×


Մերի Ազոյան.“Հովոն այն բացառիկ ամուսիններից է, ով…”

Մերի Ազոյանը շրջապատում հայտնի է ոչ միայն որպես դերասան Հովհաննես Ազոյանի կին, այլեւ հաճելի բնավորությամբ դիմահարդար:): Նա ամուսնու հետ խնամում է դուստրերին` Կարինայի եւ Վիկտորիային, զբաղվում սիրելի աշխատանքով, օրերս էլ լուսանկարվել է BRAVO.am-ի “Fashion” բաժնի ֆոտոշարքում:

Մերի Ազոյանը


Կիսաշրջազգեստ, համեստ բլուզ, բարձրակրունկ կոշիկներ. այսպես հագնված ես գնում եմ աշխատանքի, սրճարան, բայց ոչ երեկույթի: Հագուստին մեծ կարեւորություն եմ տալիս, միշտ հաշվի եմ առնում, թե այն որտեղ պետք է կրեմ:

Զգեստապահարանս հաճախ եմ թարմացնում: Տարվա յուրաքանչյուր եղանակին միշտ նոր հանդերձներ եմ գնում: Սիրում եմ աքսեսուարներ, ամենից շատ` գլխի զարդարանքներ: Զգեստապահարանումս բացակայում է կարմիր գույնը, փոխարենը սիրում եմ սեւը, սպիտակը, մոխրագույնը, փիրուզագույնը եւ կանաչի բոլոր երանգները:

Չեմ սիրում ավելորդ ճոխություն. երբեք չեմ ձգտել դրան, կարծում եմ` հասարակի մեջ էլ կարելի է շքեղ տեսք ունենալ: Մինիմալիստական ոճի սիրահար եմ, ինձ համար նորաձեւ է այն, ինչ սազում է: Նորաձեւության միտումներին միշտ հետեւում եմ, բայց հաճախ չեմ կիրառում:

Մերի Ազոյանը` դստեր հետ


Հովոյի կարծիքը հաշվի եմ առնում: Նա միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս եւ այն բացառիկ ամուսիններից է, ով հագուստի հարցում արգելքներ չի դնում. կարող եմ կարճ շրջազգեստներ եւ բաց դեկոլտեներ կրել… Գիտի, որ երբեք չափը չեմ անցնի: Ի դեպ, չի սիրում, երբ լայն զգեստներ եմ հագնում, նշում է` դրանք ինձ գիրացնում են, իսկ իմ կազմվածքը թույլ է տալիս իրանս ընդգծող հագուստ կրել:

Երբեք ամբողջ աշխատավարձս հագուստի վրա չեմ վատնել: Ւմ չափը գիտեմ եւ այն կանանցից չեմ, որ մտնում են խանութ եւ կորցնում իրենց: Եթե մի բան ինձ շատ է դուր գալիս, բայց այդ պահին մոտս անհրաժեշտ գումարը չի լինում, երբեք չեմ վերադառնում դրա հետեւից:

Մերի Ազոյանը` դստեր հետ


Բալիկներիս եւ ամուսնուս հետ շաբաթվա մեջ մեկ օր պարտադիր դուրս ենք գալիս զբոսնելու: Բուսաբանական այգին շատ ենք սիրում, այնտեղ միշտ քիչ մարդ կա:

Ես Կարինայի արքայադուստրն եմ:): Մեծ աղջիկս ինձ կրկնօրինակում է: Բավական ինքնուրույն երեխա է. դպրոց գնալիս ինքն է որոշում` ինչ կրի: Միշտ ուզում է շորիկներ հագնել, եւ նշանակություն չունի, թե դրսում ինչ եղանակ է:

Միշտ հիացել եմ Սոֆի Դեւոյանով, որից էլ փոխանցվել է գլխարկների հանդեպ սերս:): Նա մինչ օրս էլ շատ նորաձեւ է հագնվում եւ խնամված տեսք ունի: Պարել եմ նրա Պարի եւ հոգու թատրոնում: Նա առաջին կինն է, ում ցանկացել եմ նմանվել:

Մերի Ազոյանը


Ամուսինս դեմ չէ իմ ոճային փոփոխություններին: Երբեք կտրուկ քայլերի չեմ դիմում. չեմ կարող միանգամից շատ կարճ կտրել վարսերս: Ժամանակին շիկահեր էի, բալիկից հետո, հոգեվիճակի փոփոխությամբ պայմանավորված, սկսեցի սիրել եւ նախընտրել բնականը:

Պիտակամոլ չեմ, բայց ունեմ սիրելի բրենդներ: Հաճույքով կրում եմ, օրինակ, “Мarc Jacobs”, “Etro”, “Armani”, բայց ամբողջ աշխատավարձս “Coco Chanel”-ի մեկ զույգ կոշիկին չեմ տրամադրի: Եթե առաջարկեին “Etro”-ի նոր հավաքածուի դեմքը լինել, հաստատ չէի հրաժարվի:):

Մերի Ազոյանը


BRAVO.am-ի ֆոտոշարքի համար նախատեսված երրորդ կերպարում ավանգարդ ոճում եմ: Այս հագուստով կգնամ շատ մտերիմ մարդու հարսանիքին, բալետ դիտելու, կամ էլ կմասնակցեմ լուսանկարահանման:):

Հատուկ առիթներին ցանկալի է ունենալ այնպիսի տեսք, որ գոնե մեկ շաբաթ խոսեն:): Սիրում եմ շրջապատում առանձնանալ ինքնատիպ տեսքով: Հիշում եմ` “Քայլ ձիով” ֆիլմի պրեմիերային ներկայացա գլխարկով, որն ամուսինս բերել էր Ղազախստանից:

Մերի Ազոյանը


Հասկացա, որ հասունացել եմ բիզնեսով զբաղվելու համար, որը ես եւ ընկերուհիս ենք հիմնել: Սիրում եմ իմ գործը, բայց եթե չզբաղվեի դիմահարդարմամբ, ապա ոճաբան կդառնայի: Սովորական կյանքով եմ ապրել, չեմ ունեցել հարուստ հայր, որ նման բաներ ինձ նվիրեր, իսկ հիմա թեւեր ունի ամուսինս, ճախրում եմ նաեւ ես:):

Մեր ընտանիքի երջանկության գաղտնիքը ներդաշնակության ու փոխադարձ վստահության մեջ է: Ես եւ Հովոն շատ ենք կիսվում իրար հետ, զրուցում ենք անգամ ամենամանրուքից: Շատ եմ լսում նրա խորհուրդները, եւ կյանքը ցույց է տվել, որ ամուսինս չի սխալվում: Երջանիկ եմ իմ հրաշալի դուստրերով, սիրող ամուսնով եւ շատ սիրելի աշխատանքով:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին