×


Մեգգի Գրիգորյան. “Հասկացա, որ մենակ եմ ու անզոր”

Հաղորդավար, դերասան, լեզվաբան, դիմահարդար, հոգեբան… Շարքը շարունակելի է Մեգգի Գրիգորյանի ընտրած ոլորտները ներկայացնելու համար:): BRAVO.am-ը դեռ նախորդ տարի ներկայացրել է Լոս Անջելեսում նկարահանված “Կտակով թագուհին” սերիալի գլխավոր դերակատարին: Մեգգիի հետ նոր հարցազրույցի առիթը նրա վերադարձն է Հայաստան: Նա լուսանկարվել է մայրաքաղաքի իր սիրելի վայրերից մեկում եւ պատմել իր ամերիկյան ապրելակերպի, ծնողների ու նորությունների մասին:

Մեգգի Գրիգորյանը


Երբ Հայաստանից մեկնում էի, ինձ ամեն ինչ այնքան գունեղ էր թվում, բայց տեղափոխվելուց հետո հասկացա` տարբեր դժվարությունների միջով պիտի անցնեմ, որ հզոր երկրում մենակ եմ ու անզոր: Թեեւ Երեւանում մասնագիտացել էի լեզվաբանության ոլորտում, այնտեղ լեզվի խնդիր ունեի. առ այսօր ունեմ ամերիկյան անգլերենով շփվելու դժվարություններ: Սկզբում բնակվում էի Բոստոնում, աշխատում էի հորաքրոջս ընտանիքի ընկերությունում, որը զբաղվում էր անշարժ գույքի առք ու վաճառքով, այնուհետեւ Գլենդելում ինձ գրավեց իմ անվամբ խանութը, որտեղ մեկ ամիս աշխատեցի անգլերենով շփման խնդիրը հաղթահարելու նպատակով:

Ի սկզբանե Գլենդելում ապրելու միտք չունեի, այն իսկապես փոքր Հայաստան է:

Մինչեւ օվկիանոսից այն կողմ տեղափոխվելը, չորս ամիս բնակվել եմ Ֆրանսիայում, բայց Եվրոպայում ապրելու ցանկություն չունեցա, որովհետեւ ԱՄՆ-ում զրոյից սկսելու համար կյանքն ավելի հասանելի է: Ափսոսում եմ, որ հայրենիքից հեռու եմ, եւ չգիտեմ էլ` երբ նորից կվերադառնամ:

Հայրս ատամնաբույժ է, մայրս էլ` նրա բուժքույրը:
Ռուսաստանից աշխատանքի հրավեր ստանալով` կրտսեր եղբորս հետ տեղափոխվեցին, երբ ես արդեն հաստատվել էի ԱՄՆ-ում: Նրանց խնդրանքով փորձեցի իրենց հետ այնտեղ ապրել, բայց չկարողացա հարմարվել: Եղբայրս էլ այժմ մագիստրատուրան պետք է շարունակի Անգլիայում, ծնողներս շատ կտխրեն, բայց կրթությունը շատ կարեւոր է:

Մեգգի Գրիգորյանը


Մինչ Հայաստան գալը որոշ ժամանակ մնացի Ռուսաստանում: Հայրիկս ինձ համար փոքր տարածք էր վերցրել` առաջարկելով դիմահարդարման սրահ բացել: Այդպես ուզում էր ինձ իր կողքին պահել, բայց նախընտրում եմ Ամերիկայում ապրել: Հիմա պիտի կրկին գնամ Կալինինգրադ` ծնողներիս մոտ, որից հետո` Գլենդել:

Իմ ողջ գիտակցական կյանքում անընդհատ ինքնաթիռների մեջ եմ:
Ընտանիքիս հետ մի անգամ հանդիպեցի Իսրայելում, այնուհետեւ Դոմինիկյան Հանրապետությունում, երեք տարի առաջ` Հայաստանում, այս տարի ուզում ենք Ֆրանսիա մեկնել, մյուս տարի էլ գուցե եղբորս մոտ՝ Անգլիայում հանդիպենք: Հայրիկիս գործերը լավ են, փառք Աստծո, եւ կարողանում ենք ճամփորդել:

ԱՄՆ մեկնելու պատճառներից մեկն այն էր, որ ուզում էի կայանալ ու ինքնահաստատվել: Ինքնուրույն կարողանում եմ վաստակել, իհարկե, դեռ չեմ հասել այն մակարդակին, որ ծնողներիս գումար ուղարկեմ, բայց լավ կլինի, որ դրա կարիքն էլ չլինի, որովհետեւ եթե պապաս չաշխատի, կհիվանդանա:

Լոս Անջելեսում աշխատում եմ հայկական հեռուստատեսությունում, բայց դրան զուգահեռ երկրորդ անգամ ստացա կրթություն ու սկսեցի ուսումնասիրել այլընտրանքային բժշկությունը: Արդեն բավական ժամանակ աշխատում եմ աուտիզմ ունեցող երեխաների, նաեւ մեծահասակների հետ: Քանի որ վերադարձել եմ անորոշ ժամանակով, աշխատանքս կիսատ եմ թողել:

Մեգգի Գրիգորյանը


Ամերիկահայ երիտասարդները այդքան հետաքրքրված չեն սերիալներով, թիրախային լսարանը միջինից բարձր տարիքի հայերն են, այդ պատճառով Լոս Անջելեսում սերիալային արտադրանքն ավելի շատ է: Երբ Արա Ղազարյանը հրավիրեց գլխավոր դերակատարի համար, իսկապես զարմացել էի. ավելի արժանի ու համապատասխան դերասանուհիներ կան: Սցենարը կարդալով` հասկացա, որ պետք է շատ լաց լինեմ ու դժբախտ աղջկա կերպարում լինեմ: Երբ հիմա ուզում են հումորային ծրագիր նկարել, կատակով ասում եմ, որ հայերը լացուկոծ են սիրում, հումորը չի աշխատի:

Նախքան Երեւան վերադառնալս նկարահանվել եմ “Cee Lo Green”-ի եւ հայտնի մի ռեփերի զուգերգի տեսահոլովակում:
Այստեղ էլ նկարահանվել եմ ֆրանսիական գովազդում: Չեմ կարող հայկական շոու-բիզնեսով սահմանափակվել, այդ դեպքում ավելի լավ է Երեւանում ապրել, կիմանամ` իմ տանն եմ: Հեռուստատեսությունից շատ բան եմ սովորել, բայց իմ նպատակը հայկականի սահմանից դուրս գալն ու ավելի աճելն է:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին