×


Մեդուզա Գորգոնա. զարդերի թագուհի

Փարիզի Մոդեռն արվեստի թանգարանի հերթական ապշեցուցիչ ցուցահանդեսը կրում է «Մեդուզա» խորագիրը: Սակայն մի ակնկալեք տեսնել հին հունական դիցաբանության թերեւս ամենատպավորիչ արարածին նվիրված ցուցադրություն, եւ նույնիսկ Կարավաջոյի հանրահայտ «Մեդուզան» չի բերվել Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանից ձեզ տպավորելու համար:

«Մեդուզա» ցուցահանդեսին ներկայացված զարդերից


Բավականին անսպասելիորեն, փարիզյան լայնածավալ «Մեդուզա» ցուցահանդեսը նվիրված է թանկարժեք եւ ինքնատիպ զարդերին: Կազմակերպիչների կարծիքով, զարդը նման է Մեդուզա Գորգոնային, գերում եւ կախարդում է իրեն կրող կամ պարզապես դիտող յուրաքանչյուրին:

«Մեդուզա» ցուցահանդեսին ներկայացված զարդերից


Ցուցահանդեսը համախմբում է ավելի քան 400 նմուշ. Cartier, Victoire de Castellane, Van Cleef & Arpels, Buccellati հանրահայտ տների ապշեցուցիչ եւ թանկարժեք զարդերը, Մայքլ Ջեքսոնի ադամանդյա ձեռնոցը, Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենին եւ Շանելի «Աստղ» բռոշը ուղեկցվում են Ման Ռեյի, Դալիի, Պիկասոյի, Կալդերի, Նիկի դը Սեն Ֆալի, Լուչիո Ֆոնտանայի եւ տասնյակ այլ հանրահայտ արվեստագետների նմուշներով` հիշեցնելով, որ մենք ի վերջո թանգարանում ենք եւ ոչ Վանդոմյան հրապարակի բուտիկներում: Նմուշներին զուգահեռ ներկայացված են հետաքրքիր տեսանյութեր եւ լուսանկարներ` պատմող զարդերի պատմական նշանակության, տարատեսակ օգտագործման, սոցիալական դերի եւ կարեւորության մասին: Ցուցահանդեսի համադրող Ան Դրեսենը խոստովանում է. թանգարանում զարդեր ցուցադրելու համար պետք է գտնել ճիշտ պատճառաբանություն եւ հետաքրքիր կոնտեկստ, հակառակ դեպքում արվեստի հետքերով թանգարան եկած այցելուին բավարարելն անհնար է:   

«Մեդուզա» ցուցահանդեսը ինքնատիպ է եւ տարբերվող, այն կարելի է տեսնել Փարիզի Մոդեռն արվեստի թանգարանում մինչեւ սույն թվականի նոյեմբեր ամիսը:

Լիլիթ Սոխակյան
Փարիզ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին