×


Նարեկ Դուրյանի 58-ամյակի հայտնի հյուրերն ու պրեմիերան

Նարեկ Դուրյանի համար տարեդարձը նշելու լավագույն տարբերակը ներկայացման պրեմիերան է։ Երեկ՝ ապրիլի 26-ին, բեմադրիչ-դերասանի ծննդյան օրը, վերջինիս հիմնադրած «Բոհեմ» թատրոնում կայացել է «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման փակ առաջնախաղը: Հանդիսատեսի շարքերում էին ռեժիսորի մտերիմ գործընկերները, նաեւ Ֆրանսիայից ժամանած ընկերներն ու դուստրը, իսկ կուլիսային հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

Նարեկ Դուրյանի 58-ամյակին


Սցենարի համահեղինակներն են Նարեկ Դուրյանն ու ԵԹԿՊԻ-ի իր ուսանողները՝ Թելման Առաքելյանը եւ Ռաֆի Թադեւոսյանը, պրոդյուսերը Քրիստինա Հովհաննիսյանն է.«Ուսանողներս առաջարկեցին, որ միասին խաղանք, ես էլ նրանց գրած սցենարը, որը նաեւ դիպլոմային աշխատանք է, խմբագրեցի, երաժշտական ձեւավորումն արեցի, քանի որ կուրսի ղեկավարի առաքելությունն է ուսանողներին բեմ բարձրացնել, հնարավորություն ընձեռել ու ճիշտ ճանապարհի վրա դնել»։

Մեկ գործողությամբ ներկայացման հիմքում դասախոսի եւ ուսանողների փոխհարաբերություններն են, կերպարների նախատիպը հենց դերասաններն են, նրանց անունները փոխված չեն. Նարեկ Դուրյանը ներկայանում է որպես Նարեկ Օհանիչ եւ Արտաշես Գրիգորիչ, ով իր կուրսի ղեկավարն է եղել.«Ուսանողներիս խառնվածքն ու բնավորությունը փոխել ենք, որ նատուրալիզմի ու սոցռեալիզմի մեջ չմնանք։ Նոր լուծումներ ենք գտել, որ հետաքրքիր ու տարբերվող լինի։ Բավական մեծ կազմ է՝ 20-ից ավելի դերասան»,-BRAVO.am-ին պատմել է Նարեկ Դուրյանը։

«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման պրեմիերային


Դերերում են՝ Նարեկ Դուրյանը, Վարուժան Մանուկյանը, Գրիգոր Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Թամարա Պետրոսյանը, Աշոտ Քարտաշյանը, Թելման Առաքելյանը, Ռաֆի Թադեւոսյանը, Տաթեւիկ Միրումյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Արտակ Մանուկյանը, Սիրանուշ Երիկյանը, Աղվան Ավետիսյանը, Սերինե Խոդիկյանը, Արծրուն Մանուկյանը, Լուսինե Վանցյանը։

Պրեմիերայից զատ Նարեկ Դուրյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն կիսվել է ծննդյան իր խոհերով.«Իհարկե, մեծանալով սկսում եմ տխրել, որքան էլ տոն լինի, տարեդարձը հիշեցնում է, որ մոտենում եմ 60-ին, շատ ուրախանալու բան չեմ տեսնում։ Ինձ համար ամենալավ տարբերակը բեմում լինելն է. երիտասարդանում եմ ու ինձ 58 տարեկան չեմ զգում։ Շատ կուզեի, որ ամբողջ ընտանիքս հիմա Երեւանում ինձ հետ լիներ, բայց կյանքը դաժան է, պիտի համակերպվենք։ Տարիք է գալիս, երբ երեխաներն ուզում են իրենց կյանքով ապրել, ծնողները չպետք է իրենց կարծիքը պարտադրեն։ Գուցե կարեւոր գործեր ունեն, չեմ կարող ստիպել նրանց գալ միայն նրա համար, որ ծննդյանս օրն է։ Կարեւորը՝ իրենց հաջողություններին հասնեն, ինձ համար հարյուր ծնունդ կարժենա»։

Սոֆի Դեւոսյանը եւ Զարուհի Բաբայանը


Դիրիժոր-կոմպոզիտոր Օհան Դուրյանի որդին կարոտով է հիշում մանկության տարեդարձերը, հատկապես՝ 16-ամյակը.«Խորհրդային ժամանակաշրջանում 16-ը չափահասության խորհրդանիշ էր, շատ լավ հիշում եմ՝ հայրս ու մայրս թույլ տվեցին, որ ծնունդս տանը նշենք առանց իրենց՝ միայն երեխաներով։ Այդ օրն այնքան էի խմել ու հարբել, որ իմ վատ վիճակն առ այսօր հիշում եմ. երկու օր չէի կարողանում ուշքի գալ։ Մի պահ աչքերս բացելով՝ լսեցի մայրիկիս մեկնաբանությունը, թե ինչքա՜ն եմ խմել, եւ հորս հիստերիկ ծիծաղը»։

Նարեկ Դուրյանի ստացած նվերների շարքում գերակշռում են գրքերը.«Այսօր պիտանի նվերներ ստացա, նաեւ ժողովածուներ Գրողների միության կողմից։ Ուրախ եմ, որ հրատարակվում ու թարգմանվում են ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին