×


Մարիամ Ղազանչյանն ընտանեկան լուսանկարներ չհրապարակելու կարեւոր պատճառ ունի

Պատանի հանդիսատեսի թատրոնի ետնաբեմում խառնաշփոթ էր. ներկայացման հերթական փորձը արտիստներին կրկին միավորել էր: Հոգնածությունն ամենեւին էլ չէր «տապալել» երիտասարդ դերասաններին: Նրանց եռանդն այնքան անհուն էր, որ մի քանի ժամանոց փորձին դեռ կարող էին դիմադրել: Ինչպես հանդիսատեսի առջեւ խաղալն է հետաքրքիր, այնպես էլ` դրան նախապատրաստվելը: Զգեստափոխվելուց հետո հենց փորձասրահում էլ դերակատարներից մեկի` Մարիամ Ղազանչյանի հետ որոշեցինք զրուցել թատրոնի անցուդարձի ու իր առօրյայի մասին:

Մարիամ Ղազանչյանը


-Դեռ օրորոցում ծանոթացել եք թատրոնի կյանքին: Մասնագիտության ընտրության առաջ կանգնե՞լ եք, թե՞ դերասանուհի դառնալու ձգտումն անխախտ էր:

-Միանշանակ, անխախտ էր, որովհետեւ, իսկապես, մեծացել եմ կուլիսներում ու ներկա եղել բոլոր ներկայացումներին: Չեմ կարծում` այդքանից հետո կարող էի իրավաբան դառնալ: Հայրիկս փորձում էր շեղել` «լեզուներ սովորիր, այս սովորիր, այն սովորիր»:

Ես, իհարկե, սովորեցի, բայց դերասան դառնալու որոշումն անխախտ մնաց: Դե… նա էլ էր մեղավոր. երեքուկես տարեկանում ինձ դեր տվեց. ասմունքում էի Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացման մեջ, որը Գյումրու թատրոնում էր բեմադրվել:

Թատրոնն արմատանում է մեջդ, նրանից պոկվելն անհնար բան է:

-Այսօր, երբ երիտասարդները սիրում են եթերում երեւալ, հայտնի լինել, Ձեզ հեռուստատեսային նախագծերում չենք տեսնում: Ինչո՞ւ:

-Սերիալներից, սիթքոմներից անընդհատ հրավերներ էի ստանում: Այնքան մերժեցի, որ այլեւս չեն զանգում: Երկու` Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնյանի անվան թատրոններում աշխատանքը հեռուստատեսային նկարահանումների հետ համատեղել չեմ կարող:

Իսկ երեւալն այսօր բնավ էլ դժվար բան չէ: Այն փոքրիկ հանդիսատեսը, որ ունեմ, ինձ բավարար է: Նրանք այն մարդիկ են, որոնց դուր է գալիս թատրոնը:

-Մինչ տեղ կհասնեի, փորձեցի հասկանալ, թե որքանով է քաղաքը ճանաչում Ձեզ: Շատերը չէ, որ գիտեն Մարիամ Ղազանչյան անունը: Ցավեցնող փաստ չէ՞ դերասանուհու համար:

-Գիտեք, չեմ նեղվում, իմը թատրոնն է: Հաճախ ճանաչում են ինձ ներկայացումներից. ասում են` Դուք Էլիզայի դերակատարն եք: Ճիշտ է` նրանք քիչ են, բայց կան:

Երբ իմանում են` դերասանուհի եմ, հարցնում են` ինչու սերիալներում չեն տեսնում ինձ: Ուրեմն, եթե դերասանուհի ես, պետք է անպայման սերիալներում երեւալ, չե՞ս կարող միայն ներկայացումներում խաղալ:

Մարիամ Ղազանչյանը


-Հայրիկի հետ աշխատելն առավելությո՞ւն է, թե՞, հնարավոր է, խանգարող հանգամանք է:

- Սկզբում, երբ սկսեցի աշխատել թատրոնում, հայրս չէր մոռանում, որ իր դուստրն եմ, ես էլ չէի մոռանում, որ նա իմ հայրն է: Բայց վաղուց արդեն ես իր համար դերասանուհի եմ, նա էլ ինձ համար ռեժիսոր է: Միասին աշխատում ենք առանց բարդույթների: Իր բնավորության համաձայն` հայրս երբեք ընտանիքը չի տեղափոխում աշխատավայր: Ինձ միշտ ասում է, որ երբ ընտանիքն ու աշխատանքը միավորում ես, ոչ մեկն է ստացվում, ոչ էլ` մյուսը:

- Կարծես` խիստ կերպար է Ձեր հայրը` Հակոբ Ղազանչյանը:

-Ես կասեի` խիստ ղեկավար է: Երբ ինչ-որ բան փորձի ժամանակ դուր չի գալիս, ամբողջ ուժով գոռում է, իսկ հետո բարկացած բղավում` նորի´ց: Արդեն սովորել ենք. հանգիստ, գլուխներս կախ լսում ենք ու նորից սկսում փորձը:

- Շատ քաղաքներում եք եղել, ներկայացումներով հանդես եկել: Անգամ թուրքական բեմում եք խաղացել: Ո՞ր հանդիսատեսն է ավելի ջերմ, արվեստասեր` հա՞յ, թե՞ այլազգի:

- Տարբեր են: Ես սիրում եմ մեր` երեւանյան հանդիսատեսին, որովհետեւ, եթե նրանց ցույց ես տալիս լավ ներկայացում, մեծ հետաքրքրությամբ դիտում են: Բայց չեմ վախենա ասել, որ այլ երկրներում հանդիսատեսը կրթված է գալիս թատրոն: Իրենք գիտեն են` ինչ պիես են դիտում: «Մարսել» մոնոներկայացմամբ շատ երկրներում եմ եղել: Այնտեղ մարդիկ գիտեն էդիթ Պիաֆին, իսկ եթե անգամ ծանոթ չեն Պիաֆի կյանքին, վստահ եմ, որ «Google»-ում փնտրում են, ծանոթանում, նոր գալիս ներկայացումը դիտելու: Նույնը կուզեի տեսնել այստեղ` իմ երկրում, կուզեի` մարդիկ լինեին կիրթ:

Ես զգում եմ` դահլիճում նստածներն ինձ հասկանում են, թե պարզապես նայում են:

Մարիամ Ղազանչյանը


-Պատահո՞ւմ է, որ ներկայացման կեսից հանդիսատեսը դահլիճից դուրս գա:

- Չեմ հիշում այդպիսի դեպք: Բայց ավելի լավ է` դուրս գան, քան հեռախոսով խաղ խաղան:

-«Մարսել» մոնոներկայացման մեջ հրաշալի երգում եք: Երգելու շնորհը որտեղի՞ց Ձեզ:


- Երկար տարիներ պարապել եմ, սիրում եմ երգել: Իսկ «Մարսել» ներկայացման մեջ երգն ավելի շատ խաղում եմ, քան երգում:

-Լի՞քն է այսօր թատրոնի դահլիճը: Հանդիսատեսն ավելացե՞լ, թե՞ կրճատվել է:


-Այնքան լիքն է լինում, որ երբեմն ստիպված ենք լինում աթոռներ ավելացնել: Երկու թատրոնում եմ աշխատում, երկուսում էլ հանդիսատեսի պակաս չենք զգում:

-Կա՞ ներկայացում, որ խորհուրդ կտաք անպայման դիտել:

-Բոլոր ներկայացումները հայկական թատրոններում:

-Կա՞ կերպար, որ երբեք չեք ընդունի ու չեք խաղա:

-Այդ մասին չեմ մտածել: Երբ ուսանող էի, շատ էի ուզում «Կարմեն» խաղալ: Բայց հիմա չկա կերպար, որի մասին երազում եմ: Իսկ երբ այնպիսի դեր ես խաղում, որն իսկապես դառնում է քոնը, թվում է, թե ամբողջ կյանքում երազել ես հենց այդ կերպարի մասին:

Մարիամ Ղազանչյանը


-Գիտեմ, որ Ձեր դուստրը` Նարեն, նկարել է սիրում: Վրձի՞նն է իշխում տանը, թե՞ սցենարական թղթերի կապոցները:

-Մեր տանը խենթությունն է իշխում: Դուստրս սովորում է հարվածային գործիքներ նվագել, եւ մենք ամբողջ օրը թմբկահարվում ենք:):

-Տարածված կարծրատիպ է, որ բեմի մարդկանց անձնական կյանքը հարթ չի լինում: Ինչո՞ւ:

-Կայացած մարդը պետք է ապրի կայացած մարդու հետ: Երբ մեկը միջակություն է, կամ հրաժարվում է մասնագիտությունից, կամ նրանք բաժանվում են: Պետք է կարողանալ ուրախանալ կողակցիդ համար, ու կյանքումդ ամեն ինչ կլինի կատարյալ: (Մարիամի ամուսինը դերասան, ռեժիսոր Կարո Բալյանն է,-հեղ.):

Հաճախ հարցնում են` ինչու ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում, գուցե խնդիր կա: Բայց այն, ինչ կոչվում է անձնական, պետք է հրապարակային չդարձնել: Հարցնողներն էլ հասկացան, որ նկարներ չեմ գցում, որովհետեւ իմ կյանքում ամեն բան լավ է, այ, երբ կգցեմ, ուրեմն դժբախտ եմ( ծիծաղում է-հեղ.):

Մրցանակների մասին խոսելիս Մարիամն ասաց, որ մրցանակամոլ չէ, իսկ բուռն առօրյան չի խանգարում հասցնել տան գործերը, խոհանոցում էլ կեղտոտ ափսեներ չի թողնում: Ամեն ինչ հասցնում է:

Հ.Գ. Թատրոնից դուրս գալը, իսկապես, դժվար է: Մութը վրա էր տվել, ավարտվել էր իմ ու Մարիամի աշխատանքային օրը, բայց զրույցը երկարում էր փորձասրահում…

Զրուցեց Լիանա Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին