×


Մերիի զոհողությունը եւ «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները :)

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում Հենրի Քոչարյանի «Զգուշացեք՛ կանայք են» ֆիլմի պրեմիերան էր: Ստեղծագործական կազմն ու հյուրերն առաջին անգամ դիտեցին ժամանցային կատակերգությունը, որտեղ դավաճանված ու գազազած կանայք պատրաստ էին ամենավտանգավոր քայլերի:):

Մարինկա Խաչատրյանը եւ Մերի Մակարյանը


Ֆիլմը երիտասարդ նկարչի մասին է, որ միաժամանակ սիրաբանում է բազմաթիվ աղջիկների հետ ու ապրում նրանց հաշվին: Բայց ստախոս տղայի դրախտային կյանքը մի ակնթարթում վերածվում է դժոխքի. նրա սիրուհիներից երեքը նույն ժամին հայտնվում են նույն տեղում: Երեք շատ տարբեր կանայք, ովքեր պատրաստ են խելահեղությունների՝ վրեժխնդիր լինելու իրենց խաբած սիրեկանից:

Կատակերգությունում առանցքային կերպարներ են Մերի Մակարյանը, Հասմիկ Վերդյանն ու Մարինկա Խաչատրյանը: Մերին մարմնավորում է ուժեղ ու «վայրենի» կնոջ՝ Ռոզային, ով առաքիչ է, խոսում է ժարգոնով ու իրեն դավաճանած սիրեկանին պատրաստ է նույնիսկ սպանել:): «Դերասանուհին այս կերպարի համար զոհողության է գնացել. գիրացել էր: Ռոզայի կերպարում նա չէր կարող հանդես գալ նուրբ կազմվածքով»,-պատմել է ռեժիսոր Հենրի Քոչարյանը: 

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Մարինկա Խաչատրյանը` զարմուհու հետ


Հասմիկ Վերդյանը «ցնդած» հարուստ սփյուռքահայ կնոջ կերպարում է, ով եւս մինչեւ ականջները սիրահարված է ու դավաճանված լինելու զգացումից հասել է խելահեղության: Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ, ով առաջին անգամ է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, մարմնավորում է համեստ ուսանողուհի Լյուսիին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հենրի Քոչարյանը, Անաիս Սարդարյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք:

Հենրի Քոչարյանի համար երեկ իր նոր ֆիլմի ծնունդն էր.«Երբ առաջին անգամ հանդիսատեսի հետ ես դիտում ֆիլմը, զգացողություններն այլն են: Մեծ լարվածություն կա՝ ինչպես կընդունեն աշխատանքդ»:

Ժենի Քոչարյանը եւ ֆիլմի ռեժիսոր Հենրի Քոչարյանը


Ֆիլմն առաջին անգամ էին դիտում ոչ միայն հյուրերը, այլեւ ողջ դերասանական կազմը.«Նրանք նույնիսկ նկարահանումների ընթացքում որեւէ կադր չեն տեսել: Ես այդ սկզբունքով եմ աշխատում: Դերակատարները ֆիլմը պետք է դիտեն վերջում` պրեմիերային»,-ասել է ռեժիսորը:

Այսօրվանից ֆիլմը երեւանյան բոլոր կինոթատրոնների էկրաններին է: Առաջիկայում նախատեսվում են նաեւ ցուցադրումներ մարզերում եւ Արցախում: «Իրականում ֆիլմ նկարահանելու համար ոչ միայն մեծ գումարներ են հարկավոր, այլեւ, ամենակարեւորը, անհրաժեշտ է քո գործի հանդեպ մեծ սեր, նվիրում ու հավատ, նպատակասլացություն ու համառություն: Այդ դեպքում, կարծում եմ, հաջողությունը կուղեկցի քեզ: Ի վերջո, ես ֆիլմ ստեղծում եմ հանդիսատեսի համար. եթե այն սիրվեց, ապա աշխատանքդ հաջողություն ունի»,-եզրափակել է Հենրի Քոչարյանը:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին