×


Մոդեռն արվեստի գլուխգործոցներն ու Լիլ Բաքի պարը՝ «Louis Vuitton»-ում

Անշուշտ, լսել եք հանրահայտ «Louis Vuitton» արվեստի հիմնադրամի մասին, որը 2015 թվականին բացելով հանրության առաջ իր ապակյա դռները, գրավեց համայն աշխարհի ուշադրությունը: Նախ՝ որովհետեւ հիմնադրամի շինության հեղինակն է մեծն ճարտարապետ Ֆրենկ Գեհրին, ում հերթական անգամ հաջողվել է ստեղծել մոնումենտալ արվեստի գործ, ապակյա ճարտարապետական հսկա: Այն շուրջ մեկ տարի հիացնում էր այցելուներին իր եթերային տեսքով, սպիտակի եւ թափանցիկության համադրությամբ, մինչեւ որ հայտնվեց ժամանակակից արվեստի մեկ այլ աստղ` Դանիել Բյուրենը, եւ առաջարկեց նոր միտք:

«Louis Vuitton» հիմնադրամի 12 առագաստները ներկվել են տարբեր գույներով


«Լույսի աստղադիտարան» կոչվող ինստալյացիայի համար «Louis Vuitton» հիմնադրամի 12 առագաստները` բաղկացած 3600 ապակյա կտորներից, ներկվեցին 12 տարբեր գույներով: Դժվար չէ պատկերացնել, թե որքան ջանք եւ հատկապես գումար ծախսվեց հիմնադրամի կողմից ժամանակավոր այս ինստալյացիայի ստեղծման համար: Սակայն արդյունքն, իհարկե, ավելի քան տպավորիչ է: Այն թույլ է տալիս օրվա տարբեր ժամերին եւ տարվա եղանակներին տեսնել շինությունը լիովին նոր լույսերի եւ արտացոլանքների մեջ: 

«Լույսի աստղադիտարան» ինստալյացիան՝ «Louis Vuitton» արվեստի հիմնադրամում


Սա «Louis Vuitton» հիմնադրամի լայնածավալ եւ ստեղծագործ ծրագրի ընդամենը մի մասն է: Այս օրերին ողջ աշխարհից արվեստասեր հանրությունը շտապում է Փարիզ` տեսնելու «Մոդեռն արվեստի գլուխգործոցներ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է Սերգեյ Շյուկինի անհատական լայնածավալ հավաքածուն: Նմուշները բերվել են Պուշկինի անվան թանգարանից (Մոսկվա) եւ Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ): Մոնե, Մատիս, Պիկասո, Գոգեն, Սեզան, Դերեն եւ տասնյակ նշանավոր այլ նկարիչների լավագույն եւ թերեւս ամենահայտնի աշխատանքները տեսնելու համար պետք է դիմանալ ժամերով տեւող հերթերին, որոնք վերսկսվում են ամեն հարկի ցուցասրահի առջեւ:

«Մոդեռն արվեստի գլուխգործոցներ» ցուցահանդեսին ներկայացված կտավներից


«Մոդեռն արվեստի գլուխգործոցներ» ցուցահանդեսի շրջանակում «Louis Vuitton» հիմնադրամի կողմից հրավիրվել է հանրահայտ պարող Լիլ Բաքը, որի չորս րոպե տեւողությամբ պարը թանգարանում եւս մեկ անգամ ապացուցում է՝ երաժշտությունը, պարը եւ գեղանկարչությունը մեկ ամուր շղթայի անբաժան մասնիկներ են:



Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին