×


Մարինա Մարտիրոսյան. «Մոսկվան գեղեցիկ է, սակայն Երեւանն ավելի հոգեհարազատ է ինձ»

Ամուսնությունից հետո Մոսկվայում մշտական բնակություն հաստատած Մարինա Մարիտիրոսյանի ընտանիքի մասին պատմելու առիթներ շատ ենք ունեցել:

Մարինա Մարտիրոսյանը


Մոսկվաբնակ պարուհի-հաղորդավարուհին ընտանիքի հետ ամառային հանգիստն է վայելում Երեւանում: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել է նրանց եւ զրուցել  հայաստանյան այցի, մոսկովյան կյանքի, գործնական նորությունների մասին, եւ ոչ միայն:

Կանչող կարոտի մասին

Եկել ենք հուլիսի 16-ին: Ավելի քան մեկ ամիս կմնանք հայրենիքում:

Ամուսնությունից հետո գրեթե ամեն տարի ամռանը վերադառնում ենք Հայաստան:

Այստեղ է կանչում ծնողների, հարազատների, ընկերների եւ, բնականաբար, հայրենիքի կարոտը: Մեծ սպասումով ու սրտի թրթիռով ենք բարձրանում օդանավ եւ րոպեներն ենք հաշվում, թե երբ պիտի հասնենք Հայաստան:

Ամեն անգամ Արարատը տեսնելիս գերբնական ու անբացատրելի ապրումներ եմ ունենում: Ես ինքս եղել եմ Մասիսի գագաթին ու ամեն անգամ այն տեսնելիս մեծ հուզմունք եմ ապրում: Իմ ու մեր սուրբ լեռան միջեւ ուրիշ կապ կա: Ուսանողական տարիներին Աշտարակից Երեւան ճանապարհին իմ աչքի առաջ են եղել Արարատը, Արագածը, Արայի լեռտ: Նրանք իմ աչքի առաջ էին ու իմ սրտում:

Մարինա Մարտիրոսյանը որդու հետ


Ամենաշատը սիրում եմ Շառլ Ազնավուրի հրապարակը, Աբովյան փողոցը, Կասկադը, Հանրապետության հրապարակը: Ընկերուհիներիս հետ միշտ Կասկադում ենք հանդիում:

Երեւանյան օրերի մասին



Միշտ բուռն ու հագեցած են անցել երեւանյան օրերը: Այս տարի` հատկապես: Տեսարժան ու պատմամշակութային վայրեր դեռ չենք այցելել, բայց մտադիր ենք: Կլինենք Գառնիում, Գեղարդում եւ, իհարկե, Ամբերդում: Այնտեղ ամուսինս դեռ չի եղել:

Աշխատում եմ հանդիպել բոլոր բարեկամներիս, ընկերներիս ու հարազատներիս: Ժամանակը շատ սուղ է, վախենում եմ չհասցնել: Հուսով եմ` ներողամիտ կլինեն:
Իմ գրեթե բոլոր ընկերուհիներն արդեն ունեն բալիկներ: Միասին հաճախ ենք գնում մանկական այգիներ, կարուսելներ: Իրենց համար այս անգամ ակտիվ հանգիստ ենք կազմակերպել

Երեւա ՞ն, թե՞  Մոսկվա…

Մոսկվայում ջերմություն, անմիջականություն չկա: Մեգապոլիս է, բոլորը միմյանցից հեռու են: Չկա արեւը՝ հայաստանյան արեւը, որը ես շատ եմ սիրում: Եթե անկեղծ, սիրում եմ Մոսկվան: Գեղեցիկ քաղաք է, սակայն Երեւանն ավելի հոգեհարազատ է ինձ:
Մոսկվայում, իհարկե, դժվար է երեխաներին հայեցի դաստիարակել: Այդ դժվարությանը դեռ չեմ հանդիպել: Մի քիչ սարսափում եմ երեխաներիս դպրոցական տարիքի ժամանակահատվածից: Այնտեղի բարքերից է երեւի:

Երեխաներս փոքր են: Աղջիկս`Ռաֆայելլան 5 տարեկան է, տղաս` Առնոն շուտով կդառնա 3: Այժմ մանկապարտեզ են հաճախում:

Մարինա Մարտիրոսյանը՝ դստեր հետ


Տանը հայերեն ենք խոսում: Հայկական լավ երաժշտություն ենք փորձում միշտ լսել: Երեխաներիս տանում եմ պարի իմ դասերին, փորձերին, համերգներին: Ուզում եմ հենց այս տարիքից ճանաչեն հայկական պարարվեստը, երգը, երաժշտությունը:
Աղջիկս վարժ հայերեն է խոսում, տղաս նոր է սկսել խոսել եւ հաճախ 2 լեզուները խառնում է:

Գործնականի մասին

Սկզբնական շրջանում աշխատում էի Մոսկվայի հայկական հեռուստընկերությունում` լուրերի բաժնում: Ցավոք, փակվեց: Այդ ընթացքում էլ ծնվեց Առնոն եւ, բնականաբար, ուշադրությունն ու ընտանեկան զբաղվածությունը կրկնապատկվեց:

Այնուհետեւ առաջարկ ստացա շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Հայորդիք» պարային խմբի ղեկավար Անահիտ Սարգսյանից դասավանդել պարի դպրոցում: Հիմա դասավանդում եմ: Համերգների ժամանակ երբեմն հանդես եմ գալիս որպես մենապարուհի:

Պարի խումբն արդեն 4-րդ տարին կազմակերպում է հայկական պարի փառատոն: Վերջին փառատոնի ժամանակ հանդես եկա նաեւ որպես հանդիսավար: Առաջին, բայց հուսով եմ` ոչ վերջին անգամ:

Վերջերս Հանրային ռադիոյի ղեկավարության կողմից առաջարկ ստացա լինել իրենց սեփական թղթակիցը Մոսկվայում: Բավականին հագեցած է գրաֆիկս: Հուսով եմ`էլի նորություններ կլինեն:

Մոսկվա վերադառնալիս մեզ հետ կվերցնենք հարազատների հետ հանդիպումների ջերմ հիշողությունները, մեր արեւի ջերմությունը: D վիտամինի բավականին մեծ պաշար ենք հավաքել: Մոսկվայում դրա պակասը շատ կա: Հայկական մրգերից կտանենք, հատկապես անուշաբույր դեղձ: Շատ ենք սիրում․․․

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին