×


Մհեր Խաչատրյան.«Գարիկի կերպարն ինձ ընդհանրապես հոգեհարազատ չէ»

Մասնագիտությամբ դերասան չլինելով հանդերձ՝ Մհեր Խաչատրյանը «Դոմինո» սիթքոմում իր կերպարին մարմնավորում է մասնագիտորեն, ինչը նույնիսկ կրթությամբ որոշ դերասանների մոտ այդքան լավ չի ստացվում: «Դոմինո»-ի Գարիկը` ակնոցով տղան, ոչ այնքան հմայիչ, մեզ ժպիտ է պարգեւում, իսկ մյուս կողմից՝ խղճահարություն արթնացնում: BRAVO.am-ի զրուցակիցը Մհեր Խաչատրյանն է, ով դերասանի եւ հաղորդավարի աշխատանքից բացի փորձում է իր ուժերը նաեւ  լրագրության եւ գրականության ասպարեզներում:

Մհեր Խաչատրյանը


- Մհեր, ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:

- Նախ ասեմ, որ սովորել եմ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնում: Իսկ հեռուստատեսությունում հայտնվել եմ 2012թ-ին` «ԱրմՔոմեդի» հաղորդման հայտարարած քասթինգի միջոցով:

- Հեռուստադիտողը քեզ տեսնում է ոչ միայն «Դոմինո» սիթքոմում, այլեւ երեկոյան ծրագրում։ Ըստ քեզ, միմյանց չե՞ն խանգարում:


- Այս պահին արդեն չեմ վարում երեկոյան ծրագիրը, բայց վարելու ժամանակ խանգարող ոչինչ չի եղել:

- Դու նաեւ տարբեր հետաքրքիր նյութեր ես գրում, ո՞ր ոլորտն է քեզ հոգեհարազատ, թե՞ ինքդ էլ դեռ չես կողմնորոշվել:

- Ինձ հետաքրքիր է այն ամենը, ինչով ուզում եմ զբաղվել տվյալ պահին: Այո, լինում է, որ գրում եմ, նույնիսկ մի փոքրիկ պատմվածք գրեցի, որը հայտնվեց վերածնված «Գարուն» ամսագրի առաջին համարում, ինչի համար հաճելիորեն զարմացա եւ ուրախացա:
Բայց ոլորտներից ամենահոգեհարազատն այս պահին հեռուստատեսությունն է: Տարբեր հաղորդումների գաղափարներ ունեմ, որոնք, հուսով եմ, մի օր կիրականացնեմ:

Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը եւ Սերգեյ Սարգսյանը


- «Դոմինո»-ում քո կերպարը հայտնվում է տարբեր ծիծաղաշարժ իրավիճակներում, իսկ կյանքումդ նմանատիպ իրավիճակներ եղե՞լ են, կպատմե՞ս:

- Երբ ինձ ասում են՝ «անեկդոտ պատմիր, կենաց ասա, զավեշտալի դեպք հիշիր կյանքիցդ» եւ այլն, ոչ մի բան չեմ հիշում:

- Եղե՞լ է, որ քեզ փողոցում տեսնելիս դիմեն կերպարիդ անունով, կամ, օրինակ, ցանկանան գրանցվել քեզ մոտ մերսման:


- Մերսման գրանցվող դեռ չի եղել, բայց կերպարի անունով շատ են դիմում, հատկապես երեխաները:

- Որքանո՞վ է քեզ հոգեհարազատ կերպարդ, կան նմանություններ:

- Կերպարս ընդհանրապես հոգեհարազատ չէ ու, հուսամ, նմանություններ չկան:

Մհեր Խաչատրյանը` «Դոմինո» սիթքոմի նկարահանումներին


- Ի՞նչ երազանքներ, ցանկություններ կամ նպատակներ ունեիր, երբ դեռ չէիր հայտնվել հեռուստատեսությունում, եւ ի՞նչ երազանքներ ունես հիմա:

- Մինչեւ հեռուստատեսությունում հայտնվելս, անկեղծ ասած, չեմ հիշում՝ ինչ երազանքներ ունեի, հիմա ունեմ նպատակներ, որոնք իրականանալու դեպքում կիմանաք:

- Սիթքոմում դու ամուսնացած ես, իսկ իրականում քո կյանքում կա՞ ինչ-որ մեկը:

- Անձնականից խոսում եմ միայն սեփական նախաձեռնությամբ:

- Ամենաշատը ինչի՞ց ես վախենում:

- Ամենաշատը վախենում եմ վախերս չհաղթահարելուց:

- Ինչպիսի՞ն ես տեսնում կյանքդ տարիներ անց եւ արդյո՞ք այն Հայաստանում է:


- Եթե կարողանայի ապագան տեսնել, գուցե եւ առիթ չլիներ այս հարցազրույցը տալու:

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մհեր Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին