×


Մհերի մենահամերգի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը

Օպերային թատրոնում երեկ Մհեր Մեսրոպյանի մենահամերգն էր: Նա ներկայացավ նոր ծրագրով, հնչեցին զուգերգեր Սոնայի, Լուսինե Պողոսյանի, Սոնա Սիլվերի, Սեւակ Ամրոյանի, Սոնա Ռուբենյանի եւ այլոց հետ: Երգիչը երեկոյի ընթացքում ջերմ շփվում էր հանդիսատեսի հետ` խոսելով հույզերի մասին, նաեւ պարզաբանեց, թե ինչու է ընտրել «Իմ հարսնացուն ես» խորագիրը.«Որովհետեւ ընտանիքը սկսվում է հարսնացուից: Այսօր ընտանիքների օրն է: Այս մենահամերգս յուրահատուկ խոստովանություն է»:

Մհերի մենահամերգին


Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ռոզա Ծառուկյանը, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, երգչի մայրն ու հարազատները, Սոֆի Դեւոյանը, Արամեն` կնոջ հետ, Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Էրիկը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: 6 տարի սպասել եմ այս օրվան: Այսօր հնչելու են այն բոլոր երգերը, որոնք հատուկ ինձ համար են գրվել: Յուրաքանչյուր արտիստի համար շատ կարեւոր է, որ իր համար նոր երգեր են ստեղծվում»,-նշեց Մհերը:

Արամեն` կնոջ հետ


Մադաթ Ավանեսովի եւ սաքսոֆոնահար Լիանա Օսիպյանի նվագակցությամբ երգիչը սկսեց համերգը «Kто» երգով, ապա թմբկահար աղջիկների նվագակցությամբ կատարեց «Ով է, ով է» երգը: Բոլոր կատարումներն ուղեկցվում էին պարային բեմադրություններով:

Մհերը հանդիսատեսին ներկայացրեց քույրիկին՝ Ռոզային` ասելով, որ նա առաջին քայլերն է անում երգարվեստում: Քույր եւ եղբայր ներկայացան զուգերգով, որից հետո նա ողջունեց մայրիկին.«Հայրս գործերի պատճառով չկարողացավ գալ Մոսկվայից, բայց մայրս այստեղ է: Մամ ջան, քեզ շատ եմ սիրում»: Խոստովանությանը հաջորդեց «Մայրիկ» երգի կատարումը:

Մհերը եւ Նադեժդա Սարգսյանը


Հանդիսատեսը դիտեց «Ես կամ» հաղորդաշարից փոքրիկ հատվածը: 3 տարեկանից մանկատանը հայտնված Արուսիկի երազանքն էր հանդիպել Մհերին: Ներկաների հուզմունքը կրկնապատկվեց, երբ երգիչը բեմ հրավիրեց աղջնակին, մատուցեց նվերներ եւ հատուկ նրա համար կատարեց «Բարի ծնունդ» երգը՝ ասելով, որ բոլորն անչափ ուրախ են, որ ծնվել է: Աղջիկը լաց էր լինում երջանկությունից, հանդիսատեսն էլ բարձր ծափահարություններով ոգեւորում էր նրան:

Մհերը Մշակույթի պետական քոլեջի սաների հետ կատարեց «Վերջին զանգ» երգը: Երգիչն արդեն մի քանի տարի է, ինչ դասավանդում է այնտեղ: Ելույթի ընթացքում նա պարելու հրավիրեց Նադեժդա Սարգսյանին:

Դահլիճը բուռն ընդունեց նրա եւ Սոնայի նոր` «You Are My Life» զուգերգը.«Մեծ երջանկություն է ճանաչել քեզ: Ուզում եմ, որ արվեստում ավելի մեծ բարձունքների հասնես: Ես հպարտ եմ, որ մենք ունենք Մհերի նման արտիստ»,-ասաց երգչուհին:

Մհերի մենահամերգին


Արա Գեւորգյանի նվագակցությամբ Մհերն ու Սեւակ Ամրոյանը կատարեցին «Ադանա» երգը, ապա հնչեց Էլվինա Մակարյանի «Մենություն» երգը` Կարենի եւ Սեւակի նվագակցությամբ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն տղաներին, ովքեր մեր երկրի սահմանին կանգնած պաշտպանում են բոլորիս: Շատ եմ սիրում բոլորիդ»,-ասաց նա` hամերգը Սոնա Ռուբենյանի հետ եզրափակելով «Հայաստան» երգով:

Վերջում երգիչը շնորհակալությունը հայտնեց համերգի բոլոր մասնակիցներին՝ երգիչներին, երաժիշտներին, պարային խմբերին, հանդիսատեսին` շեշտելով, որ անչափ երջանիկ է:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին