×


Նաիրա Շահիրյանը՝ տարեդարձի անակնկալների եւ տարիքը չթաքցնելու մասին

Նաիրա Շահիրյանն այսօր նշում է 53-ամյակը։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին իր տարիքը բարձրաձայնելուց չի խուսափում.«Ամեն տարիքում պետք է գտնես քո հետաքրքրությունները, կարողանաս իմաստավորել։ Ինձ համար թվերը նշանակություն չունեն, 53-ը թող լինի 35, տարբերություն չկա եւ չեմ թաքցնում. կյանքում ամեն տարիք մեկ անգամ է լինում։ Կարեւորը՝ մարդ գտնի կյանքի գեղեցկությունն ու իմաստը»։

Էվելինա Շահիրյանը եւ Նաիրա Շահիրյանն՝ ամուսնու հետ


Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ ընտանիքի ու մտերիմների հետ օրը կնշի մայրիկի՝ Էվելինա Շահիրյանի տանը.«Սեփական ցանկությամբ այս անգամ հավաքույթն ինքը կկազմակերպի։ Բոլորիս հրավիրել է: Կարծում եմ՝ իմ տարեդարձն առաջին հերթին մայրիկիս տոնն է, այնուհետեւ՝ իմ։ Մեզ հյուր կգան Թատերական ինստիտուտի ընկերուհիներս, մոտ գործընկերուհիներս, այն մարդիկ, որոնց հետ սովորել ու աշխատել եմ։ Հետո մեզ կմիանան ամուսինս, տղաներս, եղբայրս, թոռնիկս: Միայն աղջիկներով չենք լինի, քանի որ շրջապատված եմ տղամարդկանցով»։

Նրա համար հիշարժան է թատրոնում նշած 50-ամյակը, որը BRAVO.am-ը լուսաբանել է.«Մեր թատերական ընտանիքի հետ անցկացրած հոբելյանս շատ գեղեցիկ անցավ։ Ավելի շատ նախընտրում եմ մտերմիկ հավաքույթները, քան ռեստորաններում մեծ շուքով նշելը։ Տարեդարձն ընտանեկան տոն եմ համարում։ Առավոտվանից գեղեցիկ մաղթանքներ եմ ստանում»։

Շահիրյանների ընտանիքը


Դերասանուհին ժպիտով է հիշում իր մանկության տարեդարձերը, նրան հատկապես տպավորել է մի դրվագ.«Խորհրդային Միության տարիներին դժվար էր երեխային յուրահատուկ նվեր գտնել, այն ժամանակ ամենահայտնի առեւտրի կենտրոնը Երեւանի «Մանկական աշխարհ»-ն էր։ Հիշում եմ՝ գերմանական տիկնիկները մեծ պահանջարկ ունեին, եւ իմ տարեդարձին այնպես էր ստացվել, որ մեր բարեկամներն ու ծնողներիս ընկերները գնել էին հենց նույն գերմանական տիկնիկը։ Նրանք գոհ էին, որ դժվարությամբ գտել էին, ես էլ արդյունքում 4-5 հատ նույն տիկնիկից ունեի:)»։

«Սիրային խառնաշփոթ», «Խենթ ու խելառ տղաներ», «Մակբեթ», «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում», «Անվերջ վերադարձ», «Համլետ»  եւ այլ ներկայացումներում զբաղված Նաիրա Շահիրյանը շարունակում է աշխատել սիրելի թատրոնում, այժմ նաեւ նկարահանվում է «ATV»-ի «Եթե գտնեմ քեզ» սերիալում. «Գլխավոր հերոս Գեւորգի մայրիկի՝ տիկին Սոֆիի կերպարում եմ։ Լավ խումբ է հավաքվել. միշտ չէ, որ միանգամից հարմարվում ես նոր թիմին»: 

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Նաիրա Շահիրյանի արխիվից 

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին