×


Մաքսիմ Վենգերովը՝ «Արմենիա» փառատոնի գալա համերգին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ իսկական տոն էր դասական երաժշտության սիրահարների համար. անվանի ջութակահար, դիրիժոր, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը ելույթ ունեցավ «Արմենիա» առաջին միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին: Նա հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մաքսիմ Վենգերովը՝ «Արմենիա» փառատոնի գալա համերգին


Նշենք,  որ հուլիսի 4-12-ը Երեւանում անցկացվեց «Արմենիա» մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 14 երկրի (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան) 48 երիտասարդ դաշնակահար (մինչեւ 34 տարեկան)։ Մրցույթն անցկացվեց երկու փուլով, իսկ հաղթողների անունները հայտնի դարձան երեկ՝ եզրափակիչ համերգից առաջ: Այսպիսով, առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաեւ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, եւս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցել Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։

Ելույթից առաջ լրագրողների հետ զրույցում Սերգեյ Սմբատյանն անկեղծացավ՝ համերգն իրենց համար մեծագույն ձեռքբերում է, քանի որ ամփոփում է «Արմենիա» մրցույթ-փառատոնի օրերը, բացի այդ, Հայաստանում է մաեստրո Վենգերովը.«Շատ հուզված ենք բոլորս՝ նվագախումբը, ամբողջ թիմն ու, անկեղծ ասած, հատկապես ես (ժպտում է- հեղ.): Կարծում եմ՝ մեծագույն ձեռքբերում է, որ Հայաստանում մենք ունեցանք եւս մեկ միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ: Բոլոր օրերի ընթացքում ունեցանք փայլուն համերգներ, փայլուն մենակատարներ, որոնք ժամանել էին Հայաստան՝ հատուկ փառատոնի համար: Շատ կարեւորում եմ, որ այսօր այստեղ է նաեւ Մաքսիմ Վենգերովը. նա աշխարհում ամենահայտնի երաժիշտներից մեկն է»,- ընդգծեց դիրիժորը:

Հայաստանի երիտասարդական նվագախումբը


BRAVO.am-ի այն դիտարկմանը, որ առաջին տարին անցկացվող մրցույթի հաղթողը հենց Հայաստանի ներկայացուցիչն է, Սմբատյանն ասաց՝ միայն հպարտ է, որ միջազգային ժյուրին մեր երկրում է տեսել այն տաղանդին, որը կկրի «Արմենիա» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչումը:

Համերգը մեկնարկեց Կլոդ Դեբյուսի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմով, այնուհետեւ բեմ բարձրացավ բոլորի կողմից երկար սպասված հյուրը՝ մաեստրո Մաքսիմ Վենգերովը, ով նվագախմբի հետ կատարեց Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը եւ Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը: Հանդիսատեսն, իհարկե, պահանջեց եւս մեկ կատարում՝ որպես բիս, եւ ջութակահարը չմերժեց. Վերջին կատարումը եղավ Բախի ստեղծագործություններից: Ծափողջյուններից ու «բռավո»-ներից հետո Վենգերովը նաեւ իր եզրափակիչ խոսքն ասաց՝ նշելով, որ իր համար մեծագույն հաճույք է ելույթ ունենալ այն բեմում, որտեղ հանդես են գալիս լավագույն երաժիշտները:

«Շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ: Ուզում եմ բոլորիդ սրտանց շնորհավորել «Արմենիա» մրցույթ-փառատոնի առթիվ: Այն ոչ միայն պարզապես փառատոն է, այլեւ հրաշալի հարթակ ու հնարավորություն երիտասարդ երաժիշտների համար: Հույս ունեմ՝ շուտով մենք այդ անունները կլսենք համաշխարհային բեմերից: Խաղաղություն բոլորիդ»,- ասաց մաեստրոն ու Սերգեյ Սմբատյանի ուղեկցությամբ հեռացավ բեմից՝ լսելով դեռ երկար շարունակվող հոտնկայս ծափահարությունները:

Մաքսիմ Վենգերովը՝ «Արմենիա» փառատոնի գալա համերգին


Հավելենք, «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, իսկ գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ նախագիծը լինելու է շարունակական եւ դեռ բազմաթիվ նորանոր անուններ է բացահայտելու ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին