×


Նաիրա Գուրջինյանի 55-ամյակի խնջույքն ու թոռնիկների հետ լուսանկարները

Երգահան-երաժշտագետ, վոկալի ուսուցչուհի Նաիրա Գուրջինյանի տանն օրերս տոնական իրարանցում էր, իսկ առիթը նրա 55-ամյակն էր։ Հոբելյարը հյուրընկալել է դուստրերի ընտանիքներին, թոռնիկներին, մտերիմ ընկերուհիներին, խնամիներին, սաներին։ Բազմաթիվ երգիչների կրթող վոկալի մասնագետը BRAVO.am-ին է տրամադրել ընտանեկան լուսանկարները եւ պատմել տարեդարձի մասին:

Նաիրա Գուրջինյանը` թոռնիկների հետ


«Շատ ուրախ ու հաճելի ծնունդ անցկացրի, ամենակարեւորը` ընտանիքումս ամեն ինչ ներդաշնակ ու խաղաղ է, դրա համար էլ երջանիկ եմ։ Եթե կյանքս նորից սկսելու հնարավորություն ունենայի, նույն կերպ կապրեի, ոչինչ չէի փոխի։ Երեք թոռնիկի տատիկ եմ, տղա թոռներս դեռ փոքր են, իսկ թոռնուհիս որոշեց իմ տանը մնալ՝ ասելով, որ պետք է Նաիրայի կողքին քնի, առաջինը շնորհավորի ու համբուրի:)»,-պատմել է նա:

Նաիրայի խոսքով՝ սաներն ամեն տարի իր համար հրաշալի տոն են կազմակերպում, այս անգամ էլ «Only Girls» վոկալ-համույթի աղջիկներն են անսպասելի հյուր եկել. «Անցյալ տարի մտնելով դպրոց` տեսա, որ միջանցքում սիրուն ժապավենների վրա թղթեր են կապված, ճիշտն ասած, վատ եմ տեսնում, բայց հասկացա, որ մաղթանքներ են գրել, իրենք էլ գաղտնի տեսախցիկով նկարում էին իմ արձագանքը։): Հետո բացեցի դասարանի դուռը, բոլորը երգում էին, դաշնամուրի մեջ վարդի թերթիկներ էին… Առ այսօր պահում եմ նրանց մաղթանքները։ Ամեն խումբ մի տորթով է գալիս, վերջում մի քանի տորթ է ստացվում, հյուրասիրում եմ դպրոցի աշխատակիցներին»։

«Only Girls» խումբը` Նաիրա Գուրջինյանի տարեդարձին


Նաիրա Գուրջինյանը երաժշտական մի քանի խումբ է հիմնադրել՝ «Jazzel», «Only Girls», «Վաղորդյան կաթիլներ», «Կամերտոն» եւ այլն։ «Only Girls» աղջիկների խումբը վերջերս Բաթումում մասնակցել է «Wonderland» երգի միջազգային մրցույթ-փառատոնին եւ ստացել Գրան պրի մրցանակը.«Ճանապարհի համար թխվածք էի պատրաստել, աշակերտներս արդեն պատվիրել են` նորից թխեմ, եւ առիթ կլինի, որ նորից հավաքվենք։ Շատերը գուցե մտածեն, որ այլեւս չեմ աշխատի, բայց բեմից չեմ հեռանում, դեռ երկար կաշխատեմ. այնքան գործ ունեմ անելու։ Իմ սաների հետ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ փառատոններ, մրցույթներ, համերգներ։ Փորձում եմ արդյունավետ աշխատել, որ նրանց համար ինձ հետ հետաքրքիր լինի»։

Խոսելով նվերներից՝ վոկալի մասնագետը պատմել է.«Մարսելից ժամանած դասընկերս այցելեց ինձ շատ գեղեցիկ ծաղիկների զամբյուղով, քրոջս ամուսինն իր ձեռքով յուրահատուկ փայտե խաչ է պատրաստել։ Աշակերտներս էլ միշտ իրենց նկարած ու պատրաստած իրերն են նվիրում, որոնք խնամքով պահում եմ, եւ արդեն դնելու տեղ չունեմ»։

BRAVO.am
Լուսանկարները` Նաիրա Գուրջինյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին