×


Մարտ Բաբայանի հայտնի հյուրերն ու անակնկալը Քրիստինե Պեպելյանին :)

Մարտ Բաբայանը երեկ գործընկերներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ մտերիմներին հրավիրել էր իր երկրորդ` “Холодно”  ձայնասկավառակի երեւանյան շնորհանդես-համերգին: Մոսկվաբնակ երգիչը ներկաներին նվիրել է նոր ալբոմը եւ ներկայացրել դրա պարունակությունը:

Մարտ Բաբայանը ներկայացրել է իր նոր ձայնասկավառկաը


Համերգային ծրագրի ընթացքում Մարտ Բաբայանը կատարել է ոչ միայն նոր CD-ի, այլեւ իր երգացանկի հին ու հայտնի երգերը: Երգիչն անակնկալի է բերել Քրիստինե Պեպելյանին` կատարելով նրան նվիրված “Քրիստինա” երգը, այնուհետեւ հրավիրել է միասին երգելու իրենց զուգերգը: Երգչուհին խոստովանել է, որ լավ չի հիշում երգի բառերը, սակայն միմյանց օգնելով կարողացել են երգել: Երեկոյի ամենաուրախ եւ ակտիվ հյուրը Սոնան էր. նա հանպատրաստից երկու երգ է կատարել՝ ոտքի հանելով ներկաներին: Ելույթ է ունեցել նաեւ Ռաիսա Ավանեսյանը, բեմից բարեմաղթանքներ են հղել Մենչն ու Միհրան Ծառուկյանը:

Մարտ Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը եւ Սոֆյա Գուլյանը


“Холодно” ձայնասկավառակի դիզայնը “Ինսթագրամ”-ի ոճով է, երգերը նշված են հեշթեգերով, իսկ շապիկի վրա մեկ լուսանկարի փոխարեն մի քանիսն են: Ալբոմում ընդգրկված է ինը երգ, որոնց մեծ մասի հեղինակները Մարտ Բաբայանն ու Աննա Գալկինան են: Ի դեպ, երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նրանց նոր զուգերգի տեսահոլովակի պրեմիերան, որն օրեր անց հասանելի կլինի համացանցում:

Մարտ Բաբայանի պրոդյուսերը՝ Սոֆյա Ղուլյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս այցի ընթացքում ռեժիսոր Ժոր Մելոյանը նաեւ նկարահանում է երգչի “Ты любовь моя” երգի տեսահոլովակը.“Սպասվում է անակնկալ, քանի որ գլխավոր հերոսուհին հայտնի դերասանուհի է, ով առաջին անգամ է հանդես գալիս տեսահոլովակում”, - ասել է նա եւ հավելել, որ նպատակ ունեն հաջորդ սկավառակում ներառել երգչի բոլոր զուգերգերը:

Արմեն Պետրոսյանը եւ Անի Երանյանը


Ի դեպ, սրահում տեղադրված էր նաեւ հանգանակության արկղ, որում հավաքված գումարն ուղղվելու է “Բարի մամա” բարեգործական կազմակերպության ֆոնդին` մանկատանը գտնվող հաշմանդամություն ունեցող փոքրիկների կարիքների համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` 
Ագապե Գրիգորյանի եւ Bella Jour-ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին