×


Մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում արդեն 4-րդ անգամ ազդարարվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հանդիսավոր բացումը: Այս տարի այն ստացել է «Չուխաջյանֆեստ» անվանումն ու նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին: Փառատոնը նվիրվում է նաեւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյակին: Միջոցառման ընթացքում տեղի կունենա 8 համերգ:

Կարեն Դուրգարյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը


Երեկոն բացեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, փառատոնի հիմնադիր Ռոբերտ Ամիրխանյանը: «Այսօր չհորինված տոն է մեզ համար: Սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը թիկունք են հանդիսանում մեզ համար: Հպարտ ենք հնչեցնելու մեր երաժիշտերի ստեղծագործությունները: Հայ կոմպոզիտորները մեր երկրում պետք է պաշտպանված լինեն եւ նրանց ստեղծագործությունները հնչելի լինեն»:

Ռոբերտ Ամիրխանյանը նաեւ հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական բնույթ կկրի. «Հուսով եմ, որ մեզ ոչինչ չի խանգարի, որ փառատոնը շարունակական բնույթ կրի, եւ մենք կգտնենք ձեր բարեկամությունը, որովհետեւ եթե կոմպոզիտորը նույնիսկ 100 երգ գրի, բայց  չդիպչի մարդկանց հոգուն, նշանակում է՝ ոչինչ չի արել»:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հանդիսավոր բացմանը


Համերգի ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն երաժշտական  ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ եւ երգչախումբը` գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ ներկայացրին հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» եւ «Կարինե» օպերաներից:

«Ամենակարեւորն այն է, որ փառատոնի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների` տարբեր ժանրերը ներկայացնող  ստեղծագործությունները: Կարեւոր է, որ 21-րդ դարում հայ կոմպոզիտորի երաժշտությունը հնչում է Հայաստանում: Եթե մենք չնվագենք, ապա ո՞վ», ասաց Կարեն Դուրգարյանը:

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը


Դիրիժորը հավելեց, որ խնդիր է դրված ձայնագրել ու աշխարհին ներկայացնել հայ կոմպոզիտորների դասական արվեստը. «Համերգները, բնականաբար, ձայնագրվում են, մենք հնարավորություն կունենանք ցուցադրել դրանցից մի քանիսը արտասահմանում»:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անց է կացվում 2010 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժտագետների միությունը:

BRAVO.am-ը Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարենրը` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW