×


Յանա Դանիելյան.«Ես եւ Սուրենը չենք բաժանվել»

Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի համար, պարզվում է, Սուրբ Վալենտինի օրն առանձնահատուկ նշանակություն ունի. զույգի սիրային հարաբերություններին սկիզբ է դրվել 7 տարի առաջ հենց այդ օրը:): BRAVO.am-ն էլ առիթն օգտագործել է ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք իրականացնելու եւ ամուսնական կյանքի մասին խոսելու համար:):

Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի ընտանիքը


«Չենք մոռանում…»

Փետրվարի 14-ը մեզ համար ոչ թե ուղղակի սիրո տոն է, այլ մեր օրն է: Ամեն տարի այն յուրովի ենք նշել` ընթրիք հաճելի երաժշտության ներքո եւ այլն: Նաեւ անպայման միմյանց հաճելի ու խորհրդանշական նվերներ ենք մատուցում եւ չենք մոռանում իրար շնորհավորել:

«Որ իր բույրը միշտ զգամ»


Սուրենի կողմից սիրո խոստովանություն ավելի վաղ էի լսել, իսկ 7 տարի առաջ փետրվարի 14-ին ակումբներից մեկում, որտեղ Հայկոն էր երգում, «Բարեւ երջանկություն» երգի ներքո հասկացանք, որ պետք է միասին լինենք: Շատ հետաքրքիր էր մեր ընկերության շրջանը: Մայրիկիս ու հայրիկիս հետ էի ապրում, եւ ամեն գիշեր Սուրենն իմ ավտոմեքենայի դռան բռնակին երկար կարմիր վարդ էր դնում: Ի դեպ, ծաղկի վրա իր օծանելիքն էր ցանում, որ իր բույրը միշտ զգամ: Փաստորեն, օծանելիքն էր պատճառը:):

«Հասկացել է, որ ինձ վրա ռոմանտիկան չի ազդում»

Ոչ ես եմ ռոմանտիկ, ոչ էլ Սուրենը: Ինքս ավելի ռեալիստ եմ. նախընտրում եմ քննարկել ու հասկանալ, թե, օրինակ, ում ինչ է պետք նվիրել: Իսկ առհասարակ, պարբերաբար համերգների ենք գնում, տարբեր երեկույթների, եւ առանց առիթի էլ Սուրենից կարող եմ ծաղիկներ ստանալ, սակայն մեր դեպքում չկա «սրտիկներ» վիճակը. դա, երեւի, 17 տարեկանների համար է: Կարծում եմ` ամուսինս էլ է հասկացել, որ ինձ վրա ռոմանտիկան չի ազդում:

Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի ընտանիքը


«Ուշադրություն չի դարձնում»

Վեճեր չենք ունենում, այլ քննարկումներ են լինում: Երբ վատ տրամադրություն եմ ունենում, հույզերից ազատվելու համար գուցե մանրուքից նյարդայնանամ, բայց Սուրենն ուշադրություն չի դարձնում. հասկանում է` գուցե ծանր օր եմ ունեցել: Ինչքան էլ զուսպ եմ երեւում, միայն ընտանիքս գիտի, թե ինչ էմոցիոնալ եմ: Առհասարակ, որեւէ հարց քննարկելիս միշտ գտնում ենք ոսկե միջինը: Չի եղել, որ երբեւէ թշնամանանք. պետք է խնդրին լուծում տալ, ոչ թե պահել լարված հարաբերություններ, եւ ոչ միայն ընտանիքում է այդպես, այլեւ աշխատանքի մեջ: Երկու տարբերակ կա` կամ ուշադրություն չդարձնել, կամ քննարկել: Ինչքան էլ ժամանակին շատ խոսեցին, քննարկեցին, բայց չի եղել շրջան, որ ես եւ Սուրենը բաժանված լինենք:

«Սուրենը շատ է ուզում տղա ունենալ»

Ընտանիքի համալրման մասին դեռ չենք մտածում. այժմ Ադելի համար շատ կարեւոր շրջան է, երբ պետք է կողմնորոշվի, ինքնահաստատվի: Գուցե հաջորդ տարի երկրորդ բալիկն ունենանք: Ադելին մեծացնելու այս շրջանն անցնի, կմտածենք նաեւ այդ մասին: Սուրենը, բնականաբար, շատ է ուզում տղա ունենալ, բայց համբերատար սպասում է:

Յանա Դանիելյանը` դստեր հետ


«Ուզում  է` միայն իրեն սիրենք»

Ադելը եղբայր կամ քույրիկ դեռ չի ուզել, երեւի պատճառն այն է, որ խանդոտ փոքրիկ է: Մշտապես ուզում է, որ միայն իր վրա ուշադրություն դարձնենք, ասում է` «միայն ինձ սիրիր», բայց մեր շնիկին` Չիկային, չի խանդում:): Աղջիկս մանկապարտեզ է հաճախում, որտեղ բացի հայերենից, սովորում է նաեւ ռուսերեն եւ անգլերեն: Նաեւ պարի ու այլ խմբակներ է հաճախում: Ասում են`շատ ընդունակ երեխա է, հիանալի լսողություն ունի: Կարծում եմ, այդ ամենը միաձուլելով` ապագայում կընտրի իր մասնագիտությունը: Դեռ ոչինչ չի ասում, բայց ես շատ եմ ուզում, որ բժիշկ դառնա: Ամբողջ օրը եւ մեզ է բուժում, եւ իր տիկնիկներին:

Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի ընտանիքը


«Զգուշանում է»

Ադելը միշտ ասում է, որ ուզում է փոքր մնալ` ինձնից չհեռանալու համար, ընդօրինակում է` ինչպես եմ հաց ուտում, կամ էլ ասում է` ուզում է ինձ պես մամա լինել: Հայրիկի հետ այլ ձեւով է շփվում. Սուրենը նրան երես է տալիս, թույլատրում շատ բաներ: Կարելի է ասել` աղջիկս ինձնից է զգուշանում, քանի որ հաճախ, երբ Սուրենը որեւէ բան թույլ է տալիս, ասում է` պապա, մաման կբարկանա:):

Աշխատանքային

Այս շրջանում վարում եմ «Ինչ եփել այսօր» ծրագիրը, որի պրոդյուսերն եմ նաեւ, իսկ Սուրենը շարունակում է աշխատել մեր շինարարական ընկերությունում եւ իրականացնում է տեխնիկական հսկողություն: Այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Any Rose» խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW