×


Մելինե Բիլբուլյան. “Երգի միջոցով ուզում եմ ինձ անվերջ բացահայտել…”

Մասնագիտությամբ ինժեներ-երկրաբան Մելինե Բիլբուլյանը մոտ 4 տարի է աշխատում ու ստեղծագործում է Լիբանանում: Ինքնատիպ արտաքին եւ ոճ ունեցող Մելինեն վերջերս ներկայացրեց իր առաջին` “Արի դու” հեղինակային երգը: Մելինեի երաժշտական ոճը արտաքինի նման ինքնատիպ է: Երգչուհու խոսքերով, նա դեռեւս փորձարարական շրջանում է՝ նախապատվություն տալով ինդի եւ էլեկտրոնային երաժշտությանը: Bravo.am-ը զրուցել է Մելինեի հետ ոճային ու մասնագիտական առանձնահատկությունների, ոգեշնչման եւ այլնի մասին:

Մելինե Բիլբուլյանը


Իմ մասին որ պատմեմ, չեք հավատա:)։ Անկեղծ ասած, դժվար է “տենց դնել ու պատմել իմ մասին”։ Բայց մասնագիտությանս մասին ավելի հեշտ է. ինժեներ-երկրաբան եմ, ավարտել եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը։ 16 տարեկան էի, երբ մասնագիտությունս ընտրեցի, բայց թե ինչո՞ւ եմ ընտրել` մեծացա, մոռացա։
Բայց լավն այն է, որ հիմա սիրով աշխատում եմ իմ մասնագիտությամբ, ափսոս ոչ Հայաստանում, կամ էլ, բարեբախտաբար` հայրենիքի անտառները գոնե “վարի չեմ տալիս”:

Մոտավորապես չորս տարի է, ինչ Լիբանանում եմ ապրում։ Աշխատում եմ, արաբերեն եմ սովորում, յուրացնում եմ Լիբանանի հարուստ մշակույթը, օգտվում համով խոհանոցի բարիքներից, ծովից։ Ընկերներիս ու ամուսնուս հետ մշակութային տարբեր միջոցառումների, հատկապես համերգների ենք մասնակցում, հաճելի ժամանակ անցկացնում։

Մելինե Բիլբուլյանը


Լիբանանը հակադրություններով լի երկիր է, ունի 18 կրոնական կառույցներ, հետեւաբար` շատ բուռն քաղաքական կյանք ու իրադարձություններ, եւ մենք էլ ամենօրյա քննարկումներից մեզ անմասն չենք պահում։

Նախասիրություններ շատ կան եւ կան շատ ավելի նախընտրածները։ Վերջերս հայտնաբերված նախասիրություններից է եփելը, նոր սովորածներից՝ հեծանիվ վարելը, լողալը։ Նախընտրում եմ գնալ արեւելյան երկրները տեսնելու, քան արեւմտյան, որովհետեւ վիզայի համար վազվզոց չկա՝ ճամփորդելու հավեսը չի կորում։

Մելինե Բիլբուլյանը


Բայց ամենից մեծ նախասիրությունն երաժշտությունն է: Դասականից մինչեւ հատկապես 60-ականների էլեկտրոնային երաժշտություն եմ լսում ու սիրում լսել, շատ եմ կարդում երաժշտության մասին: Ազդեցություն են ունենում կամ ունեցել բոլոր նրանք, ում սիրել ու սիրում եմ՝ Կոմիտասից մինչեւ Ջոն Քեյջ, Զեմֆիրայից մինչեւ Բյորկ, հայերից մինչեւ լիբանանցի երաժիշտներ, “The Deenjes”-ից մինչեւ “Soapkills” ու “Mashrou' Leila”:  Այս շրջանում լսում եմ Հայրիկ Մուրադյան, Lamb, Alpha, Die Antwoord, Archive, Zeid and The Wings, Rami Khalife, Lisa Hannigan :):

Եթե երգ գրելը չստացվեր, երգելը հաստատ չէր ստացվելու։ Բնազդաբար է ստացվել, երաժշտության միջոցով եմ ինքնաարտահայտվում։ Ոգեշնչու՞մ … Երաժշտության հանդեպ սերն ու, գուցե տարօրինակ հնչի, բայց նորագույն տեխնոլոգիաներն են եղել ոգեշնչումս։ Երբ “GarageBand” ծրագիրն առաջին անգամ բացեցի, բացահայտեցի, թե ինչքան մեծ հնարավորություններ է տալիս երգ գրելու, գործիքավորելու ու այն ամբողջականացնելու համար։ Առաջին երգը գրեցի այդ ծրագիրը բացահայտելու առաջին իսկ օրը ։)։

Նախ` երգի խոսքերն եմ գրում, հետո` երաժշտությունը: Մի գիշեր “Արի Դու”  երգի բառերը մտքումս խմորվեցին ու չթողեցին ինձ քնել, այնքան ժամանակ, մինչեւ թղթին չհայտնվեցին։ Ոգեշնչվեցի կյանքից` ամենապարզ, ամենագեղեցիկ ու բոլորին հասանելի հաճույքները վայելելու կարեւորությունը տեսնելու ու ապրելու ամենաիրական ցանկությունից, կյանքն ազատորեն ու հավասարապես վայելելու՝ անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից, սեռական, քաղաքական կամ որեւէ այլ կողմնորոշումից։

Մելինե Բիլբուլյանը


Երգը հայերենով է, ճիշտն ասած, ինձ համար հայերենով ամեն ինչ անելն է հեշտ եւ հաճելի ։):

Երգը գործիքավորել է Լիբանանի, նաեւ ողջ արաբական ալտերնատիվ երաժշտության ասպարեզում ամենաճանաչված երաժիշտներից մեկը` Զեդ Համդանը։ Ի դեպ, չտիրապետելով հայերենին, հենց Զեդն է երգում “Արի Դու”-ի բեք-վոկալային մասը։

Կարծում եմ, երգիս հարստությունը դրա շուրջ հավաքված տարբեր ազգերի ու մշակույթներ ունեցող մարդկանց համագործակցությունն է։ Օրինակ` այնքան հաճելի էր, որ Զեդն ու ձայնային ինժեները՝ Զիադ Սիդաուին, անգիր էին սովորել երգի բառերը եւ ձայնագրման ընթացքում ինձ հետ հավասար երգում էին։ Շատ հարուստ փորձառություն էր թե իմ, եւ թե իրենց համար։

Այժմ մտածում եմ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մասին: Ու դեռ կմտածեմ, մինչեւ իմ, կամ որեւէ մեկի մոտ մի լավ միտք ծնվի դրա վերաբերյալ։ Շարունակում եմ աշխատել հաջորդ երգերի վրա եւ մտածում նոր համագործակցությունների ու նոր գաղափարների մասին։

Մելինե Բիլբուլյանը


Downtempo, Electronica, Trip Hop, Neo-jazz` չեմ ուզում ինձ սահմանափակել երաժշտական որեւէ ժանրում։ Ո՞վ գիտի, առաջին երգից հետո մյուսները գուցե այլ զարգացում ստանան։

Կյանքն իր ամենօրյա իրադարձություններով ոգեշնչում է ինձ։ Գրելով` ապրածս մարսում եմ, կամ էլ վերապրում, բայց ամեն դեպքում ինձ շատ հաճելի պրոցես է։ Մայրիկս էլ է գրում, չնայած միայն վերջերս եմ թույլտվություն ստացել իր գրածները կարդալ։ Իմ գրելու ցանկությունն էլ գուցե ժառանգական է, գուցե եւ ձեռքբերովի :):

Շատ նպատակներ ունեմ, իսկ երազանք`երազում եմ միշտ հնարավորություն ունենալ անել այն, ինչ իսկապես սիրում եմ։ Երգի միջոցով ուզում եմ ինձ անվերջ բացահայտել:

Ստորեւ առաջարկում ենք լսել Մելինեյի առաջին` “Արի Դու” կատարումը, իսկ ստեղծագործական նորություններին կարող եք ծանոթանալ երգչուհու ֆեյսբուքյան էջում:

Զրուցեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին