×


Միքայել Արամյանը՝ Երեւան այցի, ամենասիրելի վայրի եւ հայտնիության մասին

Ռուսաստանում նա ամենացանկալի փեսացուներից մեկն է, նրան արդեն ճանաչում են նաեւ հայրենիքում։ Միքայել Արամյանը վերջին օրերին Երեւանում էր եւ գլխավոր կերպարով նկարահանվել է Հայաստանի մասին ֆիլմում։ BRAVO.am-ը 25-ամյա դերասանին հանդիպել է նկարահանումների ընթացքում՝ «Իմիջ կոդ» սրահում։ Նա սիրով լուսանկարվել ու պատասխանել է մեր հարցերին։ 

Միքայել Արամյանը


1992 թվականի մայիսի 9-ին ծնված դերասանը մեկ տարեկան էր, երբ ծնողների ու եղբոր հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա հայրը նկարիչ-քանդակագործ Աշոտ Արամյանն է, որի հայտնի քանդակներից մեկին՝ Գեւորգ Էմինի արձանին, BRAVO.am-ն անդրադարձել է յոթ տարի առաջ։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեւոնը, Մոսկվայում պլաստիկ վիրաբույժ է։

Միքայելը հաճախել է իսպաներենի խորացված ուսուցմամբ դպրոց, տիրապետում է իսպաներենին, ինչպես նշեց՝ հայերեն էլ «մի քիչ» հասկանում է։ Նա արդեն դեռահասության տարիքում վստահ էր, որ ցանկանում է դերասան դառնալ։ Սովորել է Ժամանակակից արվեստների ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, 2014-ից սկսել է աշխատել Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնում:

Կինոխցիկի հետ աշխատանքային առաջին փորձն ունեցել է դեռեւս 12 տարեկանում, երբ նկարահանվել է «Шпионские игры» թրիլլերում, այնուհետեւ՝ «Как выйти замуж за миллионера», «Неравный брак», «Старый новый дом» եւ «Крёстный» ֆիլմերում։ Էպիզոդիկ դերերից հետո նրան ճանաչում բերեց Ռուսաստանի առաջին ալիքով ցուցադրվող «Лестница в небеса» սերիալ-մելոդրաման, որում մարմնավորել է գլխավոր հերոսին՝ Արտյոմին։ Նրան գուցե հիշեք նաեւ «Երկրաշարժ» ֆիլմից, որում գլխավոր հերոսուհու՝ Լիլիթի եղբոր՝ Սուրենի կերպարում է։  Ի դեպ, նկարահանվել է երգիչ Մարտ Բաբայանի, ուկրաինացի երգչուհի Ալինա Գրոսուի երգերի հոլովակներում, նաեւ պահանջված է մոդելային ասպարեզում. մասնակցում է տարբեր ապրանքանիշերի գովազդային լուսանկարահանումներին:

Միքայել Արամյանը՝ «Армен и Я» ֆիլմի նկարահանումներին


Հայաստանում նա նկարահանվում էր «Армен и Я» ֆիլմում, որի ռեժիսորը Մաքսիմ Հայրապետովն է։ Նրա խաղընկերներն են՝ Սոս Ջանիբեկյանը, «Եվրատեսիլ 2017»-ի ֆրանսիացի երգչուհի Ալման, ջազ երաժիշտ Չարլի Արմսթրոնգը, Արսեն Գրիգորյանը եւ այլք։ Նկարահանումներն անցել են Սեւանում, Գառնիում, Զվարթնոցի տաճարում, Հանրապետության հրապարակում, երեւանյան ժամանցի տարբեր վայրերում։ Պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին:

«Այս ֆիլմն ընկերության, սիրո, դավաճանության, ներողամտության եւ ավտոմրցարշավների մասին է։ Պրոդյուսերները Հայաստանից ու Ռուսաստանից են, կցուցադրվի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, նաեւ այլ երկրներում։ Կարծում եմ՝ շնորհիվ Հայաստանի տեսարժան վայրերի, ֆիլմից հետո զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի։ Ֆրանսուհի Ալմայի հետ հասցրել ենք մտերմանալ, նա առաջին անգամ էր Հայաստանում եւ առաջին անգամ էր ֆիլմում նկարվում, պետք է նշեմ, որ հրաշալի խաղընկեր էր։ Ինձ համար էլ հետաքրքիր փորձ էր, որովհետեւ առաջին անգամ եմ ֆիլմում հայերեն խոսելու»,-նշել է նա:

Միքայելը հաճախ է լինում Հայաստանում, ասում է՝ այստեղ հարմարավետ է զգում. «Երեւանն ինձ համար հարազատ է, թեեւ մեծացել եմ Մոսկվայում, որն ինձ համար տուն է, այնտեղ ամեն ինչ գիտեմ։ Բայց Հայաստանը սիրում եմ այնպես, կարծես, այստեղ եմ մեծացել»։

Միքայել Արամյանը


Երեւանում նրա ամենասիրելի վայրը Կասկադն է, ինչի հետ կապված բազմաթիվ հուշեր ունի.«Ուղղակի պաշտում եմ Կասկադը, շատ գեղեցիկ ճարտարապետություն ունի, մթնոլորտն ու մարդիկ էլ լավն են։ Օրինակ՝ Օպերայի շենքի շուրջն ինձ դուր չի գալիս, Երեւանում ընկերներիս Կասկադում եմ հանդիպում, ըստ ճաշակի՝ կարողանում ենք սնվել, սուրճ կամ գարեջուր խմել։ Իմ հայրական տունը Սարյան փողոցում է, սակայն հյուրանոցում եմ տեղավորվում, որովհետեւ բավական ժամանակ է՝ հայրս բնակարանը վերանորոգում է եւ դեռեւս չգիտի՝ երբ կավարտի»։

Մայիսի 9-ին 25-ամյակը նա ընկերների հետ նշել է Հայաստանում.«Եռօրյա տարեդարձ ստացվեց. սկզբում եղանք Սեւանում, այնուհետեւ մի հետաքրքիր ռեստորանում, «Մալխաս» ջազ ակումբում, հետո տարբեր վայրերում։ Կարեւորը՝ ռուս ընկերներս Հայաստանը հավանել են, ցանկանում են նորից այցելել, ինչն ինձ համար անկրկնելի նվեր է»։

Միքայել Արամյանի համար բուռն աշխատանքային տարի է. գարնանը Լոս Անջելեսում նկարահանվել է «Սերը հրեշտակների քաղաքում» ռուս-ամերիկյան արտադրության ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 28-ին. «Միացյալ Նահանգներում առաջին անգամ էի, վառ տպավորություններ ունեմ։ Այնտեղ նկարահանվելը հսկայական փորձ էր ինձ համար։ Սիրո գեղեցիկ պատմություն է, խաղընկերուհիս Նատալյա Ռուդովան է։ Բնականաբար, ցանկացած ֆիլմ չի կարող բոլորին դուր գալ, բայց հույս ունեմ, որ այն կգտնի իր հանդիսատեսին։ Մելոդրամայի ու կատակերգության ժանրում վատ կինոնկար չէ»։

Միքայել Արամյանը՝ «Армен и Я» ֆիլմի նկարահանումներին


Խոսելով իր հաջողության ու հայտնիության մասին՝ Միքայելը համեստորեն պատասխանել է.«Ճանաչված լինելուն քիչ, թե շատ սովորել եմ, քանի որ դերասանի աշխատանքի մի մասն է։ Նկատեցի, որ այստեղ էլ արդեն ճանաչում են, միանշանակ չեմ կարող ասել՝ ինձ համար դա հաճելի է, թե՝ ոչ, չեմ կենտրոնանում հայտնիությանս վրա։ Շուտով կրկին կայցելեմ Հայաստան, ամեն անգամ այստեղից ինձ հետ տանում եմ երկու շիշ խմիչք ու ջերմ տպավորություններ:)»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին