×


Նազենի Հովհաննիսյան.«Կարդալուց հետո վախենում էի խոհանոցից դուրս գալ»

Նազենի Հովհաննիսյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցն ընթերցանության թեմայով է, նպատակը` բացահայտել դերասանուհի-հաղորդավարուհու եւ գրքերի շփման առանձնահատկություններն ու խորությունը, նաեւ` գրքից հեռու մարդկանց վարակել նրա օրինակով:): Սա յուրովի ուղեցույց է, թե ինչու է պետք գիրք կարդալ, ինչ է պետք կարդալ եւ ինչպես է պետք կարդալ: Նազենին անկեղծորեն պատասխանել է մեր այն հարցին` եթե ինքը գիրք լիներ, ինչ կլիներ այդ գրքի վերնագիրը:

Նազենի Հովհաննիսյանը


- Ինչո՞ւ է պետք գիրք կարդալ:
- Պետք է կարդալ մի պարզ պատճառով՝ դա աշխարհի բացահայտման ամենակարճ ճանապարհն է, նաեւ քո ներքին աշխարհի լիացման ուղին: Միշտ չէ, որ իմաստուն մարդու ես հանդիպում, որից սովորելու բան ունես, ամեն ոք չէ, որ հնարավորություն ունի ստանալ մեծ ու կարեւոր կրթություն, եւ գիրքը ինքնակրթության եւ աշխարհի նկատմամբ տեսլականի ձեւավորման լավագույն ճանապարհն է:

- Ընթերցելու տարիքը ո՞րն է:
- Ընթերցանությունն այն քիչ բաներից է, որ տարիքային սահմանափակում չունի: Եվ ամենաթանկ գիրքը, երեւի, այն գիրքն է, երբ տառերն առաջին անգամ կարողանում ես իրարից անջատել, գիրքը թերթում ես ու դա դառնում է գիտական աշխատանք: Ենթադրենք, առաջին դասարան գնացող երեխան, որը սկսում է սերտել տառերը, իր համար դա գիտության պես մի բան է. նա դառնում է բացահայտող, եւ ինչքան շուտ սկսի գիրք կարդալ, այնքան լավ, որովետեւ գիրք կարդալը սովորության պես մի բան է, որը մանկուց պետք է սերմանվի՝ սեփական օրինակով, իսկ գոռալ, ասել երեխային՝ կարդա՛, անօգուտ է:

 -Ձեր առաջին  «շփումը»  գրքի հետ ե՞րբ էր:
- Մեր ամբողջ տունը գրադարան էր, եւ մեր խաղալիքների համար երբեք տեղ չկար, ու խաղալիքներ էլ, որպես այդպիսիք, չկային. Խորհրդային Միության փլուզման փուլն էր, ու մեր տանը քնելու տեղերը զբաղեցրել էին գրքերը, եւ ուզեիր, թե՝ ոչ, ձեռքիդ տակ միշտ ինչ-որ գիրք էր հայտնվում, եւ, բնականաբար, արթնացնում էր հետաքրքրություն: Կարդալու ամենալավ տարբերակը գրքերը դասավորելն է, փոշիները սրբելը: Շատ լավ կարելի է համատեղել տնային գործերը եւ զուգահեռ գիրք կարդալ: Այդ ձգող, գայթակղող տառերի կույտը չի կարող քեզ անտարբեր թողնել, եւ երեխաների հետաքրքրասիրության առաջին դռներից է գիրքը:

Հիշում եմ՝ բացի հայ ու ռուս դասականների հատորներից, արեւմտահայ գրողների գրաշարներից, մենք ունեինք հայ դասական հեղինակների փոքրիկ գրքույկներ: Խորհրդային տարիներին ընդունված էր, օրինակ, Հովհաննես Թումանյանի «Անուշը»՝ առանձին գրքույկով հրատարակված: Ինչո՞ւ եմ դա նշում, որովհետեւ թեեւ գրքույկն արդեն քրքրված է, առայսօր պահպանել եմ, քանի որ իմ ձեռքով է այն մաշվել: Այդ փոքրիկ, կարմիր գիրքն ինձ համար երաժշտության պես մի բան էր. մայրս էր առաջին անգամ կարդացել ինձ համար… Թումանյանական աշխարհը սկզբում բացահայտում էի խաղի ձեւով, հետո միայն հասուն տարիքում հասկացա, թե ինչ ասել է՝ հանգ, ինչպիսի գեղարվեստական գեղեցիկ ոճով է նա գրել իր պոեմները, հեքիաթները: Մանուկ հասակից սիրում էի կարդալ այն ամենն, ինչ ընկնում էր ձեռքս. սկզբում թերթում էի, եւ եթե հետաքրքրում էր, «կուլ» էի տալիս այդ գիրքը, իսկ եթե չէր հետաքրքրում, չէի էլ կարդում: Իմ առաջին գրքերից էր «Փոքրիկ Մուքը»:

Նազենի Հովհաննիսյանը


-Ամենադժվար ընթերցվող գրքերը որո՞նք էին:
- «Մուսա լեռան քառասուն օրը» շատ մեծ դժվարությամբ սկսեցի ու ավարտեցի, նաեւ «Ֆորսայթների պատմությունը»:

-Ի՞նչ է պետք կարդալ:
-Պետք չէ կարդալ այն, ինչը նորաձեւ է համարվում: Հիմա շատ են ակցենտավորում որոշ ժամանակակից գրողների, ինչ է թե լինեն ժամանակի զարկերակին համահունչ: Նորաձեւության հետեւից ընկնելով՝ կարդալ այս կամ այն հեղինակին ճիշտ չէ, եթե քեզ ոչինչ չի տալու: Եվ, ի վերջո, կարդալ Մուրակամի՝ չիմանալով Հեմինգուեյ… Ես չեմ կարծում, թե Մուրակամին կունենա այն նույն ազդեցությունը, ինչ Հեմինգուեյի հիմքն ունենալու դեպքում: Սա, իհարկե, սուբյեկտիվ մոտեցում է, շատերը գուցե չընդունեն: Սյուժեի առումով աշխարհում վաղուց ամեն ինչ ասված է: Նույն բանի մասին են գրում բոլորը, բայց գրում են տարբեր կերպ: Կարծում եմ՝ նոր սերունդը փնտրում է սյուժետային էքսպրեսիվ գծեր, փոխանակ գտնի արտահայտչաձեւի առանձնահատկությունը: Օրինակ՝ Դոստոեւսկին կարեւոր մտքերը շեղատառ էր գրում եւ պահանջում էր, որ այդպես տպագրեին, այն ժամանակ դա նորություն էր: Հիմա շատերն այդ առումով ազատ են, բայց գրողի տեսակի յուրօրինակությունն է ինձ համար առավել հետաքրքիր, քան լոկ սյուժեն. միայն սյուժեն կարող է լինել լավ սցենար, եւ այդ դեպքում ես կնախընտրեմ ֆիլմը դիտել: 

- Ինչո՞ւ գիրք, այլ ոչ` ֆիլմ:
- Կինոյում հերոսներին հրամցնում են եւ երեւակայությանը տեղ չեն տալիս, իսկ գիրքը քեզ ազատ է թողնում քո երեւակայության հետ. դու ես քո ռեժիսորը, նկարիչը, ինքդ ես քեզ ստեղծողը՝ սիրածը, սիրուհին, քո կյանքի երազանքը: Եթե մի քիչ ունես ցանկություն եւ երեւակայություն, ապա այդտեղ կլողա՜ս:

- Մա՞րդն էլ է գիրք:
- Մարդը գրքերի կոլաժ է, որովհետեւ գիրքն ունի հստակ սկիզբ, ընթացք, կուլմինացիա… Իսկ մարդու կյանքը մի վայրկյանում կարող է ունենալ սկիզբ, վախճան, նա մի րոպեում կարող է ապրել կուլմինացիա, որից հետո ունենալ մեծագույն բարձրակետ եւ դրանից հետո` ուժեղ անկում:

- Ինչպե՞ս կարդալ: 
- Կյանքում մենք վազորդներ ենք, իսկ գիրք կարդալիս պետք է զբոսնել… Ես չեմ կարծում, որ գիրք կարդալիս արժե վազել, թեեւ փոքր ժամանակ արագ էի կարդում, ինչը բնորոշ է այդ տարիքին: Հիմա սիրում եմ ճեմել` ինչպես թանգարանում. արվեստների պահոցում դու գտնում ես լրիվ այլ շերտերի նրբություններ, եւ այդ նրբություններն են գրքի հիմնական համեմունքները, խորությունը: Վազելիս շատ  բան չես նկատում` թռչում ես վրայով: Բացի այդ, ես վերադարձել եմ հետաքրքիր մտքերը դուրս գրելու սկզբունքին: Մարդն ինչպես կյանքի որոշակի էտապից հետո է ռեզյումե կազմում, նույնը պետք է ընթերցած գրքից, տողից հետո անի:

Նազենի Հովհաննիսյանը


-Եթե Դուք գիրք լինեիք, ի՞նչ կլիներ այդ գրքի վերնագիրը:
-Ես գիտեմ, որ կանայք շատ են սիրում կախման կետերը, եւ իմ գրքի վրա կլիներ բազմակետ կամ մի կոնկրետ կետ՝ ելման կետ:

-Ընթերցասիրությունը մարդու գեներո՞ւմ է:
-Այո, գեներում է, բայց նաեւ` միջավայրում: Երբեմն կարող ենք տեսնել անկիրթ ընտանիքից դուրս եկած մեկին, ով սիրում է կարդալ, զարմանում ենք, բայց հաստատ այդ երեխան օրինակն ինչ-որ մի տեղ տեսել է, գենետիկ կոդում էլ կա, որը մի քանի սերունդ պահպանվում է: Կարծում եմ` ներկայիս երիտասարդությունն ազնվորեն սկսել է սիրել կարդալը, եւ հենց այն պատճառով, որ արագության դարում գիրքը, կարծես, «արգելված» լինի` չեն հասցնում, եւ հենց այդ «արգելանքը» դրդում է կարդալ` բոլորին դեմ գնալով:

- Ի՞նչ եք կարդում:
- Առաջ մինչեւ չէի ավարտում գիրքը, չէի անցնում հաջորդին: Հիմա գուցե տարիքից է կամ նախասիրություններից, բայց մի քանիսն եմ կարդում` ամեն անգամ ընտրելով ըստ օրվա ավարտի տրամադրության: Օրինակ՝ առավոտյան ես կվերցնեմ այն գիրքը, որը կիսատ եմ թողել երեկոյան, այսինքն` այդ շարունակական կապն եմ ուզում, բայց երբեմն ուզում եմ կիսատ թողնել ու անցնել այլ պատմության` ուղեղի աշխատանքը խթանելու համար, որ միեւնույն պատմությունը չլճացնի: Երբ շատ հետաքրքիր է ընթերցանությանս նյութը, փորձում եմ դանդաղ կարդալ, որ չվերջանա. լավ ֆիլմի պես է, որ ավարտվում է, տխրում եմ: Վերջերս եղավ նման բան. շատ դանդաղ էի կարդում այդ գործը, թեեւ պետք է արագ ավարտեի, որ ընկերներիցս մեկի հետ քննարկենք: Նա անհամբեր սպասում էր, բայց ես վայելելով, դանդաղ կարդում էի, իսկ երբ շատ անսպասելի ավարտվեց, նեղվեցի: Հեղինակը Պեր Լագերքվիստն էր` շատ հետաքրքիր գրող:

 - Եթե գիրք գրեիք, ինչի՞ մասին այն կլիներ:
- Մարդու: Ամենահետաքրքիր ու անսպառ թեման է: Ես գրում եմ մտքում, բայց չեմ հանձնում թղթին: Հազվադեպ մտքերս սոցիալական ցանցերում եմ հրապարակում, բայց երեւի էլ չեմ անի, որովհետեւ մեզ մոտ տարածված է գրագողությունը, եւ ես դա նկատել եմ ոչ միայն իմ, այլեւ ընկերներիս օրինակով: Եթե մարդ ինչ-որ բան է ստեղծում, պետք է շնորհակալ լինել եւ անպայման հղում տալ: Մինչ օրս, եթե որեւէ բան մեջբերում եմ, անպայման նշում եմ սկզբնաղբյուրը, եւ սա լրագրողական էթիկա չէ, այլ` մարդկային:

-Ո՞ր ստեղծագործություններն են, որ հուզել կամ ցնցել են Ձեզ:
-Շատ-շատ են: Ամենաբարդ երկու հարցից են ամենասիրելի գիրքն ու դերը: Սիրելի են դառնում կյանքիդ տվյալ հատվածում: Օրինակ, ո՞նց համեմատեմ Ռեմարկին Շեքսպիտի հետ. երկու տարբեր աշխարհներ են: Ես սիրում եմ պատմությանն անդրադառնալ: Շատ եմ սիրում Անրի Թրուայային, քանի որ նրա գրածն ընկալում ես հեքիաթի պես, բայց նա հստակ պատմական փաստերով է գրում: Սիրում եմ հայ դասականներին, բայց հոգեհարազատ է Ավետիք Իսահակյանը: Շատերին կարող եմ նշել՝  Էքզյուպերիին` իր «Փոքրիկ իշխան»-ով, Ռիչարդ Բախին` իր «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելով, Հեմինգուեյ, Մարկես… Պարտադիր ընթերցանության շարքից է Ավետարանը, որ կարելի է գտնել աշխարհի յուրաքանչյուր հյուրանոցում` անգլերեն տարբերակով, իսկ մենք մեզ համարում ենք առաջինը Քրիստոնեությունն ընդունած ա՞զգ… Ավետարանում ամեն ինչ ասված է, այն գիրք գրքոցն է:

Նազենի Հովհաննիսյանը


- Իսկ ո՞ր հեղինակներ են Ձեր մարդկային տեսակի կառուցման վրա ազդել:
- Մենք այն ենք, ինչ տեսնում ենք, կարդում ենք: Ինձ վրա էքսպրեսիվ տպավորություն է գործել «Անգլուխ ձիավորը», որը կարդալուց հետո վախենում էի խոհանոցից դուրս գալ. տանը մենակ էի ու անգլուխ ձիավորի պահն ինձ խայտառակ վախեցրել էր: Իմ պատանեկության տարիներին արկածային գրականության հնարավոր բոլոր հեղինակներին՝ ավագ Դյումայից մինչեւ որդի Դյումա, որն ընկերության, բարոյական հստակ նորմերի եւ նաեւ չգրված օրենքների մասին հրաշալի գրականություն է: Երբ փոքր էի, կարդում էի աշխարհի բոլոր ազգությունների հեքիաթները` չեխական ժողովրդական հեքիաթներ, լեհական ազգային հեքիաթներ, ուկրաինական ժողովրդական հեքիաթներ, հայկական ժողովրդական հեքիաթներ, Գրիմ եղբայրներ, Շառլ Պերրո, եւ անկախ ինձնից, այնպիսի գրական բառեր էի սովորում, որոնք առօրյայում քիչ են գործածվում: Հեքիաթների ու առակների աշխարհն է ինձ ամենաշատը ձեւավորել: Այսօր ես ուսանողներիս նույնպես հանձնարարում եմ կարդալ, եւ միասին ենք տեսնում աշխարհի փոփոխությունը: Հեքիաթն ամենաշատն է կրում ժամանակի ազդեցությունը: Ժամանակին ինձ վրա մեծ տպավորություն էր գործել «Սասունցի Դավիթ» էպոսի ամբողջական տարբերակը: Մանուկ հասակում կարդալիս ինձ միշտ զարմացնում էր այն, թե ինչու է մեր գլխավոր հերոսին պահում ուրիշը. այդ գաղթական ջիղը մեր էպոսներում շատ է, եւ ինչո՞ւ է մարդ ճնճղուկներին  վախեցնում, փոխարենը` գնար երկիրը պահելու: Եվ, այո, էպոսից դրդվելով, որպես նախնական կետ, մենք շատ բան կարող ենք փոխել մեր մեջ դեպի լավը: Էպոսի ժամանակներից մինչ այսօր որեւէ կերպ չենք փոխվել. սպասում ենք անհայտ Մհերին, որն Ագռավաքարից դուրս գա եւ մեզ փրկի, փոխանակ յուրաքանչյուրս փորձենք գործի մեջ լինել լիարժեք: Սպասել արտաքին ուժերից օգնության՝ եղել է, կա ու կմնա հայ ազգի վատ առանձնահատկություններից մեկը, ցավոք, դրա մասին մեր էպոսում վաղուց ասված է: 

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին