Նկարիչների միության ցուցասրահում օրերս փոքրիկ երեխաները եւ դեռահաս աղջիկները ցուցադրել են հայ դիզայներների ստեղծած հավաքածուների զգեստները: Ցուցադրությունը կազմակերպել էին մանկական նորաձեւության կենտրոններից մեկի հիմնադիրներ Սուսաննա եւ Լուչիա Բուդաղյանները:
Մարիաննա Հովհաննիսյանը եւ Սյուզի Մելիքյանը
Սուսաննան երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի մայրն է: BRAVO.am-ը գարնանը եւս անդրադարձել է այս կենտրոնի ցուցադրությունը: Այս անգամվա միջոցառմանը ներկա էին նաեւ Մարիաննայի ընկերուհիները` Անուշիկ Ալավերդյանը եւՍյուզի Մելիքյանը:
Ցուցադրությանը ներկայացվել են Քրիստինեի, Հեղինեի, Մարիի եւ նորաձեւության կենտրոնի մանկական զգեստների հավաքածուները: 25-ամյա Քրիստինե Կարապետյանը սովորել է դիզայներ Սլավա Զայցեւի լաբորատորիայում, այժմ ապրում է Երեւանում եւ ցուցադրությանը ներկայացրել է իր երկու` “Նռնենի” եւ “Հայկական գինի” հավաքածուն. “Որպես դիպլոմային աշխատանք առաջինը ցուցադրվել է Մոսկվայում, իսկ երկրորդը հատուկ հայկական նախշերով է` մուգ կարմիրից մինչեւ մուգ մանուշակագույն”:
Նորաձեւության կենտրոնի կազմակերպած ցուցադրությանը
Մարիաննա Հովհաննիսյանի մայրը` Սուսաննա Բուդաղյանը, նշել է, որ այս անգամ կազմակերպել են դիպլոմավորված դիզայներների զգեստների ցուցադրությունը: Տեղում վաճառվում էին ինչպես աքսեսուարներ, այնպես էլ ցուցադրության բոլոր զգեստները. “Որպես կազմակերպիչ` մոդելավորողներին խորհուրդներով օգնում եմ, նույնիսկ առաջարկել եմ, թե ինչ գին կարելի է սահմանել այս կամ այն զգեստին, բայց իմ տեսակետով չեմ ճնշել”, - ասել է նորաձեւության կենտրոնի պրոդյուսերը:
Դիանա Մալխասյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
20-ամյա Դիանա Մալխասյանն էլ ներկայացրել էր ոչ թե հագուստի հավաքածու, այլ` նորաձեւության վերջին միտումներով իր պատրաստած բիժուտերիան: Նրա խոսքով` զարդերի համար անհրաժեշտ պարագաները պատվիրում է արտերկրից եւ ինքնուրույն ստեղծում տարբեր աքսեսուարներ. “Կենտրոնի հետ կապ չունեմ, պարզապես որպես սկսնակ դիզայներ հրավիրել են ներկայացնելու իմ ձեռքով ստեղծած բիժուտերիան , որը պատրաստել եմ ընդամենը երկու օրում: Բացի իմ երեւակայությունից, հաշվի եմ առնում թե ինչն է նորաձեւ. այս հավաքածուի մեջ ռոքային տարերով թեւնոցներ, օձիքներ, շղթաներ եմ ընդգրկել, որոնք այժմ շատ ակտուալ են”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
22,475






