×


Մարիի սիրտը զբաղված է :)

Մարին տեւական ժամանակ է` ստեղծագործական դադարի մեջ է, իսկ որպես պատճառ նշվում է նրա` ընտրյալ ունենալու հանգամանքը: Խոսակցությունների ալիքը նոր թափ առավ պրոդյուսեր, հաղորդավար Ալեն Սիմոնյանի հարսանիքից հետո, որին երգչուհին ներկայացել է Վահե անունով մի երիտասարդի հետ:

Մարին` սիրելիի հետ


BRAVO.am-ի հետ զրույցում Մարին չհերքեց, որ սիրտն այլեւս զբաղված է, բայց այլ մանրամասներ էլ չշտապեց հաղորդել.«Շատ բաներ ասել չեմ ուզում, քանի որ նախընտրում եմ անձնական կյանքս չհանրայնացնել: Միայն կնշեմ, որ այս տարի ո՛չ նշանվելու, ո՛չ էլ ամուսնանալու եմ»:

Ինչ վերաբերում է կարիերային, երգչուհին իսկապես երգարվեստ վերադառնալու ցանկություն չունի.«Հասկացա, որ աշխատանքային ոլորտս փոխելու ժամանակն է: Հիմա բոլորովին այլ գործով եմ զբաղվում, որը ոչ մի կապ չունի երգչուհու ու լեզվաբանի իմ մասնագիտությունների հետ»,- ասաց նա` նշելով` այնուամենայնիվ, շատ է կարոտում Երգի թատրոնում սովորելու եւ ստեղծագործական բուռն կյանքով ապրելու տարիները:

Մարին


Մարիի խոսքով` որոշումն ինքն է կայացրել.«Ոչ ոք երբեք չի միջամտել: Այժմ շոու բիզնեսը շատ է փոխվել. լավորակ երգեր, տեսահոլովակներ նկարահանելու համար մեծ գումարներ են հարկավոր, որոնք արտիստը անվերադարձ ներդնում է սիրելի գործի մեջ: Այս պահին լավ գիտակցում եմ, որ տեսահոլովակ նկարահանելն ինքնանպատակ է եւ մի քանի շաբաթ հեռուստատեսությամբ երեւալուց բացի ոչինչ չի տալիս, իսկ ոլորտում մնալու համար պետք է գումար աշխատել: Երբեք չեմ մեղադրել ու չեմ մեղադրի այն երգիչ-երգչուհիներին, ովքեր ռեստորաններում կամ ակումբներում են երգում, հարսանիքներին եւ այլ խնջույքների երգելու պատվերներ ընդունում, բայց գումար աշխատելու այդ միջոցն անձամբ ինձ համար անընդունելի է»:

Օպերային թատրոնի շրջակայքում քայլելիս նա ուշադիր պաստառներին է նայում` հույս ունենալով, որ էստրադային համերգի աֆիշա կտեսնի.«Մի շրջան կար, որ գրեթե ամեն ամիս հայաստանյան համերգասրահներում մեծ համերգներ էին լինում Անդրեի, Արսեն Սաֆարյանի, Վարդուհի Վարդանյանի եւ այլոց մասնակցությամբ: Նրանք այդ կերպ ուրախացնում էին իրենց երկրպագուներին, հաճելի ժամանակ պարգեւում, նաեւ գումար վաստակում: Հիմա ամեն բան փոխվել է: Երբ հին ժամանակները հետ գան, միգուցե նորից սկսեմ իմ սիրելի գործով զբաղվել»:

Մարին` սիրելիի հետ


Երգարվեստին զուգահեռ Մարին ժամանակին իր ուժերն էր փորձում որպես երաժշտական հաղորդումների հաղորդավարուհի, այսօր էլ չի բացառում, որ կվերադառնա եթեր.«Հիմա սովորում եմ ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում, որն անմիջականորեն կապված է Հանրային հեռուստաընկերության հետ»:

Անդրադառնալով ամառային արձակուրդներին` երգչուհին ասաց, որ հանգիստը կվայելի օգոստոսին. ցանկանում է այցելել Հունաստան: 

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW