×


“Մեր գյուղը” Ռուսաստանում կդառնա “Հարսնացուն հյուսիսից 2” :)

2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին նվիրված “Անավարտ թռիչք” գեղարվեստական ֆիլմը Հայաստանում մեծ էկրան բարձրացավ փետրվարին, իսկ օրեր առաջ Տիգրան Մակարյանի, Տաթեւ Հովակիմյանի, Սերժ Ավետիքյանի, Լուիզա Ղամբարյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ դրամայի պրեմիերան կայացել է Մոսկվայում եւ Սոչիում:

"Անավարտ թռիչք" ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը եւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը` մոսկովյան պրեմիերային


Ռեժիսոր Ելենա Արշակյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հունիսի 2-ին տեղի ունեցած մոսկովյան ցուցադրությանը ներկա են եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը եւ կինոարտադրության ոլորտի հայտնի այլ մարդիկ.“Առաջին ցուցադրությունը, որ միաժամանակ ընթացել է երեք դահլիճում, սպասվածից ավելի լավ անցավ: Ներկա էին մեծ մասամբ հայեր, նաեւ ռուսներ, հրեաներ եւ վրացիներ: Ֆիլմը ցուցադրվում է ռուսերենով”:

Հունիսի 7-ին մելոդրաման հանձնվել է Սոչիի հանդիսատեսի դատին. “Ներկա էին նաեւ զոհվածների հարազատներից: Ինչպես բազմիցս նշել եմ, ինձ համար ամենակարեւորը հենց նրանց հարազատների կարծիքն է”,-նշել է ռեժիսորը:

Այժմ Ելենան մասնակցում է “Կինոտավր” բաց փառատոնի կինոշուկային. “Ֆիլմն այստեղ ներկայացնում ենք կինովարձույթի համար: Այն կցուցադրվի Ռուսաստանի մյուս քաղաքներում. արդեն նախատեսված է ցուցադրում շուրջ 200 կինոթատրոնում”:

Գարիկ Մարտիրոսյանը` "Անավարտ թռիչք" ֆիլմի մոսկովյան պրեմիերային


Ֆիլմի հեղինակները պայմանագիր են կնքել ռուսական “Грани кино” ընկերության հետ, որի տնօրեն, պրոդյուսեր Սերգեյ Նազարովը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքով պայմանավորված է որոշել Ռուսաստանում հայկական ֆիլմ ցուցադրել.“Երիտասարդ ռեժիսորի աշխատանքն ինձ հիացրեց: Երբ Հայաստան էի այցելել` այս ֆիլմի ցուցադրման պայմանագիրը կնքելու, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին առաջարկեցի ցույց տալ իրենց արտադրած մեկ այլ ֆիլմ եւ դիտեցի մի քանի սերիայից բաղկացած “Մեր գյուղը”: Քանի որ Ռուսաստանում հայտնի է “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, մտադրություն ունենք ռուսերեն կրկնօրինակել եւ անվանել “Հարսնացուն հյուսիսից 2”, կամ էլ կընտրենք մեկ այլ վերնագիր”:

Ելենա Արշակյանն ու Սերգեյ Նազարովը հայտնել են, որ համագործակցությունն առաջիկայում կշարունակվի “Մեր գյուղը” ֆիլմով, որն, ինչպես արդեն հայտնել ենք, Կանադայի “Pomegranate Film Festival” հայկական ֆիլմերի փառատոնին ժյուրիի կողմից ճանաչվել է 2014 թվականի լավագույն ֆիլմ, նաեւ ստացել “Հանդիսատեսի համակրանք” մրցանակը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին