×


Մկրտիչ Արզումանյան.«Չեմ պատրաստվում գնալ…»

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է «Ֆուլ Հաուս»-ում իր կերպարի, թատերական նոր գաղափարների, «Դե, ժպտա» տեսահոլովակի ստեղծման, ժպիտներ պարգեւելու անհրաժեշտության, երեխաների նախասիրությունների եւ չարտագաղթելու իր ընտրած տարբերակի մասին։

Մկրտիչ Արզումանյանը


-«Ֆուլ Հաուս»-ում նոր կերպար մարմնավորելու առաջարկն ո՞ւմ կողմից էր եւ ի՞նչը նպաստեց, որ ընդունեք այն:
-Ինչպես գիտենք, սա լինելու է սիթքոմի 7-րդ եթերաշրջանը, այսինքն՝ արդեն բավական հաջողված նախագիծ է։ Դեռ 6-րդ եթերաշրջանի ժամանակ եղավ առաջարկ Արմեն Պետրոսյանի՝ գործընկերոջս կողմից մարմնավորել ինձ շատ հոգեհարազատ կերպար, սկզբից չէի էլ մտածում, որ այն պետք է շարունակական լինի, այսինքն՝ միայն մեկ անգամ պետք է ներկայանայի, բայց սիրվեց կերպարը, եւ արդեն պաշտոնական առաջարկ եղավ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական անձնակազմին, ովքեր իսկապես մեծ գործ են արել կերպարի զարգացման համար, ինձ շատ քիչ բան էր մնում անել նկարահանման հրապարակում, որովհետեւ ամեն բան շատ լավ էր մտածված։ 

-Եթե առաջարկը չլիներ ընկերական միջավայրից, կընդունեի՞ք այն։
-Կարեւորը սցենարն է: Եթե այն հաջողված է լինում, ապա ամեն բան կստացվի: Այս դեպքում անմտություն կլիներ չընդունելը։

Մկրտիչ Արզումանյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին


-Հաճախ դերասանները փորձում են իրենց ցանկությամբ զարգացնել կերպարը, անգամ եթե սցենարը հստակ է։ Ինչպե՞ս եք Դուք վարվում։
- Ես չեմ փորձում շեղել սցենարը, որովհետեւ կարող է պատահել, որ դու այդ պահին ծիծաղեցնես, որը պետք չլինի, եւ այդպիսով սխալ հաղորդագրություն ստացվի: Չնայած՝ շատ կերպարներ կան, որոնց մեջ անհնար է իմպրովիզներ չանել, օրինակ՝ «Տնփեսա»-ում շատ էր պատահում նման բաներ. երբ Անուշավան պապիի շորերը հագնում էի, միանգամից կատակային նոր գաղափարներ էին ծնվում։ Պապիի կերպարը լավն էր` չնայած, որ շատ էր տարբերվում միջին վիճակագրական պապիներից (ծիծաղում է-հեղ.):

-Համագործակցել եք շատերի հետ, կառանձնացնե՞ք մի քանիսին։
-Բոլոր համագործակցություններից էլ մի բան ինձ հետ վերցրել եմ։ Առանձնացնեմ Սուսաննա Ալեքսանյանի հետ համագործակցությունը, իսկապես մեծ պատիվ է նրա հետ աշխատելը։ Նրանից շատ բան սովորեցի, ինչի համար շնորհակալ եմ։ Մհեր Մկրտչյան, ով շատ լավ է աշխատում դերասանի հետ: Նրա հետ համագործակցությունը ինձ մեծ փորձ տվեց։ Գերագույն հաճույք եմ ստացել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի թիմից։ Բոլորին բրավո, որովհետեւ բոլորը նվիրված էին իրենց գործին։ Կարծում եմ՝ թիմային աշխատանքի շնորհիվ ունեցանք հաղթանակ, որովհետեւ միայն այն, որ ֆիլմը հանգիստ կարող ես դիտել ընտանիքիդ հետ, որում ոչ մի գռեհիկ բան չես գտնի եւ կարող ես պարզ ճակատով դուրս գալ եւ լսել արձագանքները, իսկապես հաղթանակ է։ Մարդիկ կան, որ կես բառից իրար զգում ենք, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն է Ազոյան, երեւի չկա մի նախագիծ, որ անցած չլինենք միասին, հիանալի գործընկեր է։ Գոռը Կիրակոսյան, ում հետ աշխատեցի «Քայլ ձիով» ֆիլմի շրջանակներում։ Իր աշխատասիրությունն ու պահի տակ կողմնորոշվելու ունակությունը նպաստեց ֆիլմի հաջողությանը։

«Դե ժպտա» տեսահոլովակի նկարահանումներին


-Ստեղծվեց «Դե ժպտա»-ն։ Ինչպե՞ս հասունացավ գաղափարը։
- Գաղափարը «Մուրացան» հիվանդանոցի բժիշկներինն էր, եւ ինձ, որպես իրենց վաղեմի ընկեր, առաջարկեցին ստեղծել մի հոլովակ, որը դրական մեծ լիցքեր կփոխանցի բոլոր այն երեխաներին, ովքեր փորձում են հաղթահարել այդ ծանր հիվանդությունը։ Բնականաբար, մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկն ու մեծ եռանդով սկսեցի զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ Այդ ընթացքում  ծանոթացա հրաշալի մարդկանց հետ. իր գործի մասնագետ եւ այս  երգի հեղինակ Էդգար Ալեքսանյանի, տաղանդավոր ռեժիսոր Կարեն Ամյանի եւ լավ մարդ, տեսահոլովակի նկարիչ Դանիել Ղազարյանի հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ մեծ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ոչինչ չխնայեցին երգի ստեղծման համար։ Ի ուրախություն մեզ՝ շատ հիանալի երգ ստացվեց։ Ներգրավվեցին այն երգիչ-երգչուհիները, ովքեր սիրված էին երեխաների կողմից։ Պետք է ասեմ, որ բոլոր մասնակիցները գերծանրաբեռնված էին, բայց երգի գաղափարը լսելուց հետո, միանգամից սիրով ընդունեցին այն։ Այդ երեխաներից շատերն արդեն իրենց ընտանիքներն ունեն, եւ սա հաղորդագրություն է այն երեխաներին, ովքեր բուժման կուրսեր են անցնում, որպեսզի նրանք էլ հավատան, որ կարելի է հաղթահարել այդ դժվար հաղթահարելի հիվանդությունը։ Պետք է շփվել եւ ուշադրություն դարձնել նրանց, նրանք ունեն դրա կարիքը։ Շնորհակալություն բոլոր բժիշկներին, ովքեր իրոք շատ ծանր ու պատասխանատու աշխատանք են կատարում, իսկապես նրանց գործը շատ բարդ է։



-Այս ամենի հետ մեկտեղ ստացվե՞ց հանգստանալ։
- Այս տարի չեմ հանգստացել, ճիշտ է՝ նկարահանումները չէին պատճառը, բայց որոշ կազմակերպչական հարցեր կային, որոնք պետք էր անել։ Հանգստանալու կարիք դեռ չեմ զգում, եռանդս տեղն է (ժպտում է, – հեղ.):

-Ունեք երեխաներ, ինչպե՞ս նրանք անցկացրին ամառային արձակուրդները, ի՞նչ նախասիրություններ ունեն։
- Իմ փոխարեն այս տարի նկարահանումների մեջ էր որդիս. մասնակցեց «Նվագախմբի երեխաները» մանկական-երաժշտական նախագծին, ինչպես նաեւ սոցիալական գովազդում գլխավոր դերում հանդես եկավ, որտեղ բավական բարդ խնդիրներ էին իր առջեւ դրված: Կարծում եմ՝ հիանալի նախագիծ է, անհամբեր սպասում ենք, թե կադրում ինչպես է իրեն դրսեւորելու մեր Ալեքսանդրը։ Հիմա ապրում է դրանով, իսկ հետոն ժամանակը ցույց կտա։ Դուստրս շատ ակտիվ ու ընկերասեր է։ Սիրում է երգել, նկարել, հրաշալի ճաշակ ունի մեր Սուսիկը (ժպտում է,-հեղ.):

Մկրտիչ Արզումանյանը՝ որդու հետ


-Նոր նախագծեր, ծրագրեր, մտքեր կա՞ն։
- Թատրոնի հետ կապված նոր մտքեր կան. երկու նախագիծ կա՝ մեկը կոմերցիոն է, մասշտաբային, մյուսն ավելի փոքրածավալ։ Ինձ հարազատ է դարձել թատրոնը, իհարկե, դրա հետ մեկտեղ չմոռանալով ֆիլմարտադրության եւ հեռուստատեսության կարեւորության մասին։

-Ի՞նչը կստիպի Ձեզ լքել Հայաստանը։

- Վերջերս ֆիքսեցի հստակ մի բան, որ չեմ կարող գնալ, որովհետեւ սրանով եմ ապրում ու կցանկանամ՝ ստեղծվեն բոլոր հնարավորությունները, որ գոնե արտագաղթողներ այլեւս չլինեն, իսկ ես էլ կլարեմ բոլոր ուժերս, որպեսզի մաքսիմալ ժպիտ ու ուրախություն պարգեւեմ հանդիսատեսիս։ Չեմ պատրաստվում գնալ։

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մկրտիչ Արզումանյանի արխիվից,Վիգեն Մնոյանի եւ Բերտա Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին