×


Մերի Ներսիսյանի դստեր առաջին լուսանկարները :)

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանը BRAVO.am-ին են վստահել իրենց երկրորդ դստեր՝ Սառայի առաջին լուսանկարները հրապարակելու իրավունքը: Երկու աղջնակների մայրիկը մեզ հետ զրույցում ասել է, որ ֆոտոշարքի մտահղացումն ամուսնունն է:  

Մերի Ներսիսյանի ընտանիքը


«Հղիությանս վերջին ամսում ինձնից գաղտնի նա գտել էր համապատասխան լուսանկարչի, պայմանավորվել էր եւ ծննդաբերությանս օրը հայտնեց, որ 10 օրից նրան տանելու ենք լուսանկարահանման: Ես, ինչ խոսք, շատ ուրախ էի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար վաղը փոքրիկ ու բարի հուշ է դառնալու: Ի դեպ, Սառան բացառիկ լուսանկարներ էլ ունի. հայրիկը նրան լուսանկարել է ծնվելուց վայրկյաններ անց՝ պորտալարով»,-պատմել է Մերին:

Սառան սովորաբար կեսօրին շատ հանգիստ է լինում, հաճախ քնում է, սակայն տաղավար մտնելուն պես ակտիվացել է: Նկարահանման ժամանակ նա բավական պրոֆեսիոնալ է աշխատել ֆոտոխցիկի հետ. որտեղից որտեղ գտել է օբյեկտիվն ու անթարթ նայել դրան:

Նորածին Սառան


Դստեր լուսանկարները չհրապարակելու համար ծնողները հստակ պատճառներ չեն ունեցել: Նրանք հեռու են սնահավատություններից, պարզապես այդպես են որոշել: Այդուհանդերձ, վստահ են, որ բոլոր ընկերները, ծանոթներն ու անծանոթները սպասում են Սառայի լուսանկարներին, քանի որ միշտ էլ կիսել են իրենց ընտանիքի ուրախությունն ու երջանկությունը:

«Սառան կարգուկանոնով աղջիկ է: Նա կարծես նորից ծնված մեծ մարդուկ լինի: Ունի որոշակի պահանջմունքներ, որոնք բավարարելու դեպքում նա պատրաստ է անվերջ ժպտալ եւ ուրախ խաղալ: Անիմաստ երբեք լաց չի լինում: Ցանկացած լաց պահանջ է կամ բողոք՝ սոված եմ, քունս է տանում, ձանձրանում եմ»,-նշել է Մերին եւ հավելել. «Նա փոխել է մեր կյանքը, մեր առօրյան: Կարծես դարձել է իմ փոքրիկ բրոշը. ուր գնում եմ, ինձ հետ է, քանի որ կրծքով է կերակրվում: Առանց նրա այլեւս չենք պատկերացնում մեր օրը»:

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի դուստրը՝ Սառան


«Մայրիկների ակումբ»-ի հաղորդավարուհու խոսքով՝ ավագ դուստրը եւս սիրով ու ջերմությամբ է վերաբերվում նորածին քույրիկին: Էվան շատ էր սպասում Սառայի ծնվելուն, չի կարողանում հավատալ, որ վերջապես քույրիկ ունի: Մերին առաջին օրերին փորձել է թույլ չտալ շատ համբուրել, հետո հասկացել է, որ անզոր է եւ այդպես կարող է վնասել նրանց հարաբերություններին, Սառան էլ կարծես սովորել է քույրիկի սիրելու տարբերակներին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անիտա Մատինյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին