×


Մկոն, Սեւակ Խանաղյանը եւ Երեւանյան գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները:)

Հանրապետության հրապարակում երեկ տեղի է ունեցել տարվա ամենագունազարդ իրադարձությունը: Բազմաթիվ երեւանցիներ ու օտարերկրյա հյուրեր եկել էին՝ մասնակցելու Երեւանյան գունազարդ վազքին(YerevanColorRun2017): Անսահման գունավոր փոշեներկեր, բարձրակարգ երաժշտություն եւ ուրախ տրամադրություն. էլ ի՞նչ է պետք օրն անմոռանալի դարձնելու համար:

Երեւանյան գունազարդ վազք 2017


Եթե ձեզ հետաքրքրում է, թե որն է արդեն երրորդ տարին կազմակերպվող այս միջոցառման նպատակը՝ բացի զվարճանալն ու հաճույք ստանալը, ապա ասենք, որ նախաձեռնությունն աջակցելու է բարեգործական երկու ծրագրի: YerevanColorRun-ից ստացված միջոցների մի մասը կուղղվի՝

1. StreetWorkout-ի մասնագիտացված մարզահրապարակի կառուցմանը Երեւանի կենտրոնում, որտեղ կկարողանան անվճար մարզվել բոլոր ցանկացողները: Այս մարզահրապարակի շնորհիվ բակային սպորտը հայ երիտասարդության համար կդառնա ավելի հասանելի:

2. «Կյանքի ճանապարհ»  34 կմ անվտանգ ճանապարհի կառուցմանը (Իջեւան-Բերդ), որը միացնում է Շամշադինը ամբողջ Հայաստանին: Ճանապարհը կարող է փրկել հազարավոր մարդկանց եւ համայնքին տալ զարգանալու հնարավորություն:

Արման Մարգարյանը


Միջոցառումը մեկնարկեց ֆիտնես-նախավարժանքով, որից հետո մասնակիցները նախապատրաստվեցին վազքի: Իհարկե, մինչեւ վազելը նրանք արդեն ոտքից գլուխ գունավոր ներկերով էին պատված, բայց դա չխանգարեց, որպեսզի ամբողջ ճանապարհին նույնպես միմյանց վրա լցնեին գունավոր փոշեներկեր: Նրանք անցան  5կմ ճանապարհ, որը ներառում էր Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտա եւ Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչեւ Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը:

Վազորդների մեջ նկատեցինք նաեւ սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանին եւ, առիթը բաց չթողնելով, հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ նպատակով է միացել միջոցառմանը: Մկոն ասաց, որ իր մասնակցության հիմնական նպատակը բարեգործական նախաձեռնությանն աջակցելն է.«Նման ուրախ տոնի դեռ չէի մասնակցել. այսքան գույներ, այսքան լավ մարդիկ, եւ բոլորն ուրախ: Դեռ շատ երկար կհիշեմ այս օրը ու հաջորդ տարի կփորձեմ նորից մասնակցել: Կարեւորն այն է, որ բոլորն ի սրտե ուզում են աջակցել բարեգործական ծրագրին: Ու այդ ամենն անել այսպիսի բարձր տրամադրությամբ, հրաշալի է: Ես այստեղ եմ, որ իմ ընկերներին ու այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են իմ արվեստով, կոչ անեմ անպայման գալ, մասնակցել, որովհետեւ շատ կարեւոր հարց ենք փորձելու լուծել՝ Իջեւան-Բերդ ճանապարհի կառուցումը»,- ընդգծեց դերասանը: Նա, իհարկե, աննկատ չմնաց մասնակիցների շարքում, եւ շուտով բոլորը մոտեցան՝ գունազարդ Մկոյի հետ սելֆիներ անելու:):

Մկրտիչ Արզումանյանը՝ Երեւանյան գունազարդ վազք 2017


Ավարտելով վազքուղին՝ մասնակիցները նորից հավաքվեցին Հանրապետության հրապարակում՝ այս անգամ արդեն երաժշտական գունազարդ «հրավառությանը» ներկա գտնվելու: Նրանց այստեղ հաճելի անակնկալ էր սպասում. Երեւան էր ժամանել Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող Սեւակ Խանաղյանը: Բայց մինչ նրա բեմ բարձրանալը, տեղի ունեցավ լավագույն վազորդների պարգեւատրում: Վազքուղին առաջինը հաղթահարած երեք մասնակիցները ստացան նվեր-փաթեթներ միջոցառման գլխավոր հովանավորների կողմից:

DJ-ներ Գուեւոն ու Շանթը փորձում էին ողջ միջոցառման ընթացքում բարձր պահել մասնակիցների տրամադրությունը, բայց ուրախ մթնոլորտն իր գագաթնակետին հասավ, երբ Սեւակը վերջապես բեմ բարձրացավ: Ներկաներն, իհարկե, չէին կարող հանդուրժել, որ սիրելի երգիչը շարունակի ելույթ ունենալ այդպես մաքուր ու «անգույն»: Նրանք անմիջապես գործի անցան ու Սեւակին պատեցին իրենց մոտ եղած վերջին փոշեներկերով.«Հիմա ես նույնքան գեղեցիկ եմ, որքան դուք»,- կատակեց Սեւակը.«Անչափ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, այնքան հաճելի է մասնակցել այս ուրախ օրվան: Բոլորդ այնքան գեղեցիկ եք, ընկերներ: Ուղղակի հրաշալի է այս ամենը»:

Սեւակը, սակայն, երկար չուրախացրեց իր երկրպագուներին. Նա կատարեց միայն մի երգ իր նոր երգացանկից: Բայց մինչ բեմից հեռանալը նա առաջարկեց ներկաներին խմբակային սելֆի անել: Հավանաբար, հաշվի չէր առել, որ բեմից իջնելուն պես ստիպված է լինելու բոլորի հետ մեկ առ մեկ նկարվել:):

Սեւակ Խանաղյանը


Մասնակիցները դեռ երկար մնացին հրապարակում՝ շարունակելով ուրախանալ DJ-ների պարային ռիթմերի ներքո: Նրանք երեւի արդեն չէին էլ մտածում տուն վերադառնալու մասին, մանավանդ որ ծրագրին անտեղյակ մարդիկ ամբողջ ճանապարհին պիտի հարցուփորձ անեին, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, որ այդ վիճակում են հայտնվել:):

Նշենք, որ Գունազարդ վազքը (ColorRun) միջազգային ձեւաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: «Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին եւ երրորդ անգամ է անցկացվում մայրաքաղաք Երեւանում: Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: YerevanColorRun-ի նպատակն է Երեւանի բնակիչների ու հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի եւ զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական եւ երջանիկ զգացողություններով: Հավելենք, որ միջոցառումն իրականացվում է RunArmenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ  Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի ու Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյան/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին