×


Մարիամ Մերաբովա.«Ես բոլորովին էլ ջազի թագուհին չեմ:)»։

Մարիամ Մերաբովան այս օրերին Երեւանում է: BRAVO.am-ը երեկ ներկա է եղել ջազ երգչուհու՝ «Մեցցո» ակումբում կայացած համերգին, ուր նրան ունկնդրելու էին եկել Էռնա Յուզբաշյանը, Գայանե Ասլամազյանը եւ շատ ուրիշներ։ Մոսկվաբնակ երգչուհուն ներկաներն անվանեցին «ջազի թագուհի», «ջազային դիվա», իսկ նա ժպտալով պատասխանեց.«Ես բոլորովին էլ ջազի թագուհին չեմ:)»։

Մարիամ Մերաբովայի երեւանյան համերգին


Վերջին տարիներին նա հաճախ է Հայաստանում ելույթ ունենում, այս անգամ ամուսնու՝ Արմեն Մերաբովի հիմնած «Միրայֆ» խմբի հետ ներկայացրել է «Երջանկության 100 ժամը» խորագրով համերգային ծրագիրը.«Բարի օր, լավ երաժշտության սիրահար երեւանցիներ։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ զբաղվում եմ իմ սիրելի գործով ու երգում եմ հրաշալի երաժիշտների նվագակցությամբ: Երբ գործընկերներս Մոսկվայից պետք է գան համերգների, միշտ ասում եմ, որ կարող են երաժիշտներին չտանել, որովհետեւ Հայաստանում լավագույնները կարող են իրենց նվագակցել։ Պաշտոնական համերգի փոխարեն առաջարկում եմ մտերմիկ երեկո անցկացնել, բայց խոստովանեմ, որ միշտ անհանգստանում եմ, երբ հայրենիքում եմ երգում»՝ այսպես է ներկաներին ողջունել երգչուհին։

Երեկոն Մարիամը սկսել է հեղինակային «Դստեր երազը» օրորոցայինով, կատարել է ջազ ստանդարտներից մինչեւ նոր երգեր։ Իր խմբից երաժիշտներից բացի, երգչուհուն նվագակցում էին հայ երաժիշտները: «Georgia Օn My Mind» երգի ընթացքում խմբին է միացել նաեւ շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։

Գայանե Ասլամազյանը եւ Էռնա Յուզբաշյանը


Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին՝ Երեւանում, հիշում է, որ մանկուց ապրել է երաժշտական միջավայրում.«Մեր տունը Թումանյան փողոցում էր: Կարոտով եմ հիշում մանկությունս, մեր բակը։ 5 տարեկանից սկսեցի հաճախել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, հետո տեղափոխվեցինք Մոսկվա»։

Մոսկվայում Մարիամն ընդունվել է Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին իր ապագա ամուսնու եւ ներկայիս պրոդյուսեր, դաշնակահար Արմեն Մերաբովի հետ սկսել է աշխատել «Միրայֆ» ջազ նախագծի ստեղծման ուղղությամբ: Զույգը երեք երեխա ունի՝ երկու դուստր եւ մեկ որդի։ Մարիամը կրում է ամուսնու ազգանունը, իսկ հայրական ազգանունն Ալավերդյան է։

Մարիամ Մերաբովայի երեւանյան համերգին


Երգչուհին երգերը կատարելիս ներկայացնում էր դրանց պատմությունը, կիսվում իր հուշերով.«Ես խորհրդային ժամանակաշրջանի ծնունդ եմ, մեծացել եմ այդ երգերի ներքո, պետք է նշեմ, որ ոսկե ֆոնդ կա. ջազային այնպիսի գործեր են ստեղծվել իսկական կոմպոզիտորների ու պոետների կողմից, որոնք բավական բարդ է երգելը, բայց մինչ այդ կերգեմ ամերիկյան հայտնի ջազ գործեր»։

Մերաբովան մի քանի անգամ, որպես բեք-վոկալիստ, ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` Դիմա Բիլանի (Ռուսաստան), Անի Լորակի (Ուկրաինա), Դիմա Կոլդունի (Բելառուս), Եվա Ռիվասի հետ(Հայաստան): Ինչպես նշում է, իրեն ամենամեծ ճանաչումը տվել է ռուսական «Голос» հեռուստանախագիծը, որին մասնակցել է 2014-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին