×


“Մի լքիր ինձ”. Ասում են ներառական պարային ներկայացման դերասանները

Հայաստանում ստեղծվել է ներառական պարային պրոֆեսիոնալ առաջին խումբը, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող պարողներ, ովքեր վստահ են`  նպատակները պետք է իրականություն դարձնել: “ՀայՖեստ” միջազգային փառատոնի շրջանակում “Մի լքիր ինձ” պարային ներկայացմամբ օրերս կայացել է պարող դերասանների առաջ բեմելը: Ներառական պարային խումբը ստեղծվել է Բրիտանական խորհրդի “Պար` առանց սահմանների” նախագծի աջակցությամբ:

“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացման պրեմիերային


Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի եւ Մեծ Բրիտանիայի “Կանդուկո” պարային թատրոնի համագործակցության շնորհիվ ստեղծված 50 րոպե տեւողությամբ ներկայացման մեջ պարում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող պարողներ: Ավելի քան մեկ տարի տեւած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո խումբը ներկայացրել է  պատմություններ “Ne Me Quitte Pas”/“Մի լքիր ինձ”/ երգի տարբեր մեկնաբանությունների ներքո:

“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացման պրեմիերային


Այս ծրագիրը մեկնարկել է դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ չորս պարուսույց մասնակցել են վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության “Կանդուկո” ներառական պարային խմբում, որից հետո Հայաստանում անցկացված հինգ դասընթացի արդյունքում ընտրվել են հայկական առաջին ներառական խմբի անդամները:

“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացման պրեմիերային


Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն, աջակցելով ծրագրին, ցանկանում է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին կարծրատիպերը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը կարծում է, որ տաղանդներին հաջողության հասնելու համար հաշմանդամությունը խոչընդոտ չի կարող լինել.“Այս ծրագրին աջակցում է նաեւ դեսպանատունը` խրախուսելով, որ անկախ իրենց հնարավորություններից, հաշմանդամություն ունեցող մարդիկ չսահմանափակեն իրենց երազանքներն ու նպատակները”:

“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացման մտահղացման հեղինակը, բեմադրողն ու նկարչական ձեւավորողը ռեժիսոր Վահան Բադալյանն է, խորեոգրաֆը` Թենի Մաթյանը, պարուսույցը` Մարիաննա Պողոսյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին