×


Նառան՝ ամուսնու, դստեր սպասվելիք հարսանիքի ու վաղվա պրեմիերայի մասին

Նառան մարտի 8-ին կներկայացնի իր նոր՝ «Սեր եւ բաժանում» երգի տեսահոլովակը։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է, երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, խոսքերը՝ Անիտա Հախվերդյանը.«Վերնագրից կարելի է մտածել՝ տխուր ավարտ ունի, բայց ուրախ երգ է։ Բաժանումից հետո սիրո նոր սկիզբ է գալիս, կյանքը շարունակվում է։ Շատ էի ուզում դրական եւ ուրախ թեմայով երգել»,-հայտնել է երգչուհին։

Նառան՝ ամուսնու եւ դստեր հետ


Հոլովակը նկարահանվել է Ջերմուկի հայտնի հանքային ջրերի ցուցասրահում՝ նոյեմբերի վերջին.«Շատ ցուրտ էր, վերջին արեւն էր, հաջորդ օրը ձյուն տեղաց, բայց ստացել ենք այնպիսի կադրեր, որոնք շատ տաք ու լավ եղանակի պատրանք են ստեղծում։ Հերոսներն ընտրվել են քասթինգի միջոցով»։

Նառան BRAVO.am-ին պատմել է կադրից դուրս կատարված մասին.«Ինչպես գիտեք, այնտեղ պատերին կտավներ են փակցված, Հրաչ Քեշիշյանը նկարիչներից մեկին խնդրեց, որ նկարահանման ընթացքում հանի, նա էլ շատ նեղվել էր, բայց ավարտին մոտեցավ ու ինձ նվիրեց իր գեղեցիկ նկարներից մեկը՝ հենց այդ պատկերասրահի տեսքով:)։ Այն հիմա մեր տան պատին է. սրտանց նվերը մեծ արժեք ունի։ Նաեւ ողջ նկարահանման ընթացքում հանքային ջուրն ըմպող անցորդներն ակամա մեր հանդիսատեսն էին, ամեն անգամ երգը վերջանալիս ծափահարում էին։ 15 անգամ երգեցի, այդքան անգամ նրանք ծափահարեցին»։

Երգչուհին շուրջ 3 տարի ոչ մի տեսահոլովակ չի ներկայացրել, սակայն համերգների մասնակցել է.«Ընտանեկան գործերով եմ զբաղված, ամռանն աղջիկս կամուսնանա, պատրաստվում ենք մեկնել հարսի զգեստն ու այլ պարագաներ գնելու։ Լավ առիթներով ենք զբաղված»։

Նառան՝ թոռնիկների հետ


Նառան երկու թոռնիկ ունի՝ որդու դուստրերն են՝ Միլան եւ Սառան.«Երաժշտական լավ լսողություն ունեն, մեծը 3 տարեկան է, փոքրը՝ 1,5։ Իմ երեխաների դեպքում չեմ ցանկացել, որ ընտրեն շոու-բիզնեսը, իսկ թոռներին արդեն իրենց ծնողները թող ուղղորդեն»։

Մեր հարցին՝ որքան են ամուսինն ու երեխաներն իրեն աջակցում երգի ասպարեզում, նա պատասխանել է.«Նոր երգս ամուսնուս դուր է եկել: Նա իմ ամեն երգ չէ, որ հավանում է։ Թեեւ ինձ համար շատ կարեւոր չէ, թե ամուսինս որը կհավանի, կարեւորը՝ ես հավանեմ:)։ Սովորաբար, իմ երգերը նա չի լսում, ինձ որպես իր կին է սիրում, իմ երգերի «ֆանատը» չէ:): Իսկ աղջիկս ու տղաս միշտ ոգեւորում են, հիմա աղջիկս մեծացել, ավելի ուշադիր է իմ աշխատանքի նկատմամբ»։

BRAVO.am
Լուսանկարները՝  Նառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին