×


Յոհանա Ռիվա Կարապետյան.“Կցանկանայի այցելել Հայաստան”

“Միսս Ուրուգվայ 2014” հռչակված գեղեցկուհին գրավեց հայերի ուշադրությունն այն պարզ պատճառով, որ ունի “յան” վերջածանցով ազգանուն: 174 սմ հասակով Յոհանա Ռիվա Կարապետյանն իրավունք է ստացել Ուրուգվայը ներկայացնել “Միսս Տիեզերք 2014” գեղեցկության մրցույթում, իսկ մինչ այդ նա բացառիկ հարցազրույց է տվել BRAVO.am-ին:):

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Յոհանա, ինչպե՞ս են քո հայ նախնիները հայտնվել Հարավային Ամերիկայում:

-Հայկական արմատներ ունեմ մայրական կողմից, ինչը երեւում է իմ ազգանունից: Տատիկս եւ պապիկս Ուրուգվայ են տեղափոխվել Երեւանից: Ինչո՞ւ Ուրուգվայ, որովհետեւ շատ հանգիստ երկիր է, որտեղ կարելի է խաղաղ ապրել եւ ընտանիք կազմել:

-Ի՞նչ գիտես հայերի ու Հայաստանի մասին:

-Գիտեմ, որ 19-րդ դարի վերջից սկսած՝ հայերը շատ փորձությունների միջով են անցել: Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են ցեղասպանության, ինչի արդյունքում 1.5 միլիոն հայ է սպանվել, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ՝  հիմնականում հաստատվելով Սիրիայում եւ Լիբանանում:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Քո շրջապատում հայեր շատ կա՞ն: 

-Ուրուգվայում հայկական մեծ ու գեղեցիկ համայնք կա: Ես պահպանում եմ հայկական ավանդույթները, սիրում եմ երաժշտությունն ու ուտեստները: Ընտանիքում հայերեն ենք խոսում. ճիշտ է՝ լեզվին կատարյալ չեմ տիրապետում, բայց ամեն ինչ հասկանում եմ: Կցանկանայի այցելել Հայաստան: Ինձ շատ հետաքրքիր է տեսնել Հայաստանը եւ հայաստանցիներին:

-Ե՞րբ ես սկսել զբաղվել մոդելի կարիերայով:

-Ընդամենը 14 տարեկան էի: Այդ ժամանակ շատ էի սիրում հեռուստատեսությամբ գեղեցկության մրցույթների հետեւել, հագնում էի բարձրակրունկ կոշիկներ եւ ինձ մոդել պատկերացնում: Իսկ այսօր, փառք Աստծո, երազանքս դարձել է իրականություն, եւ այժմ իմ կարիերայի լավագույն շրջանում եմ:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Անսպասելի՞  էր “Միսս Ուրուգվայ 2014” տիտղոսին արժանանալը: 

 -Ակնկալում էի լավագույն արդյունքը: Պետք է ոչ միայն գեղեցիկ լինել, այլեւ ակտիվ ու ժպտերես, քանի որ այս տիտղոսը կրելու համար միայն մոդելային կազմվածքը բավական չէ: Իսկ ճշմարտությունն այն է, որ ինձ դուր է գալիս կրել երկու կոչումն էլ: Հավատում էի, որ կհաղթեմ, բայց այն պահին, երբ հնչեց անունս, ինձ համակեց աննկարագրելի զարմանք եւ երջանկություն:

-Հաջորդ քայլը “Միսս Տիեզերք 2014”-ն է: Պատրա՞ստ ես: Վստա՞հ ես ուժերիդ:

-Իհարկե, նման մրցույթներին մասնակցում ես միայն հաղթելու ակնկալիքով, բայց կարեւոր է նաեւ հաճույք ստանալ այդ պահերից, որոնք հետո ամբողջ կյանքումդ հիշելու ես: Պետք է լավագույնս ներկայանալ եւ երջանիկ զգալ, քանի որ արել ես հնարավոր ամեն ինչ, իսկ մնացածը թող որոշի ժյուրին: Այժմ պետք է նախապատրաստվեմ արտերկրում եւ Ուրուգվայում, որպեսզի լավ ներկայացնեմ իմ երկիրը “Միսս Տիեզերք 2014”-ում:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Կարծիքներ կան, որ մոդելային աշխարհը շատ ավելի վտանգավոր է, քան թվում է: Ի՞նչ կասես:

-Ինչպես ցանկացած այլ աշխատանք, այնպես էլ մոդելինգն ունի իր դրական եւ բացասական կողմերը: Անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես աշխատել այդ միջավայրում եւ հստակ գիտակցել, թե ինչ գաղափարներ ես հետապնդում, ինչ նպատակներ ունես եւ ինչ խնդիրներ ես քո առջեւ դրել:

-Ինչո՞վ է հագեցած առօրյադ:

-Արտերկրում աշխատում եմ որպես պրոֆեսիոնալ մոդել: Ժամանակիս մեծ մասը նվիրում եմ մասնագիտությանս, ինչպես նաեւ՝ գեղեցկության մրցույթներին: Նաեւ հագուստների ձեւավորում եմ սովորել: Դա իմ ամենասիրելի զբաղմունքներից է եւ ուղղակիորեն կապված է մասնագիտությանս հետ:

-Հանրահայտ հայերը փորձում են բարձրաձայնել Հայաստանին հուզող խնդիրները եւ իրենց հեղինակության, ազդեցության շնորհիվ հասնել դրանց լուծմանը: Քեզնից ի՞նչ քայլեր ակնկալենք:):

 -Ինձ հաճելի է, որ մարդիկ իմանան՝ ով եմ ես: Այո՛, մարդիկ պետք է իմանան իմ հայկական արմատների եւ Հայաստանի մասին:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Սիրահարվա՞ծ ես կամ ունե՞ս փեսացու: Հայ տղամարդկանց այս պահին  միայն դա է հետաքրքրում:):

-(Ծիծաղում է-հեղ.) Այո՛, ունեմ փեսացու:

-Քո մասնակցությամբ ֆոտոշարքերում գերակշռում են լողազգեստով լուսանկարները: Կա՞ որեւէ բան, որ փորձում ես այդ կերպ արտահայտել:

-Այդ նկարները միմիայն իմ աշխատանքն են: Նկարվում եմ այնպիսի ֆոտոշարքերում, որոնցում ինձ հանգիստ եմ զգում, եւ դա միայն այն դեպքում, եթե ինձ դուր է գալիս գովազդվող ապրանքը:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Քո ամենամեծ երազանքը:

-Իմ ամենամեծ երազանքը երջանիկ լինելն է ինչպես այժմ, երբ իմ առջեւ դնում եմ նպատակներ եւ հասնում դրանց: Կարծում եմ՝ դա է երջանկությունը:

-Ի՞նչ ոճի հագուստ եւ դիմահարդարում ես նախընտրում առօրյայում:

-Չեմ սիրում ամբողջ օրը դիմահարդարված լինել: Ինձ դուր է գալիս պարզությունը` հարմարավետ հագուստ եւ թեթեւ շպար: Սիրում եմ բազմազանությունը, իսկ դա կախված է տվյալ օրվա գրաֆիկից:

Յոհանա Ռիվա Կարապետյանը


-Ի՞նչ խորհուրդ կտաս մոդելային կարիերայի մասին երազող հայուհիներին:

-Բոլոր այն աղջիկներին, ովքեր ցանկանում են դառնալ մոդել կամ գեղեցկության մրցույթների թագուհի, խորհուրդս է լինել համբերատար, սահմանել նպատակներ եւ չնահանջել: Մեկ անգամ ձախողվելիս մեզ թվում է, որ դա մերը չէ, մինչդեռ ամեն ինչ իր ժամանակն ունի: Խնամեք ձեզ, բայց առանց չափն անցնելու, առողջ սնունդ օգտագործեք եւ մարզվեք:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Իսպաներենից թարգմանեց Անի Բաբայանը
Լուսանկարները` Յոհանա Ռիվա Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին