×


Մարինե Գյուլումյանի ո՞ր երգը Փարիզում կհնչի հայտնի հայերի կատարմամբ

Մարինե Գյուլումյանի հայ-ֆրանսիական ընտանիքին եւ դուստրերին բազմիցս անդրադարձել ենք, այս անգամ երգահան-դաշնակահարը BRAVO.am-ին պատմել է իր աշխատանքային նորությունների մասին:

Մարինե Գյուլումյանը


Մարտի 26-ին Փարիզում առաջին անգամ կկայանա հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն, որին ներկա կլինեն ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները, Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնան, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, ֆրանսահայ պատանի երաժիշտ Րաֆֆի Արտոն եւ այլք։

Մարինե Գյուլումյանի հեղինակած «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգն այդ օրը հնչելու է որպես հիմն. «Բեմում կլինեմ ինձ հարազատ դարձած դաշնամուրի առջեւ՝ շուրջս համախմբած երեկոյի գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին։ Այդ երգը 2001-ին «Սայաթ-Նովա» համահայկական փառատոնում ստացել է առաջին մրցանակ։ Տարիների ընթացքում վայելելով ժողովրդի սերը՝ գրեթե 15 տարի անց այն կվերածվի ու կդառնա այս զանգվածային մրցանակաբաշխության հիմնը։ Արդեն 3 ամիս է, ինչ անդադար աշխատում ենք երգը նորովի մատուցելու համար։ Ինչպես առաջին տարբերակի դեպքում, այս անգամ էլ գործիքավորումն անում է Արա Թորոսյանը՝ Մուրզոն, եւ հնչունային օպերատոր Արմեն Թորոյանը»։

Մարինե Գյուլումյանի ընտանիքը


Նրա փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա կլինեն ոչ միայն հայ, այլեւ բազմաթիվ ֆրանսիացի հյուրեր.«Ֆրանսահայերի համար այս մրցանակաբաշխությունը Փարիզում երաժշտական իրադարձությունների մեջ առաջինն է։ Ամեն դեպքում կազմակերպիչները՝ Աննա Կարոլինան եւ Հայկո Շահբազյանը, ինչպես նաեւ գեղարվեստական ղեկավար Արմեն Ադրիանը, ջանք չեն խնայում, որ երեկոն հավուր պատշաճի կայանա»։

Համերգին ներկա կլինի նաեւ ծագումով հայ, ծննդով ֆրանսիացի երգիչ-կոմպոզիտոր Վինսենթ Բագյանը, որի երեւանյան այցին անդրադարձել ենք. «Ուրախությամբ պետք է ասեմ, որ հենց նա է գրել «Ես քո զավակն եմ, Հայաստան»-ի ֆրանսերեն տարբերակը եւ ինքն էլ կլինի կատարողների թվում»։

Մարինե Գյուլումյանը եւ Վինսենթ Բագյանը


Ի դեպ, Վինսենթը BRAVO.am-ին հայտնել էր, որ Մարինեի եւ նրա ամուսնու սիրո պատմությունից ոգեշնչված երգ է ստեղծել, իսկ թե երբ է այն հնչելու, Մարինեն պատասխանել է. «Մի քանի համագործակցություն ունենք, որոնցից մեկն էլ այդ երգն է, բայց այնքան ժամանակ չի հանձնվի հանրության դատին, մինչեւ չգտնվի համապատասխան կատարող»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինե Գյուլումյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին