×


Մհեր Բաղդասարյան.«Դրանք հարսանիքիս լուսանկարները չեն»

Շուտով կլրանա 4-րդ տարին, ինչ Մհեր Բաղդասարյանը տեղափոխվել է Լոս Անջելես։ Ամերիկաբնակ լրագրող-հաղորդավարն աշխատում է «ՊանԱրմենիան» հեռուստաընկերությունում՝ առավոտյան ծրագրում։ Մեր հեռախոսազրույցի առիթը նրա՝ քննարկման թեմա դարձած նոր ֆոտոշարքն էր, սակայն զրույցը ծավալվեց տարբեր թեմաների շուրջ։

Մհեր Բաղդասարյանը՝ հարսանեկան պրոմո-ֆոտոշարքում


Ես փեսայի կերպարում եմ, բայց ընդամենը հագուստի ապրանքանիշերի պրոմո-ֆոտոշարք է. հարսանիքիս լուսանկարները չեն։ «William and Company» միջազգային ընկերության հայ հիմնադիր Վիլյամ Ստեփանյանի առաջարկով՝ իրենց լուքբուքի վերջին 4-5 ֆոտոշարքում ես եմ նկարվել, բայց ոչ որպես ֆոտոմոդել, պարզապես՝ հաղորդավար։ Երբեւէ մոդելային գործունեություն չեմ ծավալել, նույնիսկ ծիծաղում եմ սիրողական մակարդակում իրենց մասնագետ վերագրող մարդկանց վրա։ Ես միայն լրագրող եւ հաղորդավար եմ, ինձ թույլ չեմ տա մոդել համարել։

Այս լուսանկարները վաղուց պատրաստ էին, եւ երբ տեղադրեցի «ֆեյսբուքյան» իմ էջում, ոչինչ չգրեցի։ Ծանոթներիս շնորհավորանքներից հասկացա, որ մարդիկ սխալ են հասկացել, գործընկերներս էլ կատակով շնորհավորում էին։ Իհարկե, հասկանում եմ PR հնարքներից, բայց ընդունելի եմ համարում, եթե ոչ մեկի իրավունքները չի ոտնահարվում: Չեմ կարծում, որ ապատեղեկատվությունից ինչ-որ մեկը տուժած լինի, հայոց հարց չէ՝ ես իրականում ամուսնացել եմ, թե՝ ոչ։ Թեպետ ընկերներիցս մի քանիսը նեղացած զանգել են, թե ինչու չեմ հրավիրել հարսանիքիս, իսկ Երեւանում ընտանիքիս անդամները վաղուց տեսել էին։

«PanArmenian TV»-ում առավոտյան ծրագիրը վարում եմ գործընկերուհիներիս՝ Մեգգի Գրիգորյանի, Աիդա Թորոսյանի եւ Իննա Թեւոսյանի հետ։
Մեր եթերը տեղեկատվական բնույթ ունի. քաղաքական ու տարաբնույթ լուրերը փորձում ենք ամերիկյան ձեւաչափով հաղորդել։ Վերջերս ավարտվեց նաեւ «Ադրենալին» երաժշտական նախագիծը, որի հաղորդավարն ու համապրոդյուսերն էի։ Նախագծի հաղթողը այստեղ հաճախ ելույթներ է ունենում, իսկ երկրորդ մրցանակակիր Սոնան օպերային վոկալի բաժնում մասնագիտական կրթություն է ստանում։

Մհեր Բաղդասարյանը


Ամերիկյան TV-ում աշխատելու մասին հաճախ մտածում ու երազում եմ։ Փորձեր արել եմ, մասնակցել եմ կարճ կուրսերի, կարծում եմ՝ միայն բախտի ու լավ կապերի հարց է։ Ամերիկյան մեդիայում աշխատող այլազգի ծանոթներս զարմանում են, որ պատրաստ եմ ադմինիստրատոր աշխատել իմ երազած ալիքում, զարմանում են, թե ինչպես կարող եմ հաղորդավարի «աստղային» կարգավիճակից հետո կադրից դուրս աշխատել: Նրանք ուղղակի չեն պատկերացնում, որ հայկական համայնքային հեռուստատեսության դեպքում աստղային փայլը շատ խամրած է։ Ամեն դեպքում, ինձ բախտավոր եմ համարում, անհավանական չէ։ Այս պահին ակտիվ փորձեր չեմ անում, որովհետեւ «Պանարմենիան»-ում հարմարավետ եմ զգում, միայն աշխատավարձի համար չեմ աշխատում, այլ իմ մասնագիտությամբ կարողանում եմ պիտանի գործ անել։ Նաեւ բախտավոր եմ այն առումով, որ երկրորդ աշխատանք չեմ անում, կորպորատիվների հանդիսավար չեմ, ոչ մի անգամ հարսանիք ու կնունք չեմ վարել, բայց երբեմն վարում եմ Գլենդելի քաղաքապետարանի ու տարբեր գերատեսչությունների միջոցառումները։ Հարսանիք վարելու մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, հարգանքի արժանի գործ է, ուղղակի իմը չէ. իրականում ամոթ է, երբ մարդն աշխատելու ցանկություն չունի։

Շուտով կլրանա ԱՄՆ-ում իմ բնակության չորրորդ տարին: Անկեղծ կասեմ, որ կարոտը շատ չէ, որովհետեւ տեղեկատվական հոսքերի ու սոցիալական ցանցերի շնորհիվ նորություններին տեղյակ եմ, հարազատներիս հետ կապի մեջ եմ, նաեւ Հայաստանից հաճախ հյուրընկալում ու շփվում ենք հանրային դեմքերի հետ։

Վերջին տարիներին շատերն են Հայաստանից արտագաղթում Միացյալ Նահանգներ։ Արտիստների մի մասն էլ հաճախ այցելում է, բայց մշտական չեն տեղափոխվում, այսինքն՝ արտագաղթը ձեւափոխվում է երկու երկրում ապրելուն։ Հայտնի մարդկանց համար նպաստավոր է հատկապես Լոս Անջելեսը, քանի որ հայկական լսարանը մեծ է։ Օրինակ, ինձ հոգեհարազատ է Սան Ֆրանցիսկոն, նաեւ հավանում եմ եվրոպական երկրները, բայց գիտակցում եմ, որ բացի Լոս Անջելեսից ու Մոսկվայից, հայկական այլ համայնքում չեմ կարողանա իմ մասնագիտությամբ աշխատել։ Արտիստների համար եւս այդ տարբերակն ամենահարմարն է։

Մհեր Բաղդասարյանը


Այստեղ մշտական բնակության իրավունք ունեմ. փաստաթղթային խնդիրներ չեմ ունեցել, քանի որ մեկնել եմ աշխատանքային ուղեգրով, իսկ այժմ «Գրին քարտ» ունեմ։ Չեմ բացառում, որ հետագայում կտեղափոխվեմ ուրիշ երկիր կամ կվերադառնամ Հայաստան, բայց դեռեւս չեմ պլանավորում Երեւան այցելել։ Ուզում եմ աշխատանքային այցով Երեւան գալ։

Արտագաղթողների դժվարությունները բնական են. կարոտի, ապրելու տեղի, տարրական կենցաղի, սննդի, սոցիալական տարբեր խնդիրների կարող ես բախվել ու հոգեբանորեն հաղթահարել
։ Կարծում եմ՝ տասը տեղափոխվածից ինն անցնում են բարդ ճանապարհ: Հասկանում ես, որ ընտրյալ չես, աշխարհը քո շուրջը չի պտտվում, դու էլ մյուսների նման անցնում ես այդ ուղին։ Այդ պատմությունները լրատվամիջոցներում միշտ հուզիչ են հնչում, բայց բնական ուղի է, ինչպես 1990-ականներին հայաստանցիներն են հաղթահարել մութ ու ցուրտ տարիները։

Ամերիկյան երազանքի հետքերով Նահանգներ տեղափոխվող մարդկանց իմ օրինակով կարող եմ ասել՝ ամենակարեւորը զիջումների մի գնացեք։ Բոլոր հնարավոր ու անհնարին դեպքերում միշտ պետք է փորձեք սիրելի մասնագիտությամբ աշխատել։ Ինձ հաջողակ եմ համարում, որ շարունակում եմ իմ մասնագիտությամբ աշխատել։ Տեղափոխվելու սկզբնական շրջանում համերգների կազմակերպչական հարցերով էի զբաղվում, այլ աշխատանք չունեի, իհարկե, կարող էի սպասարկման ոլորտում ինձ փորձել, բայց համբերատար երկար սպասում էի։ ԱՄՆ-ն այնպիսի երկիր է, որ եթե այլ աշխատանքով զբաղվեի, կմտնեի այդ ճահճի մեջ ու այլեւս չէի վերադառնա իմ մասնագիտությանը։ Եթե նույնիսկ շանս չունեք, միեւնույն է՝ պայքարեք։  

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մհեր Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW