×


Միհրան Ստեփանյանը՝ Լաս Վեգասում ստացած գլխավոր մրցանակի եւ նորությունների մասին

Ռեժիսոր, օպերատոր Միհրան Ստեփանյանը վերջերս ԱՄՆ-ից վերադարձել է կարեւոր մրցանակով: Նա Լաս Վեգասում տեղի ունեցած «Flame Award 2017» վիզուալ էֆեկտների մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն մասնագետ-արտիստ» տիտղոսին:

Միհրան Ստեփանյանը՝ «Flame Award 2017»-ի գլխավոր մրցանակակիր


BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում մրցանակը ստացել է ծրագիրն արտադրող «Autodesk» ընկերության կողմից, որը վիզուալ էֆեկտների, մոնտաժի ու գունաբաժանման ոլորտում առաջատարներից է. «Լինելով կինոռեժիսոր՝ ինձ հետաքրքրում է գրաֆիկայի հետ կապված ցանկացած նորարարություն։ Մոտ 5 տարի առաջ ինքս իմ ուժերով սկսեցի առցանց սովորել «Flame» ծրագիրը, որով պատրաստում եմ ֆիլմեր, տեսահոլովակներ ու գովազդներ։ Մոսկվայում ինձ հաջողվեց արտոնագիր ստանալ, քիչ-քիչ «մխրճվեցի» այս ոլորտում: Պարզվում է՝ ծրագիրն արտադրողները հետեւել են իմ աշխատանքներին, եւ ապրիլին անսպասելիորեն հրավիրեցին ստանալու մրցանակը։ Ֆանտաստիկ զգացողություն էր նրանց կողմից նկատված լինելը, քանի որ այս թանկարժեք համակարգչային ծրագիրն օգտագործում են միայն պրոֆեսիոնալները»։

Վերջին 6 տարվա ընթացքում Միհրանն աշխատել է Մոսկվայում՝ «Comedy Production»-ում, որի նախագծերից մեկն էլ «Քոմեդի քլաբ»-ն է.«Ընկերությունում զբաղվում էի հոլովակների ու գովազդների նկարահանմամբ՝ որպես օպերատոր եւ վիզուալ էֆեկտների մասնագետ, իսկ Գրիշա Գասպարյանը ռեժիսորն էր։ Բուն հաղորդման նկարահանման հետ կապ չենք ունեցել, բայց մենք ենք ստեղծել սքետչային տեսանյութերը, որոնք թողարկումների ժամանակ ցուցադրվել են։ 6 տարի աշխատելուց հետո որոշեցի Երեւան վերադառնալ, քանի որ համակարգն ու ղեկավարները փոխվեցին, բայց Մոսկվայից առ այսօր գովազդների ու հոլովակների պատվերներ լինում են»։

Դրվագներ՝ օպերատոր եւ վիզուալ էֆեկտների մասնագետ Միհրան Ստեփանյանի աշխատանքներից


Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի հետ համատեղ Միհրանը զբաղվել է Արամ MP3-ի եվրատեսիլյան «Not Alone» եւ «Help» տեսահոլովակների գրաֆիկայով.«Գրիշայի հետ աշխատանքը շարունակվում է. մայիսին Սոչիում կայացած «Տարվա երգ 2017» մրցանակաբաշխությանն աշխատել եմ որպես բեմադրող օպերատոր»։

2002 թվականից Միհրան Ստեփանյանը սկսել է տեսահոլովակներ ու տարաբնույթ տեսանյութեր նկարահանել.«Առաջինը Ռոման Մուշեղյանի հետ ստեղծել ենք Արմինկայի «Դիսկո» հոլովակը։ Մեզ միացել էր նաեւ մոնտաժող Արման Գեւորգյանը, որը Մոսկվայում հիմա լրջորեն աշխատում է ֆիլմարտադրության ոլորտում։ Նախքան Մոսկվա մեկնելս ակտիվորեն աշխատում էի հայ երգիչների հետ, բայց աշխատավայրս փոխելուց հետո, կոպիտ ասած, մոռացվեցի»։

Միհրան Ստեփանյանը՝ նկարահանման հրապարակում


Հայաստանում այժմ նա աշխատում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ. «Լիամետրաժ մի քանի ֆիլմ նկարելու ծրագրեր ունի, ես մասնակցում եմ որպես օպերատոր ու մոնտաժող։ Իրականում՝ մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, սակայն իմ ավարտելու տարիներին ֆինանսական ու տեխնիկական շատ հնարավորություն չկար, եւ օպերատորությունն ինձ օգնեց գումար աշխատել, նաեւ զարգացրեց իմ երկրորդ «աչքը»։»

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միհրան Ստեփանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին