×


Մարինա Թագակչյան.«Տուն ունենալու ցանկությունս անիրականանալի է թվում»

Մարինա Թագակչյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը։ BRAVO.am-ը երգահան-հաղորդավարուհու հետ զրուցել է ոչ միայն տարեդարձի, այլեւ աշխատանքային նորությունների, երազանքի եւ ընտանիքի մասին։ Երկու դուստրերի մայրն ավելի կարեւորում ու նշանավորում է փոքրիկների տարեդարձերը, քան՝ իրենը.«Մեծ խնջույք չենք անելու, միայն մտերիմների հետ կհավաքվենք։ Կեսգիշերին ամուսինս տորթով տուն եկավ, երեխաներն ուրախությամբ ընդունեցին ու մոմերը փչեցին: Մեծ աղջիկս բոլորին հայտարարում է, որ մամայի ծնունդն է:)»:

Մարինա Թագակչյանն՝ ամուսնու եւ դստեր հետ


Մանկապարտեզ հաճախող Եվան շուտով կդառնա 3 տարեկան, իսկ Յանան՝ 1 տարեկան.«Ավագ դուստրս չափազանց աշխույժ, ակտիվ ու խելացի է, իսկ փոքրս հավասարակշռված է, կարծես, հասուն մարդ լինի։ Արտաքնապես գուցե նման են, բայց խառնվածքով շատ տարբեր են: Երկուսն էլ նման են ե՛ւ ինձ, ե՛ւ ամուսնուս»։

Հոբելյարի ամենամեծ ցանկությունը սեփական բնակարան ունենալն է.«Ինձ համար շատ կարեւոր հարց է, կարծում եմ՝ դեռեւս անիրականանալի երազանք է։ Հիմա վարձակալած առանձնատանն ենք ապրում, իսկ ես համաձայն եմ թեկուզ փոքր, բայց մեր սեփական բնակարանի:)»:

Փոքրիկ Յանան


Երգահան-հաղորդավարուհին շուտով կվերադառնա հեռուստաեթեր.«Տիգրանի հետ կվերականգնենք «Կռվախնձոր» ծրագիրը, կամ եթե միայնակ վարեմ, նմանատիպ հաղորդում կլինի։ Փորձը ցույց տվեց, որ այլ ձեւաչափի հաղորդումն ինձ հարմար չէ, կարեւորում եմ, որ քննարկվող լինի, թերություններ մատնանշի, ասելիք ունենա, թեկուզ քննադատություններ հնչեն։ Չեմ ցանկանում պարզապես եթերում երեւալ եւ ավելորդ եթերաժամ զբաղեցնել, որ նայելիս ալիքը փոխեն։ Այժմ տեխնիկական խնդիրներն ենք լուծում: Եթե Տիգրանի հետ միավորվենք, անվանումը կպահպանենք»։

Մարինայի փոխանցմամբ՝ հնարավոր է հեռուստանախագիծն իրականացնի Քրիստ Մանարյանի հետ.«Ավագ ընկերոջս հետ նույնատիպ մտածելակերպ ունենք, առաջարկեց զուգերգ կատարել։ Այժմ ամերիկաբնակ երիտասարդների հետ համատեղ երգեր ենք ստեղծում, շատ եմ կարոտել, ասելիքս կուտակվել է։ Այն ժամանակ երգերն իրար հաջորդում էին, ավելի տեխնիկական աշխատանք էր դարձել, սպառվելու ու կրկնելու մտավախություն ունեի։ Հիմա մեծ հաճույքով ստեղծագործում եմ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին