×


Մարիամ Մաթոսյան. Հեքիաթային ձայնով հայուհին Վանկուվերից

Մարիամ Մաթոսյանին շատերը չգիտեն Հայաստանում, սակայն բավական է լսել նրա կատարումները, եւ անհնար կդառնա նրա արվեստով չտարվելը:
Քաղցրահունչ ձայնով երգչուհին ծնվել է Վանկուվերում այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Կատարում է հայկական ազգային երաժշտություն: Կատարումների ժամանակ էլ նախնիների պատմություններից է պատմում: Մարիամի Մայրամ տատն այն երջանիկներից էր, ով կարողացավ մազապուրծ լինել Հայոց Ցեղասպանությունից:

Մարիամ Մաթոսյանը


- Ձեր երաժշտական ուղին ինչպե՞ս է սկսվել:

- Ինչ հիշում եմ ինձ՝ երգում եմ: Ես մեծացել եմ մի տանը, որ երաժշտությամբ էր ողողված: Մայրս միշտ երգում էր, եւ ես մեծացել եմ սիրելով երաժշտությունը եւ արտահայտել եմ ինքս ինձ երգի միջոցով: Երգը միշտ իմ կյանքի իմաստն է եղել: Երբ մեծացա, ձայնս մշակեցի, եւ դա ինձ դուր եկավ: Ես երգում էի փառատոնների ժամանակ, եկեղեցում եւ համայնքային միջոցառումներում: Համերգից հետո հանդիսատեսը միշտ մոտենում էր ինձ եւ ասում, որ պետք է  հետամուտ լինեմ երաժշտական կարիերային: Բայց ես վստահ չէի, որ դա Աստծու կողմից ընտրված ուղին է ինձ համար: Տարիներ անց ես արվեստի մրցանակ ստացա Կանադայի խորհրդի կողմից, եւ շատ այլ դիմորդներից ընտրեցին ինձ եւ դրամաշնորհ տվեցին, որպեսզի ձայնագրեմ իմ երգերը: Առաջին ձայնասկավառակս ձայնագրելուց հետո ինձ հրավիրվեցին Կանադայի փառատոնին մասնակցելու, եւ այդուհետ սկսեցի պրոֆեսիոնալ ներկայացնել կատարումներս:

- Կպատմե՞ք  Ձեր ընտանիքի մասին:

- Ես ամուսնացած եմ մի հրաշալի տղամարդու հետ: Նա հիասքանչ ամուսին է, եւ ես սիրով եմ ապրում նրա հետ: Մենք ունենք երեք թանկագին երեխա՝ երկու աղջիկ` 6 եւ 4 տարեկան, եւ որդի` 18 ամսական:

Մարիամ Մաթոսյանը


-Երբեւէ Հայաստան այցելե՞լ եք:

- Այո, երկու անգամ եղել եմ Հայաստանում: Կամավորական աշխատանք եմ կարատել Երեւանում երկու ուղղությամբ` աշխատելով երեխաների եւ չափահասների հետ: Ես սիրում եմ Հայաստանը եւ անհամբեր սպասում եմ վերադարձիս: Ես սիրում եմ Հայաստանում ապրող մարդկանց, զարմանահրաշ տեսարաններն ու ուտելիքը:

- Գիտեմ, որ Ձեր տատիկի անունն եք կրում: Ի՞նչ դեր ունի նա Ձեզ կյանքում:

-Ես երբեք չեմ տեսել իմ տատիկին, նա իմ ծնվելուց շատ առաջ է մահացել: Բայց ինձ նրա անունով են կոչել, ուստի եւ ես շատ ամուր կապված եմ նրան:
Մարյամ Մարգարյանն իմ մոր մայրիկն է: Մայրս ու մորաքույրերս ինձ շատ են պատմել տատիկիս մասին. նա մի կին էր, ով սիրում էր Հիսուսին, իր ընտանիքը եւ սիրում էր օգտակար լինել այլոց: Նա սիրում էր երգել եւ միշտ երգում էր տանը: Նա աշխատասեր կին էր, ով ուրախ ոգի ուներ եւ իրական հավատացյալ էր: Նա իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է:

- Հայտնի է, որ  Ձեր տատիկը փրկվել է Ցեղասպանությունից:  Հաջորդ տարի կլրանա Ցեղասպանության 100-ամյակը, ինչ-որ կերպ պատրաստվո՞ւմ եք:

- Մենք ապրում ենք ԱՄՆ-ի մի փոքրիկ քաղաքում, ուր հայկական համայնքը փոքր է: Երեւի թե մի բուռ հայախոս հայեր են այդտեղ ապրում: Ես ցանկանում եմ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի օր կազմակերպել, բայց մեծամասամբ հայեր չեն լինի, քանի որ շատ քիչ թիվ են կազմում: Կցանկանայի այդ օրը տեսնել տարբեր մշակույթների ներկայացուցիչների, ովքեր հարգանքի տուրք կմատուցեին ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կաղոթեին ապագայի համար:

Մարիամ Մաթոսյանը


- Ի՞նչ է հայկական երաժշտությունը Ձեզ համար:

- Հայկական երաժշտությունն ինձ համար հոգեւոր է, անասելի գեղեցիկ, այն իմ հոգու արտահայտումն է: Ես սիրում եմ հայկական բառերի մեղեդին: Ես սիրում եմ հին երգերը, պատարագները… Այնքան գեղեցկություն կա մեր երգերում. հենց ինքը լեզուն, որն ինքնին մեղեդային է, եթե անգամ երաժշտություն չի ավելանում խոսքերին: Հայկական երաժշտությունն ուրախություն է բերում իմ սրտին, հիմա ես շատ չեմ լսում այդ լեզուն:
Ես եւ ամուսինս խոսում ենք հայերեն, եւ մենք մեր երեխաներին սովորեցնում ենք հայոց լեզուն, եւ նրանք կատարյալ տիրապետում են հայերենին եւ անգլերենին: Բայց երբեմն սաստիկ ցանկություն եմ ունենում հայերեն լսել նաեւ տանից դուրս: Այդ պահերին հայկական երաժշտություն եմ միացնում տանն ու հետեւում, թե ինչպես են երեխաներս պարում, եւ իմ սիրտը թեւեր է առնում: Հայկական երաժշտությունը ներկայացնում է իմ ամուր կապը ժառանգությանս հետ, իմ տատիկին ու պապիկին, իմ նախնիների հետ. այն կապում է ինձ նրանց պատմություններին:

-Ինչու՞ եք նախընտրում հայկական ֆոլկ երաժշտությունը:

- Ես սիրում եմ մեր մշակույթի վաղնջական երգերը: Այդ երգերի մեջ մի անասելի գեղեցկություն կա: Ինձ հաճելի են մեղեդիները: Ես սիրում եմ մաքրամաքուր ասելիքը, բառերը: Սիրում եմ այն կտավը, որը ստեղծվում է բառերի ու երաժշտության միաձուլումից: Երբ ես ֆոլկ եմ կատարում, առավել մոտ եմ զգում տատիկիս, որովհետեւ գիտեմ, որ նա երգել է նույն երգերը:

- Ի՞նչ եք զգում, երբ երգում եք:

- Ես երջանկության խորը զգացում եմ ապրում երգելիս: Ես սիրում եմ իմ ձայնն օգտագործելով արտահայտել սիրտս, հոգիս երգի միջոցով: Երբեմն, երբ տխուր երգ է, իմ սիրտը ցավով է լցվում: Երգն ինձ համար խոցելի երեւույթ է. ես ոչինչ չեմ կարողանում թաքցնել, երբ բեմում եմ: Իմ ողջ հույզերը դուրս են հորդում, երբ երգում եմ: Ցանկանում եմ ազնիվ լինել հանդիսատեսի առջեւ եւ թույլ տալ նրան զգալ իմ հույզերն ու զգացումները:
Մինչ ելույթս շատ եմ աղոթում, իմ երգելն ասես Տիրոջ երկրպագություն լինի: Իմ սերն առ Հիսուս արտահայտվում  է երգիս ամեն մի նշույլով: Նա ինձ ձայն է տվել, սեր երաժշտության հանդեպ: Նա ինձ երգելու հնարավորություն է տվել: Ինձ համար երգելը Աստծո մեծարումն է:

-Ունե՞ք սիրելի հայ երգիչ կամ երաժշտագետ:

- Այժմ նախընտրում եմ այն երգիչներին, ովքեր երգում են մանկական երգեր, երեխաներս փոքր են եւ սիրում են երաժշտություն լսել: Բայց ես պաշտում եմ անցյալի երաժշտությունը՝ Ջոն Բերբերյանին եւ Լուսինե Զաքարյանին:

Մարիամ Մաթոսյանը


- Իսկ համերգներ նախատեսե՞լ եք Հայաստանում: Եթե այո, ապա` ե՞րբ:

- Հուսամ`մի օր համերգ կունենամ Հայաստանում: Դա իմ երազանքն է: Մենք պարզապես պետք է ճանապարհ հարթենք այն իրականություն դարձնելու համար:

-Ի՞նչ նորություններ կլինեն մոտ ապագայում:

- Մենք նոր երգեր ենք շուտով ձայնագրելու, պարզապես հարմար ժամանակի ենք սպասում: Ձայնագրություններից հետո ավելի հաճախ ելույթ կունենամ: Այս պահի դրությամբ ողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ իմ հրաշալի բալիկների վրա, ովքեր դեռ շատ փոքր են: Այսպիսով, մենք նախկինում շատ չենք ելույթ ունեցել, բայց երեխաներս փոքր-ինչ կմեծանան, եւ մենք կսկսենք մեր ելույթները:

Տեքստը` Անի Կարապետյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Մաթոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին