×


Նաիրան, Գոհարը, Նազիկը եւ այլ հայտնիներ` «Օրրան»-ի ցերեկույթին

Մանկական երգերով, մուլտհերոսներով, գունեղ տորթով, փուչիկներով, խաղերով ու նվերներով «Օրրան»-ի սաները նշել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Արդեն 17 տարի գործող ցերեկային խնամքի կենտրոնը կրկին կազմակերպել էր ավանդույթ դարձած ցերեկույթ` հյուրընկալելով նաեւ աջակիցներին:

Արմինե Հովհաննիսյանը` որդու եւ հարսի հետ


«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհարարական անձնակազմը երեխաների համար համբուրգեր ու աղցան էին պատրաստում՝ հյուրասիրելով նաեւ մեծահասակներին։ «Օրրան»-ի փոքրիկ սաներն ու տարեց շահառուները միասին երգել են ու պարել ներկաների համար։ Այս տարի առաջին անգամ ներկա էր նաեւ Նազիկ Ավդալյանն իր ընտանիքի հետ, հենց նա էլ երեխաների հետ կտրել է տոնական տորթը։ Հյուրերի թվում էր նաեւ դերասան Արթուր Սուքիասյանը, որն «Օրրան»-ի առաջին սաներից է եղել: Նա եկել էր կնոջ ու փոքրիկ տղայի հետ, որին Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին անվանակոչել է Րաֆֆի։

Սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներին աջակցող «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնում փոքրիկները հաճախում են դպրոցի դասերից հետո, սովորում տարբեր խմբակներում, սնվում, խաղում եւ աշխատակիցների օգնությամբ կազմակերպում իրենց ազատ ժամանցը։

Գոհար Հարությունյանը` երեխաների հետ


«Օրրան»-ի հիմնադիր-ղեկավար Արմինե Հովհաննիսյանը նշում է՝ երեխաներին երջանկացնելու բանալին նրանց սեր ու հոգատարություն ցուցաբերելն է.«Մենք նրանց տալիս ենք տաք սնունդ, ապահովում առողջական, հոգեբանական ու սոցիալական խնդիրների լուծումը, տարբեր արհեստներ են սովորում, բայց այս տարիների ընթացքում համոզվել եմ, որ ամենակարեւորը փոքրիկներին սիրելն ու հարգելն է։ Երեխաները չպետք է մուրացկանություն անեն, պետք է մանկությունը հնարավորինս լավ պայմաններում անցկացնեն ու անպայման դպրոց հաճախեն»։

BRAVO.am-ի հետ զրույցում սաները կիսվել են իրենց երազանքներով. 11-ամյա Անին «Օրրան»-ում մասնակցում է թատերական, մաքրամեի ու անգլերենի խմբակներին։ Նա երգում ու թմբուկ է նվագում. «Ամենաշատն ուզում եմ անվավոր չմուշկներ ունենալ, գույնը կապ չունի։ Մաման խոստացել է, որ կառնի, մեր փոքր եղբայրն էլ հեծանիվ է ուզում, պետք է մի քիչ մեծ առնի, որ մենք էլ կարողանանք քշել»։

Նաիրա Մովսիսյանը` դստեր հետ


16-ամյա Լիլիթն էլ օրեր առաջ ավարտել է դպրոցը, բայց դեռ կշարունակի «Օրրան» հաճախել։ Նրա պատրաստած գիրք-դրամատուփում ընկերություններից մեկը գումար էր հավաքել եւ իր հետ բերել էր հանձնելու Արմինե Հովհաննիսյանին. «Այստեղ մասնակցում եմ անգլերենի ու կավագործության դասընթացներին։ Դպրոցից հետո չգիտեմ՝ որտեղ շարունակել ուսումս, շատ-շատ եմ ուզում դիմահարդարում ու վարսահարդարում սովորել ու այդ մասնագիտությամբ աշխատել»։

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանի դուստրերը եւս պատմեցին իրենց ցանկությունների մասին։ Մելինեն ցանկանում է սմարթֆոն ունենալ` խաղեր խաղալու համար, իսկ Բիայնան երազում է Միացյալ Նահանգներում լինել, նաեւ սպիտակ կատու ու ճագար պահել:)։

Երեւանում ու Վանաձորում գործող «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների ու տարեցների համար այս տարի եւս կկայանա բարեգործական ճաշկերույթ-դրամահավաք, որի հասույթը կուղղվի նրանց առաջնային կարիքներն ու ծախսերը հոգալուն: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին