×


Միշոն, Սերժոն, Հովոն, Ռոլանդը, Սոսը, Ֆելիքսը եւ ուրիշներ` երեք հոլովակի շնորհանդես-համերգին

Երեկ` դեկտեմբերի 11-ին, “Մեցցո” ակումբի բեմում էին Միշոն, Սերժոն, Ռոլանդ Գասպարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Կարեն Մամիկոնյանը, Գագասը եւ այլ երաժիշտներ, համերգի առիթն էլ երեք նոր տեսահոլովակի շնորհանդեսն էր: Հյուրերը դիտել են “Մի քանի հոգի” նախագծի “Ազգս չար ա”, “Ռեինկարնացիա”-ի “Սպիտակ” եւ Արտո Թունջբոյաջյանի ու A Chilla-ի “Վայելիր” երգերի տեսահոլովակները:

Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը


Համերգավար Վարշամ Գեւորգյանը նշել է, որ "22 Group"-ի նախաձեռնած համերգը ռեփերների համար յուրահատուկ է, որովհետեւ առաջին անգամ ելույթ են ունենում կենդանի նվագակցությամբ:

Մերի եւ Հովհաննես Ազոյանները


Միացյալ Նահանգներում գտնվելու պատճառով երեկոյին ներկա չէին A Chilla-ն` Նարեկը, եւ Արտո Թունջբոյաջյանը: Միսթր Ավանգարդ-ֆոլքը “Skype”-ի միջոցով ողջունել է ներկաներին, երգել է եւ հայտնել, թե ուրախ է Նարեկի հետ համագործակցության համար եւ հավանել է տեսահոլովակը:

Սերժոն եւ Սոս Ջանիբեկյանը


Դիջեյ Սերժոն BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ ռեժիսոր Արտյոմ Հովակիմյանի նկարահանած տեսահոլովակների մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո որոշել են միասին մեծ շնորհանդես-համերգ կազմակերպել. “Մենք նախապես հավաքվել ու դիտել ենք “Ազգս չար ա” կլիպը, որի վերջնական արդյունքն, ի զարմանս ինձ, բավական տպավորիչ է: Դրան անմիջական մասնակցություն ունի նաեւ Ֆելիքսը, որովհետեւ ներկա է եղել մոնտաժին: Տեսահոլովակը նկարել ենք ամիսներ առաջ, երբ A. Chilla-ն Երեւանում էր: Երբ նա մեզ հետ չէ, խումբը կիսատ է, բայց կապի մեջ ենք, բոլոր մանրամասներին տեղյակ է, քանի որ իրեն հետաքրքիր է, թե այստեղ ինչ է կատարվում”:

Միշոն եւ Ֆելիքս Խաչատրյանը


Համերգի առաջին հատվածում ելույթ են ունեցել “Մի քանի հոգի” երաժշտական նախագծի տղաները` Ռոլանդ Գասպարյանը, Միշոն, Սերժոն, Ֆելիքս Խաչատրյանը: Նախագիծը “ճանապարհ” եւ “Էս պահին”  տեսահոլովակներից հետո ներկայացնում է երրորդ տեսահոլովակը` նշելով, որ չորրորդն էլ չի ուշանա: Այնուհետեւ “Ռեինկարնացիա” խումբը հնչեցրել է արդեն հայտնի “Յար արի”, “Երեւան” եւ այլ երգեր: Երեկոն եզրափակվել է դիջեյ Սերժոյի հնչեցրած հաուս ռիթմերով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին