×


Մհեր Մկրտչյանի մտավախությունը, Թամարայի` ամուսնության հետ կապված հումորը եւ «Կյանք ու կռիվ 2»-ի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները

Բազմաշերտ ուղերձներով, հերոսների հետագա կյանքի դրամայով մեծ էկրանին է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, որի փակ ցուցադրությանը երեկ ներկա էին դերասանական ու ստեղծագործական կազմը, կինոյի եւ թատրոնի ոլորտի գործընկերներն ու մամուլի ներկայացուցիչները։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային


Կինոնկարի երկրորդ մասը պատմություն է այժմյան իրականության, կերպարների ձեռքբերումների ու ձախողումների, անավարտ պատերազմի մասին, խաղում են հիմնականում թատրոնի դերասաններ՝ Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Գագիկ Մադոյանը, Թամարա Պետրոսյանը, Դմիտրի Մարյանովը, Արմեն Մարգարյանը, Դիանա Մալենկոն եւ ուրիշներ: Բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորները՝ Արմեն Մարտիրոսյանն ու Անդրանիկ Բերբերյանը։

Սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ասուլիսի սկզբում նշեց, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, բացի մեկից՝ ո՞րն է ֆիլմի ուղերձը, պարզաբանելով, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը կքաղի իրենը։ Այն հարցին, թե ֆիլմի առաջին մասի հաջողությունից հետո մտավախություն չունի, որ նորը նույնքան բուռն չի ընդունվի, ռեժիսորը խոստովանեց, որ ունի այդ մտավախությունը.«Երկրորդ մասը ոչ թե ապրիլի պատերազմի, այլ հերոսների ճակատագրերի մասին է՝ 25 տարի անց»։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային


«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանի խոսքով՝ առաջին մասը եւս Արցախյան պատերազմի մասին չէ, այլ` այդ ժամանակաշրջանում ապրող ու իրենց կյանքը դասավորել փորձող երիտասարդների մասին.«Բայց հենց պատերազմի ու մի քանի իրադարձությունների պատճառով փոխվում է նրանց կյանքն ու այլ ընթացք ստանում: Նույնը նաեւ 2-րդ մասում է. ցույց ենք տալիս, որ հիմա էլ պատերազմի մեջ ենք, անավարտ պատերազմը փոխում է երիտասարդների պլանները»։

Պրոդյուսերը նաեւ հայտնեց, որ ի սկզբանե ֆիլմի երկու մասն էլ նկարվել է հայ կինոդիտողի համար, բայց չի բացառվում, որ կներկայացնեն միջազգային կինոփառատոններին, Մհեր Մկրտչյանն էլ հավելեց, որ «Օսկար»-ի ներկայացնելու միտք բոլորովին չունեն.«Ուզում ենք ինքնատիպ լինել եւ նկարել հայկական ֆիլմեր, որոնք չեն ստեղծվում «Օսկար»-ի համար։ Պետք է նշեմ, որ ամբողջ անձնակազմը նկարահանման ժամանակ ուզում էր լավագույնն անել։ Ես կուզեի, որ ասելիքը տեղ հասներ, նաեւ օլիգարխները նայեին, որ մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվեր։ Բայց կանխագուշակելը բարդ է, չգիտեմ` ինչ արձագանք կունենա։ Մեծամիտ ու կեղծ են այն ռեժիսորները, որոնք վստահ են, թե որ ֆիլմը հաջողություն կունենա»:

Նարինե Գրիգորյանը եւ Սերգեյ Թովմասյանը


Մհեր Մկրտչյանի փոխանցմամբ՝ ինչպես առաջինի դեպքում, այս անգամ էլ ռազմական տեսարանների նկարահանման համար աշխատել են զինվորականների հետ, դերասանները նախապատրաստվել են, ունեցել է խորհրդատուներ.«Նրանց խորհուրդներին հետեւել ենք, որ վրիպումներ ու կեղծ տեսարաններ չստանանք։ Այդ պատերազմական տեսարանների ժամանակ երբեմն գնում էի ծխելու, եւ մասնագետներն էին հուշում, թե ով ինչ պետք է անի։ Առանց խորհրդատուների սա նկարելն անհնար էր։ Ֆիլմում օգտագործվել են իրական դրվագներ, մասնավորապես, կադրերում իրական հատուկ ջոկատայիններ են»։

Բաբկեն Չոբանյանը մարմնավորում է Սամվել Թոփալյանի դերակատարին՝ Արմանին.«Հատուկ ջոկատայինի կերպարում եմ, բայց չեմ մտածել, որ հավաքական կերպար եմ ստեղծում։ Ես սիրել եմ սցենարն ու իմ դերը, ինձ համար հաճելի էր ու շատ պատասխանատու, որովհետեւ առաջին մասի հերոսները սիրվել են, գոնե պիտի չխանգարենք նրանց փառքին»,-նշեց դերասանը, իսկ ռեժիսորը հավելեց. «Երբ պատերազմական գործողության ժամանակ Արմանը վիրավորվում է, թվում է, թե մահանում է։ Ձայնագրության ռեժիսորի հետ երբ առաջին անգամ «Շարմ»-ում նայում էինք այդ հատվածը, չգիտեր` ինչպես է ավարտվելու։ Շրջվեց ու ինձ ասաց՝ «Բայց ինչ տականք ես դու»։ Ես հասկացա, որ երկրորդ հերոսի մահն ինձ արդեն չեն ների»։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային


BRAVO.am-ը ներկայացրել է Թամարա Պետրոսյանի կերպարի մանրամասները, նա ֆիլմում ամուսնանում է, ինչին հումորով պատասխանեց.«Ես շատ կուզեի կյանքում էլ այդպես արագ ամուսնանալ, ինչպես ֆիլմում։ Շնորհակալություն Մհերին, որ գոնե կինոյում ինձ տրվեց այդ հնարավորությունը:)»:

Մհեր Մկրտչյանի ֆիլմի սցենարի հիման վրա «Զանգակ» հրատարակչությունը որոշել է հրատարակել երկու մասն ընդգրկող «Կյանք ու կռիվ» վեպը, որի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է: Ըստ նախանշված ժամկետի՝ գիրքը լույս կտեսնի մայիսին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին