×


Նադյա Կազակովա.“Ապրեն հայերը, որ կարողացել են…”

BRAVO.am-ը ամռան սկզբին անդրադարձավ ամերիկաբնակ տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանին, ով հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով, իսկ այսօր ներկայացնում ենք նրա կնոջը` Նադյա Կազակովային: Ինքնատիպ արտաքինով բելառուսցի մոդելը ներկայում մի նախագծի շրջանակում աշխատում է Քիմ Քարդաշյանի, Նիկի Մինաժի, Ջեսիկա Սիմփսոնի եւ այլ հայտնիների հետ: Նրա հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, անձնական կյանքի ու Հայաստանի մասին:):

Նադյա Կազակովան


-Ե՞րբ մուտք գործեցիր մոդելային աշխարհ:


-Արդեն 10 տարի է, ինչ այս ոլորտում եմ: Իսկ առաջարկը ստացա, երբ մեկնել էի Միացյալ Նահանգներ` լեզու սովորելու. գրախանութում մի կին մոտեցավ ինձ եւ խորհուրդ տվեց այցելել իրենց մոդելային գործակալություն: Այդ օրվանից սկսեցի կարիերա կերտել:

-Ինչպիսի՞ն է մոդելի առօրյան:

-Շատ անկանխատեսելի: Շաբաթական ամենաքիչը երկու գործուղում եմ ունենում: Իհարկե, այդ ճամփորդություններն օգտագործում եմ նաեւ որդուս հետ ժամանակ անցկացնելու համար: Oրն, ընդհանուր առմամբ, ծանրաբեռնված է. մարզասրահ, պատրաստություններ, հանդիպումներ, հասարակական միջոցառումներ եւ այլն: Փորձում եմ գրաֆիկս այնպես կազմել, որպեսզի երեկոյան ավարտեմ աշխատանքս եւ կարողանամ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

Նադյա Կազակովան


-Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մոդել դառնալու համար:

-Պետք է կարողանաս հարմարվել թիմային աշխատանքին, ծանրաբեռնվածությանը, կտրուկ փոփոխություններին, տարբեր իրավիճակներին: Ի վերջո, մոդելային գործը դառնում է ապրելակերպ, իսկ իմ դեպքում այն նաեւ կյանքի իմաստ է:

-Աշխատանքում ամենաշատն ի՞նչն ես սիրում:

-Ստեղծագործելը, զարմացնելը, նոր ինչ-որ բան անելը: Հիմա արդեն ոչ միայն փորձում եմ ստանալ պահանջվող կերպարը, այլեւ ինքս եմ ստեղծագործում թեմայի շուրջ:

Նադյա Կազակովան


-Ամենից տպավորիչ լուսանկարահանումներդ:

-Բարդն ու ամենահետաքրքիրներից մեկը ջրում արված ֆոտոշարքն է, երբ անհրաժեշտ էր ոչ միայն կերպար կերտել, այլեւ երկար ժամանակ շունչը պահել, բայց այնպես, որ դա նկատելի չլինի: Շատ հետաքրքիր մտահղացում էր, շատ եմ սիրում այդ լուսանկարները: Հաճելի էր նաեւ հանդես գալ հանքային ջրի գովազդում. փերիի կերպարում էի, մարդիկ էլ ինձ այդպես էին ընկալում:

-Ինչպե՞ս ես համատեղում աշխատանքն ու անձնական կյանքը:

-Գրաֆիկս շատ ծանրաբեռնված է, բայց կարողանում ենք օրը ճիշտ կազմակերպել: Որդիս շատ ակտիվ երեխա է: Ամուսնուս հետ փորձում ենք նրան տարբեր ուղղություններով զարգացնել, որպեսզի հետագայում կարողանա ընտրություն կատարել: Անպայման ժամանակ ենք տրամադրում հանգստին, միասին ճամփորդում ենք:

Նադյա Կազակովան


-Ինչպե՞ս եք ծանոթացել Տիգրանի հետ:

-Հանդիպել ենք Շվեյցարիայում, որտեղ ապրում էինք այդ շրջանում: Մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ընկերը` սոցիալական ցանցերից մեկի միջոցով: Տպավորեցին նրա աշխատանքներն ու սերը նկարչության հանդեպ. Տիգրանը հոգի է դնում ամեն կտավի մեջ: Առաջինը հենց դա է գրավել ինձ:

Նադյա Կազակովան` որդու հետ


-Հայաստանի եւ հայերի մասին ի՞նչ կասես:): 

-Սիրում եմ հայկական անմիջական միջավայրը, մարդկանց ընկերական տրամադրվածությունն ու արժեքների հանդեպ ունեցած պատասխանատվությունը: Ապրեն հայերը, որ կարողացել են մինչ օրս ամուր հիմքերի վրա պահել ընտանեկան արժեքները: Դա ամենաշատն եմ գնահատում:

Զրուցեց Հայկանուշ Ալոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Նադյա Կազակովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին