×


Նազենին, Սոֆին, Արմինկան, Լիլուն, Էմմին, Մարիաննան, Սիլվան եւ ուրիշներ` Անդրեի “Սարի աղջկա” շնորհանդեսին

Անդրեի “Սարի աղջիկ”-ը BRAVO.am-ն արդեն ներկայացրել է: Տեսահոլովակի թողարկման առթիվ հանգստյան օրերին երեւանյան սրճարաններից մեկում էին հավաքվել ““Սարի աղջիկը” հայկական երգ” է նախաձեռնության մասնակիցները, հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, սրահում շրջում էին տարազներով երիտասարդներ, ովքեր հյուրերին հիշեցնում էին հայկական ավանդույթները:

Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ Նազենի Հովհաննիսյանը


Նախագծի կազմակերպիչներ ադրբեջանագետ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի “PR” բաժնի ուսանողները, բլոգեր Անի Մարգարյանը ներկաներին պատմեցին, որ իրենց նպատակն է վերհանել ու հայտնի դարձնել երգի հայկական արմատները, քանի որ “Սարի աղջկա” պատկանելության հարցը վիճարկում են Թուրքիան եւ Ադրբեջանը:

Անժելա Էլիբեգովան, Անդրեն եւ Անի Մարգարյանը


Անին նշեց, որ իրենց նախաձեռնությանն արձագանք է եղել ադրբեջանական կողմց.“Իրավաբաններից մեկը փորձում էր ապացուցել, որ դա իրենց ազգային երգն է, բայց իմ ներկայացրած փաստարկներից հետո լռեց”: Անժելան էլ տեղեկացրեց, որ իրենց հաջորդ աշխատանքը կլինի հայկական տարազների ուսումնասիրությունը. “Բավական լուրջ խնդիրներ ունենք մեր ազգային հագուստի ճանաչելիության հարցում”:

Անդրեի "Սարի աղջիկ" տեսահոլովակի շնորհանդեսին


Անդրեն էլ, խոսելով “Սարի աղջկա” քավեր-տարբերակի մասին, խոստովանեց, որ երգը կատարելու առաջարկը ստանալուց հետո ամբողջ գիշեր չի քնել.“Մտքիցս դուրս չէր գալիս այս ստեղծագործությունը… Վաղ առավոտյան զանգահարեցի Նիկին, որն էլ համաձայնեց օգնել իրականացնել ձայնագրումն ու տեսահոլովակի նկարահանումը”:

Զարուհի Բաբայանը, Մարին եւ Էմմին


Նիկ Էգիբյանը BRAVO.am-ին ասաց, որ սյուժեի հիմքում երգի բառերն են.“Հոլովակի հերոսուհին սիրելի ունի, բայց ծնողներն ուրիշի հետ են ամուսնացնում”,-ասել է նա եւ հավելել.“Նպատակ չունեինք հիթ ստեղծել, մեր խնդիրն էր երիտասարդությանը ներկայացնել “Սարի աղջիկ”-ը: Հատուկ մտածված քայլ է Կոմիտասի մշակած “Սարերի հովին մեռնեմ”-ով նախաբանը: Դա արել ենք, որ եթե ունկնդիրն անգամ երաժշտական կրթություն չունի, զգա, թե որքան նման են այս երկու երգերը”:

Աիդա Արամին, Լիլուն եւ Նիկ Էգիբյանը


Հյուրերը տեսահոլովակի ցուցադրության ավարտին բուռն ծափահարություններով շնորհավորել են Անդրեին եւ նախաձեռնության մյուս մասնակիցներին: Ներկաները ստացել են նաեւ “Սարի աղջկա” տեսասկավառակները: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին