երազանքների մասին, եւ ոչ միայն:

Տոնին պատրաստվելու մասին

Սիրում, շատ եմ սիրում Ամանորի իրարանցումը՝ տոնածառ զարդարել, նվերներ գնել եւ այլն: Զբաղվածությանս զուգահեռ ժամանակ եմ գտնում նախատոնական պատրաստություններին մասնակցելու համար: Միշտ հասցնում եմ: Ամեն տարի տարբեր եմ զարդարում տոնածառը. փոխում եմ լույսերը, խաղալիքները: Սիրում եմ հարազատներիս համար նվերներ պատրաստել եւ ուրախացնել նրանց:

Մարիամ Ադամյանը


Ես բավական լավ եմ պատրաստում: Ասում են՝ համեղ ձեռք ունեմ: Ժամանակի սղության պատճառով քիչ եմ լինում խոհանոցում, բայց այս տարի էլ մայրիկիս կօգնեմ խոհանոցում. հիմնականում աղցաններ կպատրաստեմ:

Մանկության հիշողություններ

Մեր տանն Ամանորին միշտ բնական եղեւնի էինք զարդարում: Հիշում եմ՝ երբ արգելվեց կտրել, այդ տարի մինչեւ դեկտեմբերի 31-ը տոնածառ չունեինք, եւ միայն երեկոյան հայրիկս բերեց այն: Փոքր-ինչ ծուռ էր ծառը՝ կոտրված ճյուղով: Մայրիկս էլ մեզ հավատացրել էր, որ մեր տոնածառը պարող է: Այդ Ամանորն ամենահիշարժանն էր մեզ համար, իսկ տոնածառը՝ ամենասիրելին ու սպասվածը:

Ամանորի հեքիաթի ու ավանդույթի մասին

Կարծես ավանդույթ է դարձել՝ Ամանորի գիշերը, երբ ձյուն է գալիս, ընտանիքիս հետ երեկոյան զբոսնում ենք: Հավատում եմ Ձմեռ պապիկին: Կա մի ուժ, որ օգնում է իրականանան ամենանվիրական երազանքները: Ինչի մասին շատ ես երազում, տիեզերքը լսում է, զգում է եւ իրականացնում: Պարզապես երազանքները պետք է հերթականությամբ պահել, չպետք է միանգամից վերջինից սկսել՝ ամենից անհավանական թվացողից: Ամեն ինչ քայլ առ քայլ պետք է արվի: Հավատում եմ Ամանորի հեքիաթին: Կեսգիշերին միշտ երազանք եմ մտապահում:

Մարիամ Ադամյանը


Ամփոփում

Նոր տարին իր հետ նոր շունչ է բերում: 2016, 2017 թվականներն ինձ համար բուռն էին: Եղել են բաներ, որոնք մինչ այդ չեն պատահել: Գոհ եմ անցնող տարուց:

2018-ից ակնկալիքների մասին

Իմ սիրելի կենդանու տարին է: Նշանակում է՝ իր հետ խաղաղություն, ներդաշնակություն է բերելու: Ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու: Մի քանի նպատակ, երազանքներ ունեմ, որոնք կցանկանայի իրականացնել: Եթե չկատարվեն, չեմ նեղվի, կիրականանան 2019 կամ 2020-ին:

Ամենակարեւոր երազանքս սահմանի խաղաղությունն է: Թեպետ իմ ցանկությունից կախված չէ, բայց, իսկապես, ուզում եմ, որ ոչ մի մայր որդու կորուստ չտեսնի:

Մարիամ Ադամյանը


Նախապաշարմո՞ւնք, թե՞ նորաձեւություն

Ամանորն այս կամ այն երանգի զգեստով դիմավորելու մոլուցք չունեմ: Նախապաշարմունք է դա, թե նորաձեւություն, էական չէ. կրում եմ այն, ինչ ինձ հարմար է:

Նոր տարին դիմավորելու սիրելի վայրի մասին

Միշտ տանն եմ դիմավորել ու այս տարի էլ տանը կնշեմ: Այն ինձ համար ընտանեկան տոն է: Սակայն, եթե առիթ լինի, օրինակ, Իտալիայում դիմավորել, չեմ հրաժարվի:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումներն իրականացվել են Art Flor Design խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին