×


Մարինա Մարտիրոսյան. «Չէի ցանկանա բավարարվել երկու բալիկով»

Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի կյանքը մայրանալուց հետո ամբողջովին փոխվել է: Մարինան ու ամուսինը՝ Արթուրը մեկ դուստր եւ մեկ որդի ունեն: Պարուհին հիմա այլ կերպ է նայում կյանքին:

Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը


«Երեխաներիս ծնունդն արդեն իսկ մեծ հաջողություն է մեզ համար, նաեւ նրանով, որ իմ եւ ամուսնուս սերը միմյանց նկատմամբ էլ ավելի մեծացավ:  Նյութական առումով առանձնապես ոչ մի փոփոխություն չի եղել: Գոհ եմ այն ամենից, ինչ ունենք հիմա, չնայած ես էլ, ամուսինս էլ միշտ ձգտում ենք ավելիին»,- մեզ հետ զրույցում  անկեղծացել է Մարինան:
Զույգը կողմնակից է մեծ ընտանիք ունենալուն. «Ես սիրում եմ, երբ ընտանիքը մեծ է: Չէի ուզենա սահմանափակվել երկու բալիկով, բայց տարիքի առումով մտավախություն ունեմ»:

Մարինայի առօրյան հագեցած է փոքրիկների խնամքով, իսկ օրվա պլանը կազմում են հենց նրանք. «Առօրյան փորձում եմ կազմակերպել առավելագույնս հետաքրքիր: Ամեն ինչ կախված է երեխաներից, ամեն բան նրանք են թելադրում: Կերակրել, քնել, լոգանք ընդունել, մաքուր օդին զբոսնել՝ սրանք են մեր ամենօրյա պարտադիր անելիքները, դրանց գումարած նկարել, պարել, շուտով նաեւ մանկապարտեզ հաճախել եւ այլն»:

Մարինա Մարտիրոսյանը որդու հետ


Ցանկանալով երեխաների համար բարեկեցիկ ու անհոգ ապագա կերտել՝ Մարինան չի փորձում որեւէ մասնագիտություն պարտադրել նրանց. «Միայն Աստծուն է հայտնի վաղվա օրը: Իհարկե, ուզում եմ, որ անհոգ ու հետաքրքիր ապագա ունենան, իսկ թե որ բնագավառում, թող ձագուկներս որոշեն»:

Ձագուկներն են «որոշում» նաեւ մայրիկի աշխատանքի հետ կապված հարցերը: Երբ դուստրը դեռեւս 1 տարեկան 2 ամսական էր, Մարինան աշխատանքի անցավ Մոսկվայի “ArmTv” հեռուտաընկերությունում՝ որպես հայկական լուրերի հաղորդավար:

Երկրորդ հղիության ողջ ընթացքում էլ Մարինան աշխատել է. «Իհարկե, ցանկություն ունեի ավելի առաջ գնալու, բայց երբ բալիկդ փոքր է, չես կարող լիարժեք տրվել աշխատանքին, չէի ցանկանում աղջկաս անընդհատ դայակի հույսին թողնել: Ինձ համար առաջին տեղում ընտանիքս է, հետո նոր՝ կարիերան»:

Մարինայի ամուսինը՝ Արթուրն իրենց որդու հետ


Մարինա Մարտիրոսյանի կյանքում աշխատանքային դադարը ժամանակավոր է,  շատ շուտով պարուհին կրկին գործի կանցնի. «Այժմ էլ տանից որոշ աշխատանքներ անում եմ, զբաղվում եմ «Ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթ» նախագծով: Շուտով ընտանիքով կգանք Հայաստան եւ արդեն կշարունակեմ այդտեղ աշխատել»:

BRAVO.am
Լուսանկարները` Մարինա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW