×


“Մինիոններ”-ի գունեղ պրեմիերան “Սինեմա Սթար”-ում

“Մինիոնները” հուլիսի 9-ին ժամանել են Երեւանում ժամանցի սիրված վայր “Սինեմա Սթար”:): Երեկ կինոթատրոնը հայ փոքրիկների համար կազմակերպել էր սպասված մուլտֆիլմի հայաստանյան պրեմիերան:

"Մինիոնները" մուլտֆիլմի պրեմիրեան` "Սինեմա Սթար"-ում


Մանկական միջոցառմանը ներկա երեխաները նախքան դիտումը խաղացել են “Play Lab” խաղային լաբորատորիայում, լուսանկարվել մինիոնների հետ եւ օգտվել բանանային ու բանանի համով դեղին “Tic Tac”-ների հյուրասիրությունից: Փոքրիկ հյուրերը նաեւ նկարել են, խաղացել ծեփամածիկներով, իսկ ակվագրիմով նրանց դեմքերին ու ձեռքերին պատկերել են մուլտֆիլմի հերոսներին:

Շուրջ 1 ժամ 40 րոպե տեւողությամբ 3D մուլտֆիլմի հերոսներն արդեն միլիոնավոր տարիներ ապրում են Երկիր մոլորակում: Նրանց մոլուցքն է ծառայել գոյություն ունեցող ամենաանճոռնի անձին: Ծառայելով դինոզավրերին, Դրակուլային, փարավոններին, Նապոլեոնին` մինիոններ Քեւինը, Բոբը եւ Ստյուարտն ուղեւորվում են Նյու-Յորք, որտեղ ապրում է ոճրագործուհի Սքարլեթ Օվերքիլը, եւ ուր նրանց սպասվում է հարստություն, իշխանություն, եւ, իհարկե, արկածներ:):

"Մինիոնները" մուլտֆիլմի պրեմիրեան` "Սինեմա Սթար"-ում


Ռեժիսորներ Պիեռ Քոֆինի եւ Քայլ Բալդայի 3D անիմացիոն մուլտֆիլմը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար, հերոսներին կրկնօրինակել են Սանդրա Բալոքը, Մայքլ Քիթոնը, Ջոն Հեմը եւ ուրիշներ: Քեւինին, Բոբին եւ Ստյուարտին հնչյունավորել է հենց Պիեռ Քոֆինը:

Փոքրիկ հանդիսատեսը ոգեւորությամբ սպասում էր ֆիլմի դիտմանը: 11-ամյա Արամը BRAVO.am-ին պատմել է, որ շատ է սիրում դեղին մինիոններին, դիտել է նրանց մասնակցությամբ բոլոր մուլտֆիլմերը.“Ամենաշատը սիրում եմ Քեւինին: Նա ուժեղ է ու չար Սքարլեթից փրկում է բոլոր մինիոններին”: 8-ամյա Անին էլ ասել է, որ սիրում է նվեր ստանալ մինիոններին խորհրդանշող պարագաներ ու խաղալիքներ.“Մայրիկին խնդրել եմ, որ առաջինը նայեմ իմ սիրած հերոսների չարաճճիությունները: Արդեն ձեռքիս նկարել են իմ ամենասիրելի հերոսին՝ Բոբին”:

"Մինիոնները" մուլտֆիլմի պրեմիրեան` "Սինեմա Սթար"-ում


“Սինեմա Սթար”-ի մարքեթինգի մենեջեր Գոհար Նալբանդյանը նշել է, որ կինոթատրոնում արդեն ավանդույթ է դարձել աշխարհահռչակ մուլտֆիլմերի պրեմիերաների կազմակերպումը հատուկ երեխաների համար.“Դեռեւս երկու ամիս առաջ դեղին կերպարների սիրահարները սպասում եւ հետաքրքրվում էին այս ֆիլմով: Հետաքրքիր է, որ ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները շատ են սիրում մինիոններին եւ ոչ պակաս հաճույքով են դիտում մուլտֆիլմը: Առաջիկա օրերի տոմսերն արդեն սպառվել են”:

Ի դեպ, այս անգամ “Սինեմա Սթար”-ը հրավիրատոմսերով փակ դիտման փոխարեն կազմակերպել էր բաց պրեմիերա բոլոր ցանկացողների համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին