×


Նազիկ Ավդալյան.«Տղայիցս կարոտս մինչեւ հիմա չեմ առել»

Հոկտեմբերի 31-ին Նազիկ Ավդալյանը դարձել է 30 տարեկան: Ծանրամարտիկը ծննդյան օրը եղել է Երեւանում եւ Գյումրիում՝ տոնական օրն անցկացնելով ընտանիքի անդամների ու մտերիմների հետ.«Հատուկ խնջույք չեմ արել, ավելի շատ նախընտրում եմ քիչ մարդկանցով հավաքույթներ։ Չեմ կարող ասել, թե տարեդարձս չեմ սիրում, պարզապես մյուս օրերից չեմ առանձնացնում»։

Նազիկ Ավդալյանը


BRAVO.am-ի հետ զրույցում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնուհին հայտնել է, որ հաճելի բարեմաղթանքներ է լսել, շատ կարեւորում է որդու՝ Վաչեի վերաբերմունքը. «Տղաս «Ծնունդդ շնորհավոր»-ը երգեց, սպասեց երազանք մտապահեմ, որ միասին փչենք տորթի մոմերը։ Իհարկե, հաճելի էին շնորհավորանքները, հատկապես անսպասելի էր Ֆրանսիայի, Քաթարի, Բրազիլիայի հայերից զանգեր ստանալը, որոնց հետ ծանոթացել եմ մրցումների ժամանակ»։

2016 թվականը Նազիկի համար ավելի քան մարզական է. ապրիլին Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նա դարձավ Եվրոպայի չեմպիոն, այնուհետեւ Բրազիլիայում 31-րդ Օլիմպիական խաղերին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Այժմ ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ.«Քանի որ մարզիչս Գյումրիում է ապրում, հիմնականում այնտեղ էի մարզվում եւ ժամանակ չէի ունենում զբաղվել մեր տան նորոգման, կահավորման հարցերով: Հիմա դրանով ենք զբաղվում, որ առաջիկայում Երեւանում ապրենք»։

Նազիկ Ավդալյանի որդին


Նա անկեղծորեն պատմել է, որ մարզումների ընթացքում դժվարությամբ է փոքրիկից բաժանվել.«Ռիոյից վերադառնալուց հետո միայն ուզում էի լիցքաթափվել, նույնիսկ հարցազրույցներից հրաժարվում էի, որ ինձ ամբողջովին տրամադրեմ ընտանիքիս։ Երեխայից կարոտս մինչեւ հիմա էլ չեմ առել, դժվար էլ կարողանամ լրացնել մեկուկես տարվա իմ բացը։ Ամուսինս ամեն առումով կողքիս էր, իր համար էլ դժվար էր, բայց նույնիսկ երբ ինչ-ինչ պատճառներով էլ չէի ուզում պարապել, հոգեբանորեն աջակցում էր։ Այդ ժամանակ չէր արտահայտվում, միայն հիմա է ասում, որ այլ բան էր մտածում, բայց միայն ոգեւորում էր։ Ամուսինս ասել էր, եթե բժիշկների հետ խորհրդակցենք, ու ողնաշարի խնդիր չունենամ, պետք է կրկին փորձեմ ուժերս։ Նա գիտեր՝ շատ եմ ուզում պարապել, որ տարիներ անց ափսոսանքով չապրեմ»։

Թե հետագայում ինչով կզբաղվի, Նազիկը դեռ հստակ չի որոշել.«Միայն գիտեմ՝ որպես մարզիչ չեմ ուզում աշխատել, քանի որ ժամանակատար է։ Մարզիչն իր մարզիկների հետ մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, ժամանակի մեծ մասը հատկացնում է սպորտին, ինչը շատ է կտրում ընտանիքից։ Որպես մայր դա գիտակցում եմ եւ չեմ ուզում մարզիչ դառնալ»։

BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին