×


Միլենա Վարդանյանը՝ Գոռ Վարդանյանի սերիալի, բաց տեսարանների եւ դերասանուհի քրոջ մասին

Միլենա եւ Ելենա Վարդանյան քույրերն ընտրել են դերասանի մասնագիտությունը։ Այս շրջանում Ելենան նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում եւ աշխատում է Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ կրտսեր քույրը՝ Միլենան, նկարահանվում է Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում։ Սկսնակ դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որի հեղինակն է Արվին Քոչարյանը, իսկ զրույցի ընթացքում ասել է, թե ինչպես է վերաբերվում սերիալի արձագանքներին:

Միլենա Վարդանյանը


Միլենան 3 տարի բնակվել եւ կրթություն է ստացել Միլանում.«Սովորել եմ Թատրոնի եւ կինոյի ակադեմիայում, որից հետո աշխատեցի տեղի թատրոնում, դեր ունեի երկու ներկայացման մեջ, բայց մոտ 7 ամիս առաջ վերադարձա Երեւան։ Առաջին պատճառն այն էր, որ ընտանիքիս հետ չէի, միայնակ դժվար էր, բացի այդ, Իտալիայում տնտեսական ճգնաժամ է, հեշտ չէ ապրելն ու աշխատելը։ Հետագայում չգիտեմ՝ որտեղ կլինեմ, բայց դեռեւս Երեւանում եմ ապրելու»։

Նա Միլանում մասնագիտական կուրս է անցել նաեւ կանանց հագուստի մոդելավորման բաժնում.«Սիրում եմ նորաձեւությունը, բայց հասկացա, որ հագուստ ստեղծել չեմ սիրում, անկեղծ ասած` համբերությունս չի հերիքում։ Նոր ֆոտոշարքի զգեստներն էլ չեմ կարել, այլ գնել եմ իմ ճաշակով։ Տարիներ առաջ, երբ ընտանիքով ապրում էինք Մոսկվայում, մասնակցել եմ հաղորդավարական դասընթացների. դեռ տասը տարի առաջ սիրում էի նկարահանվել, այդպես ընտրեցի իմ աշխատանքի ոլորտը»։

Ելենա եւ Միլենա Վարդանյանները


Միլենան նաեւ պատասխանել է մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ «Հրեշների գայլը» համացանցում քննադատում եւ ծաղրում են։ Նա սերիալում հայ աղջկա կերպարում է, որն ապրել է Ռուսաստանում եւ Իտալիայում, Երեւան է վերադարձել՝ կատարելու սպանության պատվեր. «Բոլորի ճաշակով ֆիլմ կամ սերիալ չի կարող լինել։ Հավանաբար, համացանցում վատ մեկնաբանություններ են գրում այն մարդիկ, ովքեր պարապ են։ Հանգիստ եմ վերաբերվում, ուրիշների կարծիքներից չեմ կառչում։ Կարծում եմ՝ սերիալը մեր հասարակության խնդիրների մասին է, իմ դերն ինձ դուր է եկել, քանի որ նկարահանումներին պատրաստվելիս զբաղվել եմ դուքենդո կարատեով։ Փողոցում մարդիկ ինձ դրական կարծիքներ են ասում, հաճախ տաքսիներից եմ օգտվում, վարորդներն էլ լավ խոսքեր են ասում։ Ընդհանուր առմամբ, սերիալն ինձ դուր է գալիս»։

Միլենա Վարդանյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Ելենան հայտնել էր, որ չի կարողանում հայերեն գրել ու կարդալ։ Միլենան եւս նախընտրում է ռուսերեն խոսել, բայց նշել է, որ հայերեն կարդում է.«Դժվարությամբ ու դանդաղ եմ կարդում, բայց, իհարկե, դա ավելին է, քան ընդհանրապես չիմանալը, առաջիկայում կսկսեմ ավելի շատ կարդալ։ Բացի ռուսերենից, նաեւ տիրապետում եմ իտալերենին»։

30-ամյա Միլենայի խոսքով՝ քրոջ հետ չի մրցակցում, այլ ուրախանում են միմյանց հաջողություններով: Նա ծիծաղով նշել է, որ մեկ ընտանիքում երկու դերասանուհին շատ չէ.«Նույնիսկ քիչ է։ Մեր մայրն էլ դաշնակահարուհի է, արվեստին մանկուց մոտ ենք եղել։ Կարծում եմ՝ մյուս դերասանուհիներից տարբերվում եմ իմ ազատությամբ. չեմ վախենում բաց ու համարձակ տեսարաններից։ Թատրոնում չեմ ուզում խաղալ, ինձ պատկերացնում եմ հեռուստատեսությունում»-ասել է նա:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Միլենան ասել է, որ ամուսնացած չէ, սիրտն էլ ազատ է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի եւ Միլենա Վարդանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին