×


Միշոյի եւ Ալին Գոյանի դեռեւս չլսված դուետը

Սոպրանո Ալին Գոյանը եւ ռեփեր Միշոն փորձարարություն են արել՝ միասին կատարելով Կոմիտասի «Կանչե կռունկ» ստեղծագործությունը։ Դիջեյ Սերժոյի գործիքավորած երգին Միշոն ավելացրել է իր խոսքերը եւ ռեփ է կարդում։

Ալին Գոյանը


Ալին Գոյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երգն ընդգրկված է իր «Կանչե կռունկ» ձայնասկավառակում, սակայն միասին որեւէ համերգի դեռ չեն կատարել. «Ամբողջական տարբերակը համացանցում դեռ չենք տեղադրում, որ հոլովակով ներկայացնենք։ Ինձ համար դա ինքնանպատակ չէ, ուղղակի երգն ավելի ազդեցիկ կլինի տեսապատկերների միջոցով։ Այս երգը սոցիալական խնդիր է վերհանում` թե ինչպես ենք միմյանց վերաբերվում, նաեւ հայերի վերաբերմունքն այլազգիներին։ Միշոն հոլովակի նախաձեռնությունը տվել է ինձ, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ կնկարահանենք»։

Միշոն եւ Ալին Գոյանը զուգերգ կներկայացնեն


Մեր հարցին, թե ինչ արձագանք կունենա Կոմիտասի ստեղծագործության եւ ռեփի համադրությունը, օպերային երգչուհին պատասխանել է.«Ալբոմիս ժողովրդական, քնարական երգերը տարբեր ժանրերում են ստացվել՝ ռոքից, դասականից մինչեւ էլեկտրոնային ռիթմեր։ Ովքեր չեն սիրում, երբ Կոմիտասը նոր գործիքավորմամբ են ներկայացնում, կքննադատեն, ովքեր սիրում են էքսպերիմենտներ, կողջունեն։ Փորձել ենք ճաշակով մատուցել»։

Ուղիղ մեկ տարի առաջ BRAVO.am-ը անդրադարձել է «Օպերա Վիվա» երաժշտական նախագծին, որի շրջանակում Ալինն իր գործընկերների՝ Հասմիկ Հարությունյանի, Խաչիկ Բեկյանի եւ մյուսների հետ ելույթ է ունենում տարբեր բեմահարթակներում. «Մեր նախագիծը շարունակվում է, աշխատում ենք փորձառու երաժիշտների հետ, ինչի շնորհիվ նոր երգեր են ստեղծվում։ Նաեւ արտերկրից հրավեր ունենք եւ առաջիկայում համերգներով կմեկնենք Իսրայել եւ Ռուսաստան»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ալին Գոյանի եւ Միշոյի արխիվներից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին