×


Մարինա Թագակչյանը՝ Հրանտոյի «Վերջին զանգ»-ի, Թաթայի կատակ-հարցի եւ իր հիասթափության մասին

Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է Վերջին զանգը, այս առիթով ստեղծված բազմաթիվ երգերին ավելացել է եւս մեկը՝ ամերիկահայ երգիչ Հրանտոյի կատարմամբ։ Ակտիվ ռիթմերով երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Մարինա Թագակչյանն է, հենց նա էլ BRAVO.am-ին պատմել է առաջին համագործակցության մասին։

Հրանտոն եւ Մարինա Թագակչյանը


23-ամյա Հրանտ Գարդյանը ծնվել է Միացյալ Նահանգներում, ընտանիքի հետ ապրել է Հայաստանում, Ֆրանսիայում։ Մարինայի հետ կապ է հաստատել «Ֆեյսբուք»-ի միջոցով.«Նա ինձ գրում էր, որ հավանում է իմ երգերը, առաջարկեց համագործակցել։ Սկզբում տարակուսում էի, ի վերջո, նրա համառության շնորհիվ սկսեցինք աշխատել։ Հրանտոյի ցանկությամբ երգի թեման Վերջին զանգն է, իմ պայմանն այն էր, որ պրոֆեսիոնալ մասնագետ գործիքավորի, իսկ ես վստահում եմ Վահան Նահապետյանին. պարզվեց՝ Հրանտոն ու Վահանն ազգականներ են:)»։

Նորահայտ երգիչը մասնագիտությամբ իրավաբան է, նաեւ խոհարարական արվեստ է սովորել Ֆրանսիայում, տիրապետում է երաժշտական գործիքների: Մարինան նշել է՝ համագործակցելիս կարեւորել է այն հանգամանքը, որ Հրանտոն, ԱՄՆ-ում ապրելով, չի նախընտրել ռաբիս երգեր կատարել.«Զարմացա, քանի որ այնտեղ ռաբիսն է գերակշռում, բազմիցս ինձ պատվիրել են այդ ոճի երգեր, ու չեմ թաքցնի, որ գումարի դիմաց գրել եմ: Բոլորս էլ պիտի ապրենք, որովհետեւ օդով չենք սնվում»։

Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանի թիվ 180 դպրոցում, հերոսներն էլ այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն են, որոնց թվում է Հրանտոյի զարմիկը։ Ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, Մարինան չի մասնակցել նկարահանմանը.«Իմ ժամանակը սահմանափակ է, քանի որ երկու երեխայիս ինքս եմ խնամում»։

Մարինա Թագակչյանի ընտանիքը


Վերջին զանգի մասին Մարինան եւս մեկ երգ ունի, որը տարիներ առաջ կատարել է Արամեն.«Երբ այդ երգը նոր էր սկսել հնչել, մի անգամ Թաթան ինձ կատակով հարցրեց, թե ինչու եմ այդ երգը գրել, իր «Վերջին զանգ»-ին մրցակից կդառնա, հետո ծիծաղելով ավելացրեց՝ «Չէ, չէ, մեկ է՝ իմն ավելի է լավն է:)»

Երգահանն առաջիկայում կաշխատի Աիդա Սարգսյանի հետ, որն այժմ ԱՄՆ-ում է բնակվում. «Ցավոք, շատերն են հեռանում: Ես էլ հիասթափվում ու ցավ եմ ապրում, բայց ինձ բոլորովին չեմ պատկերացնում Հայաստանից դուրս ապրելիս։ Ժամանակին երգահանները որակյալ երգեր էին ստեղծում, հիմա ռաբիսն է ճաշակ թելադրում, մենք մեր հողի վրա ստրկամիտ ենք դառնում։ Երբ տարիներ առաջ «Կռվախնձոր» ծրագիրն էի վարում, փորձում էի եթերում հարցեր բարձրացնել, բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուրն իր հանապազօրյա հացի մասին է մտածում, ինչպես՝ եւ ես։ Շատերիս մոտ հեղափոխական ձգտումը երկրորդական պլան է մղվել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին