×


Մեգգի Գրիգորյան. “Երբ ծանոթացա սցենարին, հասկացա` ինձ դժվար ճանապարհ է սպասում”

Շատերը Մեգգի Գրիգորյանին կհիշեն հեռուստաէկրանից, երբ “Դար 21” հեռուստատեսությամբ նա վարում էր ժամանցային ծրագրեր, իսկ սերիալասեր հասարակությունն այժմ առիթ ունի դիտելու նրա խաղը “Կտակով Թագուհի” հեռուստասերիալում, որտեղ մարմանավորում է գլխավոր դերակատարուհուն: Բնավորության համաձայն, փոփոխություն փնտրելով, ճամպրուկները հավաքեց եւ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ` նոր կյանքի հետեւից: Bravo.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամեն ինչ՝ նախասիրությունների, դժվարությունների եւ սերիալում խաղալու առաջարկի մասին: 

Ամեն ինչ սկզբից

Մեգգի Գրիգորյանը


Մասնագիտությամբ լեզվաբան եմ, սովորել եմ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Սովորելու տարիներին բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտվեցի “Դար 21” հեռուստաընկերությունում եւ միանգամից ընդունվեցի աշխատանքի որպես հաղորդավարուհի:

Պետք է խոստովանեմ` մինչեւ աշխատանքի ընդունվելն անցել եմ շատ երկար հեռուստատեսային ճանապարհ, փոքր տարիքից նկարահանվում էի դոկումենտալ ֆիլմերում, տարբեր գովազդային հոլովակներում եւ տեսահոլովակներում: “Դար 21”–ում ես թողել եմ իմ պատանեկության ամենաուրախ եւ հիշարժան երկու տարիները, որոնք միշտ ինձ համար անփոխարինելի կլինեն:

Կարծես`մի բան պակասում էր իմ կյանքում:

Հայրենիքում ամեն ինչ լավ էր, սովորում էի, աշխատում եւ պարում “Բերդ” պարային անսամբլում, շրջապատված էի հիասքանչ մարդկանցով, բայց ինձ փոփոխություն էր պետք:

Էությամբ շատ ակտիվ եմ ու շուտ եմ հոգնում միապաղաղությունից, դա էլ պատճառներից մեկն էր, որ որոշեցի կտրուկ փոփոխություն կատարել կյանքումս: Մեկնեցի նահանգներ` սովորելու եւ երկրին ծանոթանալու նպատակով, բայց ճակատագրի բերումով մնացի եւ նոր կյանք սկսեցի:

Մեգգի Գրիգորյանը եւ Դավիթ Սեխպեյանը


Արդեն 6 տարի է այստեղ եմ, նոր կյանք սկսելն յուրաքանչյուր երկրում դժվար է, սակայն երբ որոշում ես դիմել այդ քայլին, պետք է պատրաստ լինես ցանկացած դժվարության:

ԱՄՆ-ում ծանոթացա Լոս Անջելեսի հայ համայնքի համար գործող պրոդյուսերների եւ հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ եւ սկսեցի համագործակցել: Մոտ չորս տարի աշխատեցի “Meridian” ընկերության հետ, որի օգնությամբ վարում էի “M-Stage” ժամանցային ծրագիրը, ապա` երկու տարի “ARtN/Shant” հեռուստատեսությամբ հեռարձակվող “ARt news” տեղեկատվական հաղորդաշարը: Այդ ընթացքում սկսեցի հետաքրքրվել այլընտրանքային բժշկությամբ, որն այստեղ շատ արդի է, քանի որ գիտակցում էի` հայկական շոու-բիզնեսի աշխարհը չի կարողանա ապահովել ապագաս:

Այժմ աշխատում եմ հոգեկան եւ էմոցիոնալ խնդիրներ ունեցող մարդկանց հետ`փորձելով շտկել նրանց առողջական խնդիրները: Այսքանով էլ չբավարարվեցի եւ մոտ մեկ ամիս հաճախեցի դիամահարդարման դասերի, իսկ հանգստյան օրերին եւ ազատ ժամանակ ունենալու դեպքում զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով:

Նման հսկայական երկրում ոտքի կանգնելու համար հարկավոր է շատ աշխատասեր լինել, իսկ ես անում եմ այն, ինչ սիրում եմ, ինչ ինձ հոգեհարազատ է, եւ փորձում եմ համատեղել հաճելին օգտակարի հետ:

Մոտ մեկ շաբաթ շոկի մեջ էի

Մեգգի Գրիգորյանը եւ Արամ MP3-ը


Սերիալում նկարահանվեու առաջարկ առաջին անգամ ստացա 2013 թվականին, որն ինձ համար անչափ անսպասելի եւ անգամ սարսափելի էր: Չլինելով պրոֆեսիոնալ դերասանուհի` պետք է մարմնավորեի գլխավոր դերակատարուհուն “Թուղթ ու գիր” հումորային հեռուստասերիալում:

Սերիալների աշխարհը շատ հետաքրքիր փորձ եւ բացահայտում էր ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ ռեժիսոր եւ դերասան Զորիկ Բեկ-Գասպերենցին: Մտածում էի` սա իմ առաջին եւ վերջին փորձն է, բայց երբ պրոդյուսեր Արա Ղազարյանից ստացա առաջարկ նկարահանվել “Կտակով Թագուհին” հեռուստասերիալում, մոտ մեկ շաբաթ շոկի մեջ էի, հատկապես երբ իմացա, թե ինչ դերասանների հետ եմ համագործակցելու:

Երբ ծանոթացա սցենարին, հասկացա, որ ինձ շատ դժվար ճանապարհ է սպասում, քանի որ կերպարս շատ հուզական եւ հոգեբանական խորը բնույթ ունի: Կարող եմ ասել, որ դերասաններ Ալլա Թումանյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Արթուր Դարբինյանի, Լեւոն Շարաֆյանի, Ալիս Կապլանջյանի, Դավիթ Սեխպեյանի, Թագուհի Վարդանյանի եւ Նարեկ Ներսիսյանի կողքին խաղալը տվեց իր արդյունքը:

Դա անձնական է, անկեղծ ասած, չեմ սիրում բարձրաձայնել

Մեգգի Գրիգորյանը եւ Լեւոն Շարաֆյանը


Երբ ունենում ես ժամանակի զգացողություն եւ կարողանում ես ամեն ինչ ճիշտ դասավորել, ապա առանց որեւէ խնդրի հնարավոր է հասցնել ամեն ինչ: Անձնականիս մասին չեմ սիրում խոսել, կներեք :)

Իմ սիրտն ու հոգին միշտ Հայաստանում է, չնայած արդեն վեց տարի է անցել, բայց ես միեւնույն է ապրում եմ Հայաստանով, քանի որ այնտեղ են իմ հարազատները եւ ընկերները: Կապս չեմ կտրում նրանցից, ապագայում պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարոտս անբացատրելի է:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մեգգի Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին